«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատմություն կերտելու պահը.

22/05/2022

Անկախ Հայաստանը, ոչ էլ Խորհրդային Հայաստանը երբեք չեն հյուրընկալել միջազգային կարգի նմանատիպ խոշորամասշտաբ մրցաշարեր, ինչպես օրինակ, բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունն է:

Նորանկախ մեր երկրի 30-ամյա պատմության մեջ Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ և մրցանակակիրներ ունեցել է: Հայկական բռնցքամարտի «դպրոց»-ը երբեմն փայլել է իր ներուժով, երբեմն պարզապես մնացել անկյունագծում:

Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որով գուցե և հիմք կդրվի մեր երկրի տեղը աշխարհի սպորտային քարտեզում մեծացնելու գործընթացին: Մենք կարող ենք ինչպես կազմակերպել նմանատիպ խոշորամաշտաբ մրցաշարեր, այնպես էլ Եվրոպային «նոր և հին» չեմպիոններ տալ:

Պատմություն կերտելու պահը 

Հայ բռնցքամարտիկներից քչերին է հաջողվել երեք անգամ դառնալ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Դեռևս երկուսին` Վլադիմիր Ենգիբարյանին`  1955թ., 1957թ., 1959թ. և Իսրայել Հակոբկոխյանին` 1985թ., 1989թ., 1991թ.: Հայաստանի ազգային թիմի այժմ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, ով պատմական պահ ունի ևս մեկ անգամ իր անունը պատմության էջերին գրելու` դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն: Բաչկովն ունի այդ ներուժը, նա իր քաշային կարգի ֆավորիտներից է, իսկ երևանյան մրցաշարի ամենասպասված մենամարտերը գուցե և հենց նրանը կլինեն:

Հայաստանի այս հավաքականում ընդգրկված է նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, ով Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է և ինքնատիպ բռնցքամարտիկ: Բռնցքամարտի ծանր քաշային կարգում հաջորդիվ հաճախ ենք լսելու Դավիթ Չալոյանի անունը, ով նախորդ տարվա աշխարհի առաջնությունից հետո «մեկ հարվածով» մտավ համաշխարհային բռնցքամարտի աշխարհ: Չալոյանն այս առաջնության ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից է: Հավաքականում ընդգրկված է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը, ով մրցաշարի մեկնարկից օրեր առաջ վնասվածք էր ստացել, սակայն ընտրանու բժիշկների ջանքերով ապաքինվել է: 

Երևանը՝ 7 օրով բռնցքամարտի մայրաքաղաք 

 Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախնական մենամարտերը կսկսվեն մայիսիսի 23-ին: Ժամը 14:00-ից կլինեն ցերեկային մենամարտերը, իսկ 18:00-ից սկսած` երեկոյան: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 27-ին, իսկ եզրափակիչները` մայիսի 30-ին:

Առաջնության տոմսերի գները են 2000-10.000 դրամ են: Դրանք վաճառվում են Մարզահամերգային համալիրի տոմսարկղերում: Այս առաջնությանը կմասնակցի 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:  Մենամարտերի վիճակահանությունը կկայանա մայիսի 22-ին: 

Մենք ունենք 7 օր դառնալու պատմական իրադարձության մասնիկ, 7 օր ներկա լինելու տպավորիչ, կրքոտ և արժեքավոր մենամարտերի: Հնագույն մարզաձևերից մեկի` բռնցքամարտի, Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մեր մայրաքաղաքում` Երևանում: Գտեք ձեր առօրյայում մի քանի ժամ, եկեք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և ձեր համար մեկ րոպե կորզեք պատմական այս պահից, գրում է «Արմենպրեսը»։