Մենք մեղադրում ենք աշխարհին, բայց անտեսում ենք մեզ. Վահե Պողոսյան
Անկախությունից հետո Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցած բազմաթիվ անհաջողությունները չեն կարող բացատրվել միայն աշխարհաքաղաքականությամբ կամ արտաքին ճնշմամբ։ Այդ գործոնները կարևոր են, բայց դրանք հիմնականում դառնում են հարմար պատրվակ, որը թույլ է տալիս մեզ խուսափել ինքներս մեզ նայելուց։ Անհարմար իրականությունն այն է, որ տարիների ընթացքում Հայաստանը բավարար ներդրումներ չի կատարել ուժեղ կրթական, քաղաքացիական և ռազմավարական մտածողության զարգացման գործում։ Մենք հաճախ արդյունքներ ենք ակնկալում՝ առանց այդ արդյունքները հնարավոր դարձնող հիմքերը կառուցելու։ Այդ առումով, անհաջողությունների պատասխանատվության զգալի մասը, անկասկած, մերն է։
Կրթական համակարգը ամենավառ օրինակներից մեկն է։ Տարիներ շարունակ այն միայն կենտրոնացել է տեղեկատվությունը անգիր սովորելու, քան այն հասկանալու կամ կիրառելու վրա։ Արդյունքում, շատ մարդիկ մեծացել են տեսական գիտելիքներով, բայց առանց քննադատական մտածողության, առողջ բանավիճելու կամ նոր իրավիճակներին հարմարվելու ունակության։ Սա ուղղակիորեն ազդել է նրա վրա, թե որքան մրցունակ ենք մենք միջազգային մակարդակում։ Մենք շատ ենք խոսում տաղանդների մասին, բայց միայն տաղանդը բավարար չէ, եթե այն չի ձևավորվում և չի զարգանում պատշաճ կերպով։ Առանց քննադատական և վերլուծական մտածողության, շարունակելու ենք անդադար հետ մնալ զարգացող աշխարհից։
Միևնույն ժամանակ, մեր քաղաքացիական մտահորիզոնը ևս շարունակում է մնալ թույլ մակարդակում։ Մենք հակված ենք գործել միայն ճգնաժամի պայմաններում՝ կայուն ներգրավվածության և պատասխանատվության մշակույթ կառուցելու փոխարեն: Շատերը դեռևս պետությունը համարում են իրենցից առանձին մի բան, այլ ոչ թե իրենց կողմից ձևավորած անվտանգային համակարգ: Այս իրադրությունը խիստ վտանգավոր է, քանի որ ստեղծում է պասիվ միջավայր, որտեղ հաշվետվողականությունը համապատասխան չէ առկա մարտահրավերներին, իսկ երկարաժամկետ զարգացումը բավական փխրուն է: Հայաստանի Հանրապետությունը չի կարող ավելի ուժեղ դառնալ, եթե նրա քաղաքացիները հետևողականորեն չեն մասնակցում նրա քաղաքական և հասարակական կյանքին։
Ի վերջո, ամենամեծ բացթողումներից մեկը ռազմավարական մտածողության բացակայությունն է: Որպես փոքր պետություն՝ Հայաստանը չի կարող թույլ տալ կարճաժամկետ որոշումներ կամ հուզական արձագանքներ, սակայն հենց սա է, ինչ մենք հաճախ նախընտրում ենք որպես հասարակություն: Մենք պետք է պայքարենք երկարաժամկետ պլանավորման, մեր դիրքը իրատեսորեն գնահատելու և միջազգային մակարդակում արդյունավետ աշխատելու համար: Դրա բացակայությունը թերի քաղաքական մշակույթի գոյությունն է, որն առաջնահերթություն չի տալիս ռազմավարությանը, կրթությանը և մրցունակությանը:
Մի բան փաստ է, եթե այսպես շարունակենք, արտաքին մարտահրավերները միշտ ավելի ուժեղ կլինեն, քան ներքին դիմադրությունը: Դառը ճշմարտությունն այն է, որ առանց լուրջ ներքին փոփոխությունների մենք կշարունակենք կրկնել նույն սխալները, և այդ շրջապտույտում մենք ոչ միայն կտուժենք, այլև կդառնանք մեր սեփական անհաջողությունների կարևոր մասնակիցներ:
Վահե Պողոսյան, ք.գ.թ., «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող