«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը. ԱԱՏՄ-ն պարզաբանում է

18/09/2020

Հիմք ընդունելով ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը, ինչպես նաև քաղաքացիներից հաճախակի ստացվող հարցերը, մասնավորապես, գործատուի կողմից աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու առնչությամբ՝ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը: Ըստ այդմ՝ 

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե Աշխատանքային օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

2. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

3. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

Վերջին շուրջ 2 ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է մոտ 5 տասնյակ դիմում-բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։

Դիմում-բողոքները եղել են բազմաբնույթ, բայց զգալի մասը վերաբերել է՝

- հարկադիր պարապուրդին.

- աշխատավարձերը չհաշվարկելուն, չվճարելուն.

- վերջնահաշվարկ չկատարելուն.

- առանց աշխատողների համաձայնության չվճարվող արձակուրդ տրամադրելուն.

- աշխատանքից անհիմն ազատելուն:

Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքին առնչվող դիմում-բողոքների հիման վրա հարուցվում են վարչական վարույթներ, որոնց ընթացքում աշխատանքային օրենսդրության խախտումներ արձանագրելու դեպքում դրանք վերացնելու և արդյունքում աշխատողների աշխատանքային խախտված իրավունքները վերականգնելու նպատակով տրվում են կարգադրագրեր։