
Իսրայելը ՀԱՄԱՍ-ից սպասում է ողջ մնացած պատանդների ցուցակը՝ բանակցություններում առաջ գնալու համար. The Jerusalem Post
Իսրայելը սպասում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածում պահվող և դեռ ողջ մնացած պատանդների ցուցակը։ Առանց այդ ցուցակի՝ հրադադարի շուրջ բանակցություններում առաջ գնալը չափազանց դժվար կլինի, եթե ոչ՝ անհնար։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելի աշխատանքային խումբը դեկտեմբերի 22-ի երեկոյի դրությամբ դեռ գտնվում էր Կատարում՝ բանակցություններ վարելու համար։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պայմանավորվածությունների հասնելու ճանապարհին զգալի դժվարություններ կան։
Անցյալ շաբաթ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ համաձայնագրի մանրամասների մեծ մասը համաձայնեցվել է, սակայն հիմնական տարաձայնությունները կապված են պատանդների թվի հետ, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին փուլում։
Գազայի հատվածում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները վերջին մեկ տարվա ընթացքում փակուղու առջև են հայտնվել։ 2023 թ. նոյեմբերի վերջին հաստատված մեկշաբաթյա հրադադարից հետո ազատ էր արձակվել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված 105 պատանդ: Իսրայելը կարծում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված 251 պատանդներից 96-ը դեռ Գազայում է։ Վերջին 14 ամիսների ընթացքում իսրայելցի զինվորականները փրկել են 8 պատանդի և վերադարձրել 38 մարդու դի։ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում նաև 1200 մարդ էր զոհվել։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 45 250-ը: