«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե ապրանքների գները բարձրանում են և քաղաքացին կարողանում է ապրել, այդտեղ վատ բան չկա․ «Առավոտ»

29/07/2022

«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Մեր մոտ աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքների գները՝ լոլիկ, վարունգ, աճում են ոչ սեզոնային ապրանքների գները, որոնց հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ եւ այլն: Եվ ինչը ամենահետաքրքիրն է, աճում են նաեւ ծառայությունների գները: Գնաճը կարող է գալ երկու ճանապարհով, առաջինը առաջարկից է. դրսում ցորենը թանկացավ, մենք այդ գնաճը բերում ենք Հայաստան, երկրորդ ֆենոմենն այն է, որ մենք ավելի շատ սպառում ենք, քան մեր արտադրական հնարավորությունները թույլ են տալիս: Մարդիկ աժիոտաժ կամ պահանջարկ ստեղծելով՝ ավելացնում են գինը այդ ապրանքի: ԿԲ-ն, կանոն, արձագանքում է հենց այդ ֆենոմենին, որովհետեւ առաջարկով եկած գնաճի դեմ դժվար է պայքարել: Հայաստանում պահանջարկով ձեւավորվող գնաճ կա ու դրա հիմնական աղբյուրներից մեկը Ռուսաստանից կամ այլ երկրներից հիմա Հայաստան ժամանած մարդիկ են, ովքեր իրենց գալով՝ ստեղծել են հավելյալ պահանջարկ մեր ապրանքների ու ծառայությունների նկատմամբ»,- Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում գնաճի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հենց այսպես էր բացատրում գնաճի պատճառների մասին:

«Առավոտը» ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ փաստորեն, ռուս տուրիստների գալով է Հայաստանում գնաճը պայմանավորված, ստացվում է, որ եթե 1 մլն տուրիստ գա Հայաստան, մենք քաշվեցի՞նք, հա՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Գնաճից մենք չպիտի վախենանք, գնաճի մեջ նաեւ դրական բան կա»: Ճշտեցինք՝ ի՞նչ դրական բան կա նրա մեջ, որ լիքը դրամապանակով գնում ենք խանութ, ոչինչ չառած, կենսական անհրաժեշտ ապրանքները չառած՝ դրամապանակը դատարկվում է՝ Աղազարյանը պատասխանեց. «Եթե ապրանքների գները բարձրանում են, ծառայությունների գները բարձրանում են եւ քաղաքացին այդուհանդերձ կարողանում է ապրի, այդտեղ վատ բան չկա: Ոչ թե վատ բան չկա, այդտեղ նաեւ դրական բան կա, որովհետեւ շուկան, տնտեսությունը աշխուժանում է ուժեղ եւ հետո այն, որ ձեր հարազատի աշխատավարձը բարձրանում է, ձեր աշխատավարձը բարձրանում է, մյուսի աշխատավարձը բարձրանում է եւ դրա համար գործընթացին չպետք է միակողմանի նայեք: Դուք տեսնում եք, վկա ենք մենք բոլորս, որ գնաճը Հայաստանում տարածաշրջանում ամենաքիչն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։