Մարիա Զախարովա․ Բանակցությունների ցանկացած հնարավորություն պետք է գնահատել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ժնևում Ուկրաինայի հարցով ընթացող եռակողմ բանակցությունները, հայտարարել է, որ իրավիճակի կարգավորմանը տանող ցանկացած քայլ ունի կարևոր նշանակություն։ Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը չպետք է արժեզրկվի, քանի որ այն կարող է ստեղծել խաղաղ կարգավորման իրական հնարավորություններ։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է և, իր գնահատմամբ, ապացուցել է, որ շահագրգռված է խաղաղությամբ։
Միաժամանակ նա մեղադրել է Կիևին և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներին բանակցությունների կարևորությունը նվազեցնելու մեջ՝ նշելով, որ հենց այդ շրջանակներն են տարբեր պատճառաբանություններով կասկածի տակ դնում բանակցությունների անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները մեկնարկել են փետրվարի 17-ին Ժնևում, իսկ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։