Հայաստանը հրաժարվեց ընդունել Պուտինին. Փաշինյանի որոշման հետագիծը
Տարավերջին նախատեսված ԵԱՏՄ գագաթանաժողովը տեղի չի ունենա Հայաստանում: Հայկական կողմի խնդրանքով այն կկայանա այս դեկտեմբերի 25-ին` Սանկտ Պետերբուրգում: Այս մասին երեկ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Նախատեսվածի համաձայն ԵԱՏՄ գագաթնաժողովին Երևան պետք է ժամանեին տնտեսական բլոկի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում Վլադիմիր Պուտինը: Կարճ ասած, դեկտեմբերին Երևանում պետք է տեղի ունենար խոշոր իրադարձություն, որի գլխավոր դերակատրներից էր լինելու նաև գերտերության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Պուտինը վերջին անգամ Երևան էր ժամանել 2022 թվականի նոյեմբերի 22-ին: Նրան Փաշինյանն անձամբ էր դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում: Այդ ժամանակ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր հյուրընկալեց ռազմական դաշինքի անդամ երկրների ղեկավարներին: Երկու տարի անց Հայաստանը լինելով արդեն ԵԱՏՄ նախագահող երկիր ըստ էության հրաժարվեց ընդունել Պուտինին և տնտեսական կառույցի մյուս անդամ երկրների ղեկավարներին: Ինչո՞ւ Հայաստանը և մասնավորապես վարչապետ Փաշինյանը գնաց մեծ հաշվով կտրուկ քայլի: Վերլուծելով Փաշինյանի որոշումը մի քանի կարևոր դիտարկում անենք:
2023 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունեց Հռոմի ստատուտի վարերացման մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին: Հայաստանի կողմից Հոռմի ստատուտի վավերացումը կոշտ արձագանքի էր արժանացել Ռուսաստանի կողմից: «Կասկածում ենք և հենց սկզբից կասկածել ենք, թե երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին կոռեկտ է։ Նախկինի պես գտնում ենք, որ դա ոչ կոռեկտ որոշում է», - հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Այս համատեքստում Վլադիմիր Պուտինի Երևան ժամանելը լուրջ խնդիր կարող էր ստեղծել Փաշինյանի իշխանության համար: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանի համար Պուտինի անխոչընդոտ Երևան ժամանելը կարող էր բավական կոշտ արձագանք ստանալ:
Պուտինի Երևան ժամանելը իշխանությունների համար խնդիրներ կարող էին առաջացնել մեկ այլ տեսանկյունից: Իշխանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջին տարիներին բազմիցս է խոսվում Ռուսաստանի կողմից ընդիմադիր շրջանակներին ուղղորդելու` նույնիսկ հեղափոխության փորձերի մասին: Ենթադվում է, որ Պուտինի Երևան գալը կարող էր լրացուցիչ լիցքեր հաղորդել այսպես կոչված ռուսամետ ուժերին ինչն իր հերթին լարվածության ալիք կբարձրացներ ներքաղաքական դաշտում:
Կարճ ասած ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանից` Սանկտ Պետերբուրգ տեղափոխելով Փաշինյանը խուսափեց երկու լուրջ խնդրի առաջ կանգնելուց: Ամեն դեպքում, աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին չի կարելի բացառել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում չանցկացնելու որոշումը կարող է ունենալ նաև ավելի խորքային պատճառ:
Ավելի ստույգ, Ուշակովի երեկվա հայտարարությանը հաջորդեց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության այսօր տարածած հաղորդագությունը, ըստ որի Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանը:
«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունով համոզում ենք, որ Միացյալ Նահանգները չեն հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակը», - նշել է Արտաքին հետախուզության ծառայությունը։
Եթե հիմք ընդունենք, այս հայտարարությունը կստացվի, որ Արևմուտքն ակտիվ գործըթաց է սկսել Հայաստանում: Գործընթաց, որի ժամանակ Ռուսաստանի և վերջինիս դաշնակից պետությունների ղեկավարների ներկայությունը Հայաստանում ամենևին էլ ցանկալի չէ: Համադրելով վերջին զարգացումները հանգում ենք այն եզրակացությանը, որ ռուսական կողմն անուղղակիորեն ակնարկում է, որ Հայաստանը ԵԱՏՄ գագաթնաժողովը հյուրընկալելուց հրաժարվել է արևմուտքի ճնշման ներքո:
https://auroranews.am/