«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենն ասել է՝ Պուտինն ինչ է ամենաքիչը ցանկանում

17/06/2021

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև 18-րդ դարի Ժնևյան գեղատեսիլ առանձնատանն անցկացված բանակցություններն ավարտվել են դրական նոտայի վրա։ Շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո՝ առանձին մամուլի ասուլիսի ընթացքում, կողմերը կիսվել են իրենց տպավորություններով։
«Կարծում եմ՝ որևէ թշնամանք չկար։ Հակառակը։ Իհարկե, սկզբունքային առումով մեր գնահատականները շատ հարցերում տարբերվում են, սակայն, ըստ իս, երկու կողմից էլ ցանկություն է դրսևորվել հասկանալ միմյանց, գտնել դիրքորոշումների մոտեցման ուղիներ։ Զրույցը բավական կառուցողական էր»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
«Ընդհանուր հանդիպումների տրամադրությունը դրական էր։ Կտրուկ գործողություններ չեղան։ Երբ ես ինչ-որ բանի հետ չէի համաձայնում, բացատրում էի, երբ նա չէր համաձայնում, նա էր բացատրում»,- նշել է Ջո Բայդենը։
Բանակցությունների ժամանակ քննարկվել են ռազմավարական կայունությունը, կիբերանվտանգությունը, տարածաշրջանային հակամարտությունները, առևտրային հարաբերությունները, Արկտիկայում համագործակցությունը։ Քննարկման թեմաներից են եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, մարդու իրավունքները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկումը։
Ջո Բայդենը նաև խոսել է երկու երկրների միջև հնարավոր նոր սառը պատերազմի մասին։
«Կարծում եմ՝ Պուտինն ամենաքիչն է հիմա նոր սառը պատերազմ ուզում։ Նա նախկինի պես համարում է, որ մենք ցանկանում ենք իրեն պաշտոնանկ անել, բայց չեմ կարծում, որ դա է նրա շարժիչ ուժը»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ 6 ամիս անց պարզ կլինի՝ արդյո՞ք կողմերն ինչ-որ պայմանավորվածության հասել են, թե՝ ոչ, դա կերևա նրանից՝ արդյոք կողմերը համապատասխան որոշումներ կընդունեն։
Ժնևյան հանդիպման շոշափելի ձեռքբերումներից մեկը դեսպանների վերադարձն է։ Ամիսներ առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչները մեկնել էին իրենց երկրներ՝ խորհրդակցությունների, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրեց 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար։
Կողմերը համաձայնության են եկել նաև երկխոսություն սկսել ռազմավարական կայունության հարցերի շուրջ։ Բանակցությունների արդյունքում արված համատեղ հայտարարության մեջ Մոսկվան և Վաշինգտոնը հաստատել են իրենց հավատարմությունն այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի։