«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանի ԱԳ նախարարների հանդիպմանը Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը

09/03/2023

ԱՊԼ խորհրդի՝ նախարարական  նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: 

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը: Արձանագրվել է, որ ժամանակակից շրջանում երկու պետությունների միջև  հարաբերությունները նշանավորվում են նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործկացությամբ: 

ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը: