Օվերչուկ․ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու ինտեգրացիոն միավորումներին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցում որոշումը պատկանում է հայ ժողովրդին, սակայն Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության բնույթի փոփոխությունները։ Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ն աստիճանաբար դուրս է գալիս զուտ տնտեսական միավորման շրջանակներից և վերածվում է ռազմաքաղաքական միության, որը, նրա բնորոշմամբ, ներկայումս ագրեսիվ դիրքորոշում ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Նրա խոսքով՝ այս համատեքստում հայ հասարակությունը պետք է ինքն իրեն տա հարցը՝ արդյոք պատրաստ է նման միավորմանը միանալու։
Ռուսաստանի փոխվարչապետը կրկնել է, որ ինտեգրացիոն ուղղության ընտրությունը մշտապես եղել և մնում է Հայաստանի ժողովրդի ինքնիշխան որոշումը։ Անդրադառնալով Հայաստանի հնարավոր ընտրությանը՝ Օվերչուկը նշել է, որ որոշակի փուլում Երևանը ստիպված կլինի կայացնել ռազմավարական որոշումներ, քանի որ, նրա խոսքով, Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր ինտեգրացիոն միավորումներին։ Նա հավելել է, որ այդ հարցը քննարկվել է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, և որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս անդրադարձել է թեմային։ Օվերչուկի գնահատմամբ՝ եթե նման ընտրություն երբևէ կատարվի, այն պետք է լինի համապարփակ՝ հաշվի առնելով Եվրամիության ներկայիս զարգացումները և նրա փոփոխվող բնույթը։