«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հուսանք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կկայացնի հավասարակշռված որոշում. ՀԱՊԿ քարտուղար

28/11/2025

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղեկացնում է Հայաստանին կայացվող որոշումների մասին, և Երևանը չի խոչընդոտում դրանց։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Մենք քարտուղարության մակարդակով նրանց տեղեկացնում ենք քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում։ Այս բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են, և մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը»,-բացատրեց նա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Հուսանք, որ որոշակի ժամանակ անց (Հայաստանի) քաղաքական ղեկավարությունը կկայացնի հավասարակշռված որոշում, և մենք միասին կշարժվենք առաջ»,-հավելեց Տասմագամբետովը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Հայաստանի հարցը պարբերաբար բարձրացվում է ոչ միայն Հավաքական անվտանգության խորհրդի նիստերում և մամուլի ասուլիսներում, այլև այն օրակարգում է լրագրողների հետ գործնականում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ»։

Նա նշեց, որ «Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է և իրավունք ունի միանալ որոշակի կազմակերպությունների կամ կասեցնել իր գործունեությունը դրանցում»։