
ԱՄՆ-ն կարող է «անել բաներ, որոնք վատ կլինեն ՌԴ-ի համար»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը, եթե վերջինը չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30-օրյա հրադադարին, գրում է The Guardian-ը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Թրամփին կոչ էր արել կոշտ քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան չաջակցի Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպման ժամանակ համաձայնեցված 30-օրյա հրադադարին։
«Եթե Պուտինը հրաժարվի, կարծում եմ՝ կարող ենք կոշտ քայլերի հույս ունենալ։ Ես մանրամասները դեռ չգիտեմ, բայց մենք խոսում ենք պատժամիջոցների և Ուկրաինայի հզորացման մասին»,- երեքշաբթի ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթվա վերջին կլինի Մոսկվայում:
Թրամփը ուղղակիորեն չի խոստացել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինը չստորագրի համաձայնագիրը, բայց ասել է, որ կարող է «ֆինանսապես անել այնպիսի բաներ, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար»:
«Ես չեմ ուզում դա անել, քանի որ ուզում եմ խաղաղության հասնել», - ընդգծել է ԱՄՆ նախագահը: