«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ժողովուրդ»

22/07/2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին կհավաքվեն՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է:

Նշենք, որ նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: Ուշագրավ է, սակայն, որ Ազգային ժողովն արդեն արձակուրդում է գտնվում: Դրանից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել, որով պատգամավորներին արձակուրդ էր տրամադրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին այդ նիստին ներկայություն ապահովելու նպատակով: Որոշման մեջ ասվում է. «Ազգային ժողովի խորհրդի անդամներին մեկ օրով՝ 2022 թվականի հուլիսի 22-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ 2022 թվականի հուլիսի 25-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդի մնացած մասը»:

Հավելենք, սակայն, որ ընդդիմադիրները՝ Թագուհի Թովմասյանը, Հայկ Մամիջանյանը, Սեյրան Օհանյանը, խորհրդի նիստին, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի, թեեւ, նախորդ մեր համարներում գրել էինք, իշխող ՔՊ-ն էլ չի գնա մանդատներից ընդդիմությանը զրկելու ճանապարհով. եվրոպական կողմից վատ արձագանք է եղել այդ մտադրության առիթով:

Սցենարները երեքն են՝ կա՛մ ՔՊ-ն առհասարակ ՍԴ չի դիմի, կա՛մ դատարանն այդ դիմումները չի բավարարի, կա՛մ էլ կբավարարի մասնակի մի քանի պատգամավորների աչքը վախեցնելու համար ընդամենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում