«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ ռազմագերիներին նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ Պերնանդո Բարենա

13/03/2025

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Դրա շրջանակում իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան ներկաներին հիշեցրել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը։

«Չենք կարող մոռանալ, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ ցանկացած քաղաքական այլախոհություն ճնշվում է։ Մենք պետք է պահանջենք ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ, դատավարական ընթացակարգերի խախտումներ և շինծու մեղադրանքներ։

Այս առումով հատկապես կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանը հետաքննի Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի կողմից ներկայացված գործերը և դատական​ պատասխան տրամադրի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերին»,- նշել է նա։

Պատգամավորը դիմել է քննարկմանը ներկա եվրահանձնակատարին՝ արդյո՞ք ԵՄ հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինա ներխուժումից հետո։