«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երբ է այս տարի նշվելու Խաչվերացը

30/08/2020

Այս տարի սեպտեմբերի 13-ին նշվելու է Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջին:

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

 

 

Նախորդ իշխանությունների ժամանակ եկեղեցու տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային մեռելոցներ էին համարվում:

ՀՀ կառավարության որոշմամբ առաջին անգամ Մեռելոցը հայտարարվել է ոչ աշխատանքային օր 2008 թ–ի հուլիսի 26-ին Առաքելական եկեղեցու առաջարկով:

Դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին բոլոր տաղավար տոներին հաջորդող հիշատակության օրերը ոչ աշխատանքային էին հայտարարվում, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար լրացուցիչ անհարմարություններ չառաջացնեն աշխատանքային օրը գերեզմաններ այցելելու համար։ Այդ նպատակով աշխատանքային օրերը փոխարինվում էին շաբաթ օրերով։

Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարություններն ավելի ուշ Տիգրան Սարգսյանի այս մոտեցման մեջ որոշ խմբագրումներ մտցրին` տաղավար տոներին հաջորդող մի քանի երկուշաբթիներ ոչ աշխատանքային չհայտարարելով։

 ՀՀ նոր կառավարությունն այս հարցի շուրջ պաշտոնական տեսակետ չի հայտնել, բայց Սուրբ Խաչին հաջորդող մեռելոց հիշատակության օրն էլ ոչ աշխատանքային դեռ չի հայտարարել։ Նկատենք, որ նախորդ տաղավար տոներից հետո եկող երկուշաբթին աշխատանքային օր է եղել:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել: