«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մի սիրո պատմություն. զինվորը պատերազմից հետո գտել է իրեն նամակ ուղարկած աղջկան

07/12/2020

«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»,- Անի Ասատրյանը չէր էլ պատկերացնում, որ առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը կգտնի իրեն։

Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորներից մեկին՝ քաջալերելու նպատակով։ Ճիշտ է, Անիի բարեմաղթանքը անկեղծ էր, բայցև նա այնքան էլ լուրջ չէր վերավերվում այդ ամենին. «Սկզբում չեմ ցանկացել գրել, հետո ասացի՝ գրեմ, միևնույնն է, ոչ փնտրելու են, ոչ գտնելու, այսքան նամակներ գրողներ կան, հո հենց իմը չփնտրեցի՞ն»,- հենց այս մտքով էլ Անին ուղարկեց իր նամակը առաջնագիծ:

Անին որքան բարի էր գտնվել իր մատի համարը տալով, այնքան էլ դաժան՝ հեռախոսահամարը կիսատ գրելով. «Հեռախոսահամարիս վերջին 3 թիվը այդպես էլ  չգրեցի: Արկղում, որտեղ իմ նամակն է եղել, կային նաև մոտ 20 այլ նամակներ։ Արկղն ուղարկելուց 4֊5 օր հետո առավոտյան ընկերուհիներս զանգահարում են ինձ ու ասում, թե ուսանողական խորհրդի էջով ինձ են փնտրում»,- սիրով վերհիշում է Անին:

Անին, թեև այնքան էլ չէր հավատում ընկերների ասածին, այնուամենայնիվ մուտք գործեց ուսանողական խորհրդի ֆեսյբուքյան էջ. «Արթնացա, մուտք գործեցի էլեկտրոնային հաշիվներս, տեսնեմ, որ մեծ ալիքով տարածվել է իմ գրած նամակը տարբեր օգտատերերի էջերով և որ ամենազարմանալին էր, իսկապես փնտրում էին ինձ: Ինձ համար անսպասելի է եղել այս ամենը, որովհետև շանսը 1/20 է եղել, որ ինձ են փնտրելու»,- պատմում է Անին:

Իր նամակի շնորհիվ Անին դարձավ հայտնի, շատերն անգամ արդեն ամուսնացրել էին զույգին, բայց նա մտահոգ էր, քանի որ զինվորը չկար ու չկար. «Այսպես մոտ 1 ամիս անցավ։ 1 ամիս հետո ինձ նամակ եկավ՝ ես եկել եմ, նամակն էլ՝ բերել, բայց մատանին չեմ բերել, որ գնանք միասին ընտրենք»,-սիրով  վերհիշում է Անին։

Նրան զարմացրեց նաև այն փաստը, որ Գրիշան, որը պատերազմի հենց 3-րդ օրվանից առաջնագծում էր, նույն շրջանից է, որտեղ բնակվում է ինքը. «Ես մտածել եմ կընկնի Մեղրի, կամ Վանաձոր, ինձնից շատ-շատ հեռու, բայց, իրականում, բավականին մոտ է ինձ: Հիմա շփվում ենք իրար հետ»,- նշեց Գրիշային նամակ ուղարկած աղջիկը:

Ինչպես պատմում է Անին, նամակը այդքան էլ հեշտությամբ չի հասել իրական հասցեատիրոջը. «Նամակը սկզբում եղել է ուրիշի ձեռքին, որը կորցրել է, ու Գրիշան է վերցրել այն: Նրա մոտ եղել է մի քանի նամակ, բայց Գրիշան իր որոնողական աշխատանքները տարել է հենց իմ նամակով»,- ժպիտով ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Այս օրերին բոլորը ճանաչեցին համարձակ Անիին, բայց Գրիշան այդպես էլ մնաց չբացահայտված և շատերն են հետաքրքրվում նրանով, շատերն են ցանկանում տեսնել այս հետաքրքիր պատմությամբ ծանոթացած զույգի համատեղ լուսանկարը, բայց նրանք դեռ չեն շտապում. «Գրիշան չի ցանկանում որևէ տեղ երևալ, նա չի սիրում լուսանկարվել: 2 շաբաթ է, ինչ Գրիշան վերադարձել է առաջնագծից, մենք դեռ չենք հանդիպել: Պատրաստվում ենք մոտ օրերս մեր՝ այդքան սպասված հանդիպմանը»,- ասաց նա:

Վերջինիս կյանքը նամակ գրելուց հետո շատ է փոխվել. «Այս պատմությունով բոլորը սկսեցին ճանաչել ինձ, բայց որ ինձ համար առավել կարևոր է, ճանաչեցի Գրիշայի պես լավ անձնավորության: Տպավորություն է՝ ճանաչում ենք իրար տարիներով, կես խոսքից հասկանում ենք իրար»,- իր հերոսով հպարտ լինելով՝ եզրափակեց Անին:

Զվարթ Պետրոսյան