«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանան

03/02/2023

Արցախում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանան․ շրջափակման հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող այն ընտանիքները, որտեղ կան մինչև 18 տարեկան երեխաներ, և ծնողներից ոչ մեկը չի աշխատում՝ յուրաքանչյուր երեխայի համար պետությունը կհատկացնի 40 հազար դրամ, իսկ եթե ծնողներից մեկն է աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կհատկացվի 20 հազար դրամ։

Արցախին նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին շարունակում է գտնվել Գորիսում։ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով այն Արցախ հասցնել չի հաջողվում։

Այս մասին այսօր լրագրողներիի հետ զրույցում ասաց ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն նախարար Արմեն Մանգասարյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։

Հարցին, թե ի՞նչ իրատեսական տարբերակներ կան մթերքն Արցախ հասցնելու համար, վերջինս պատասխանեց՝ գուցե Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր լինի, սակայն այս պահին, դեռ նորություն չկա։

Ճշտող հարցին, թե ճանապարհը փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված ի՞նչ սոցիալական աջակցության ծրագրեր կան, նախարարը պատասխանեց․

«Առաջիկայում ընդունվելու է երեք ծրագիր՝ ԱՀ շրջափակման արդյունքում սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված։

Առաջին ծրագրի պատասխանատուն Արցախի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտե է, երկրորդ և երրորդ սոցիալական միջողառումների պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։

Երկրորդ միջոցառման նպատակն է Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքի շուկայում առաջացած դժվարություններով պայմանավորված, աշխատանքից ազատված, ԱՀ-ում փաստացի բնակվող անձանց սոցիալական խնդիրների մեղմանն ուղղված դրամական աջակցության տրամադրումը։ Այն աշխատողները, որոնք առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից իրավական ակտով աշխատել են և շրջափակման արդյունքում տուժել են, դեկտեմբերի 12-ից փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից, կստանան մինչև 68 հազար դրամ ֆինանսական աջակցություն։ Եթե աշխատավարձը եղել է 68 հազարից ցածր, կստանան աշխատավարձի չափով, իսկ եթե բարձր է եղել, կստատան 68 հազար դրամ»,-մանրամասնեց նա։

Նախարարը ներկայացրեց նաև երրորդ ծրագիրը, որի հիմնական շահառուները մինչև 18 տարեկան անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներն են։

«Արցախի շրջափակման հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող այն ընտանիքները, որտեղ կան մինչև 18 տարեկան երեխաներ և ծնողներից ոչ մեկը չի աշխատում՝ յուրաքանչյուր երեխայի համար պետությունը կհատկացնի 40 հազար դրամ, իսկ եթե ծնողներից մեկն է աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կհատկացվի 20 հազար դրամ։ Այն ընտանիքներում, որտեղ երեխաները միակողմանի ծնողազուրկ են և ծնողը չի աշխատում, ապա նրանք ևս 40 հազար դրամ կստանան»։

Մանգասարյանը նշեց, որ առաջիկայում այս որոշումները կընդունվեն և փետրվար ամսվա մեջ աջակցությունը կտրամադրվի։ Վերջինս ընդգծեց, որ նախարարության կողմից մի շարք աջակցություններ են տրամադրվում քաղաքացիներին, հիմնականում, սննդի տեսքով, նաև օգնելու են կոմունալները վճարելու հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացիներին։