«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կառավարությունում այս պահին որոշում են Սոթքի հանքի ճակատագիրը. Որ երկրի ԶՈՒ-երն են տեղում և ինչ իրավիճակ է եղել գիշերվա ընթացքում. համայնքի ղեկավարը մանրամասնում է

27/11/2020

Այս պահին իրավիճակը հանգիստ է։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ 

«Սահմանը դեռ չեն գծել, էնպես չէ, որ երեկ կարող էին 15 րոպեում գծել։ Դեռ քննարկումներ կլինեն, ճշտումներ կլինեն։ Հիմա ոչ մեկ ոչ մի բան չի անում տեղում։ Երեկվա պայմանավորվածությունն այնպես է եղել, որ սպասեն կառավարությունը որոշի։ Կառավարությունում այս պահին քննարկումներ են ընթանում, թե այսօր վերջնական որոշում կլինի, թե վաղը կլինի, չեմ կարող ասել։ Կգան համապատասխան մարմիններն, այնտեղ տեղում կնայեն... բայց երեկ ագրեսիվ որևէ գործողություն չի եղել, ոչ մի կողմից։ Նրանք եկել են, կանգնել, ասել են պետք է՝ եթե հետ գնալու ենք, հետ կգնանք առանց որևէ խնդրի ուղղակի եկել են, որ իմանան որտեղ պետք է դիրքավորվեն»,- ասաց Ավետյանը։ 

Դիտարկմանը, որ պայմանավորվածության արդյունքում հնարավոր է հանքի կեսը հանձնենք Ադրբեջանին՝ համայնքի ղեկավարը արձագանքեց. «Դեռ քանի որ սահմանը հստակ չի գծվել, այս պահի դրությամբ ոչինչ չենք կարող ասել, հնարավոր է փոփոխական լինի։ Հանքի մեծ մասը Սոթքի տարածքում է, մի մասն էլ Քարվաճառի տարածքում է, հիմա որ մասը որ Քարվաճառի տարածքում է, հավանաբար, անցնելու է իրենց»։

Խոսելով հանքի աշխատակիցների հետագա ճակատագրի մասին, համայնքապետը նշեց. «Եթե մարդիկ տեսնեն, որ անվտանգությունը ապահովվում է, բնականաբար կգնան, կաշխատեն մարդիկ, բայց դա հետագան ցույց կտա։ Հենց այսօր էլ հանքն աշխատում է, աշխատակիցները գնացել են գործի, ուղղակի ներքևի հատվածներում են աշխատում, մինչև այդ հարցերը կոնկրետացվի»։

Նա նաև նշեց, որ այս պահի դրությամբ՝ եթե հանքի մի մասն Ադրբեջնին անցնի, չեն կարող շահագործել, քանի որ պայմաններ չկան, իսկ այդ պայմաններն ունենալու համար ժամանակ է պետք։ 

Ավետյանի խոսքով բնակիչների շրջանում խուճապ կա, բայց այս պահին անվտանգ է։ «Այս պահին չկա նման վտանգ, որ ասենք կարող ա հիմա իջնեն, մտնեն Սոթք, Վարդենիս, այդ կարգավիճակը չի։ Մարդիկ եկել են, հանգիստ ասում են՝ մենք եկել ենք այստեղ, եթե դուրս կգա, որ մենք պիտի հետ գնանք էսինչ տեղը, մենք գնալու ենք այնտեղ, իրենց պահվածքն ամեն դեպքում էդպիսին է եղել, բայց իրենց բարի պահվածքը չի նշանակում, որ իրենք արդեն բարիացել են, նա մեկ է թուրք է, իսկ թուրքը մնում է թուրք»։