«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս փորձագետի բացառիկ հարցազրույցը Ermenihaber-ին՝ հայ-թուրքական թեմայով

25/04/2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի և ճանաչման գործընթացի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների  շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է ռուս փորձագետ Անդրեյ Արեշևի հետ։

- 2021թ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչյորսյա ուղերձից հետո, երբ մի շարք կարևոր դերակատարներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ հեռանկար եք կանխատեսում ճանաչման գործընթացի համար:        

- Նախևառաջ կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ջո Բայդենն ԱՄՆ-ի առաջին նախագահը չէր, ով առաջինն օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, Բարաք Օբաման օգտագործել էր «Մեծ Եղեռն» եզրույթը, իսկ նրանից առաջ էլ Ռոնալդ Ռեյգանն  էր այն կիրառել:

Սակայն պրակտիկ քաղաքականության տեսանկյունից այս ամենն էական դեր չի խաղացել թուրք-հայկական հարաբերություններում։ Ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ, որ այս ամենն էական դեր չի խաղում արևմտյան երկրների քաղաքականության մեջ, որոնք օգտագործում են Հայկական հարցը հայ հասարակության շրջանում իրենց համակրանքը մեծացնելու համար։

Այնուամենայնիվ միևնույն ժամանակ պետք է նշել, որ այդ ամենը գրեթե ազդեցություն չունի արևմտյան տերությունների պրագմատիկ կուրսի վրա, որոնց համար Թուրքիան Մերձավոր Արևելքում առանցքային դաշնակիցներից է։ Ի դեպ, այժմ մենք տեսնում ենք, որ ուկրաինական ճգնաժամի համատեքստում Թուրքիայի հասցեին հաճոյախոսական հրապարակումների թիվը կտրուկ աճել է։

Միևնույն ժամանակ արևմտյան քաղաքական գործիչները մշտապես ընդգծում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Ի դեպ, Ռուսաստանի դիրքորոշումը մոտավորապես նույնն է այս հարցում:

Ինչպես հայտնի է, 2009-2010թթ.  ֆուտբոլային դիվանագիտության տարիներին հայ-թուրքական բանակցային գործընթացում ակտիվություն նկատվեց, և այժմ գործընթացը կրկին ակտիվացել է։ Առաջիկայում կլսենք որոշ ուժերի զգացմունքային հայտարարություններ և գործողություններ։ Սակայն այս ամենը պրակտիկ քաղաքականության վրա ազդեցություն չի ունեցել և չի էլ ունենա։

- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ճանաչման գործընթացի վրա հայ-թուրքական կարգավորման գործընթացը:    

- Կարծում եմ, որ այս ամենը բացասական հետևանքներ կունենա, քանի որ նման նախադեպեր մենք տեսել ենք նախկինում, հայ-թուրքական շփումների ակտիվացման շրջանում, որոնք ի սկզբանե նախաձեռնել էին արևմտյան դերակատարները։ 

Նրանք չէին ուզում խանգարել, իրենց կարծած դրական այն քայլերին, որոնք, ըստ էության, հնարավորություն չունեին ազդելու հայ-թուրքական գործնական բանակցությունների վրա։ Այստեղ պետք է հասկանալ, որ հայ-թուրքական բանակցությունների գործընթացում այն լավատեսությունը, որը կիսում էին թուրքական որոշ լրատվամիջոցներ, այդքան էլ ակտուալ չէ։

Կարծում եմ՝ մինչև Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք կարող են անակնկալներ մատուցել, մենք դժվար թե այստեղ որևէ առաջընթաց տեսնենք։ Եվ հարկ է նշել, որ պաշտոնական Երևանն այս հարցում  որոշակի զգուշավորություն է ցուցաբերելու հատկապես ներհայաստանյան այն քաղաքական գործընթացների համատեքստում, որոնք սպասվում են առաջիկա ամիսներին:

Օրերս մենք տեսանք Իշխան Սաղաթելյանի և մի քանի այլ քաղաքական գործիչների հայտարարությունը զանգվածային բողոքի ակցիաներ սկսելու մասին, որոնք թեև ուղղակիորեն կապված չեն ցեղասպանության խնդրի հետ, այնուամենայնիվ անուղղակիորեն կապված են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական ժամանակակից բանակցությունների և գործընթացի հետ։

Գաղտնիք չէ, որ Բաքուն հայկական ուղղությամբ իր քայլերը սերտորեն համակարգում է թուրք գործընկերների հետ։ Ցանկանում էի նաև մի քանի խոսք ասել  ընդհանուր առմամբ ցեղասպանության ճանաչման հարցում հայկական սփյուռքի դերի և պաշտոնական Երևան-սփյուռք հարաբերությունների մասին։

Մինչ 2018 թվականն, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նախկին իշխանություններին, նրանք շատ ավելի մեծ ուշադրություն էին դարձնում սփյուռքի հետ հարաբերություններին և կապերին։ Այժմ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի օրինակով մենք տեսնում ենք որոշակի դիսոնանս հայկական սփյուռքի տեղական կառույցների շրջանում, որոնք ավանդաբար համարվում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հիմնական շարժիչ ուժը:

- Հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը կրկին արդիական է դարձել հատկապես Արցախում Ադրբեջանի հետպատերազմյան քաղաքականության համատեքստում։ Որքանո՞վ են արդարացված այս մտավախությունները:

- Վերոնշյալ մտահոգությունները ես կդիտարկեի Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության համատեքստում (ավելի ճիշտ այն հատվածում, ինչն Արցախից դե ֆակտո մնացել է)։ Այստեղ պետք է նշել, որ Հայաստանի դեպքում գործում է հետևյալ սկզբունքը. անվտանգությունը պիտի ապահովվի սեփական ուժերով, այլ ոչ թե արտաքին աջակցությամբ, քանի որ եթե դու ինքդ չես կարող ապահովել քո անվտանգությունը, ուրեմն ենթարկվում ես տարբեր տեսակի. մարտահրավերների, եթե ոչ ցեղասպանական բնույթի, ապա նվազագույնը դրան մոտ բնույթի: Պետք է հասկանալ, որ տեղի է ունեցել էթնիկ զտում և ղարաբաղյան 3-րդ պատերազմի հետևանքով հայ բնակչությունը զրկվել է Լեռնային Ղարաբաղի զգալի տարածքներից:  

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button