«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Այս ճնշումներով Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը, «Զանգեզուրի միջանցքը» ու պաշտպանության բանակի կազմաքանդումը». Բենիամին Պողոսյան

07/09/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների հանդիպումն ինչպե՞ս կգնահատեք, ու որքանո՞վ այս հանդիպումը կապ ունի բրյուսելյան վերջին հանդիպման հետ։

– Մոսկվայում կայացած հանդիպումը գնահատելը դժվար է, քանի որ գրեթե տեղեկություն չկա, բացի ամենաանորոշ ձևակերպումներից, բայց, ամենայն հավանականությամբ, կապ ունի Բրյուսելում կայացած հանդիպման հետ։

Բրյուսելում Ադրբեջանի նախագահը կարծես թե շարունակել է իր պահանջների, նույնիսկ կարելի է ասել՝ վերջնագրերի ներկայացումը՝ սկսած պաշտպանության բանակի կազմալուծումից, վերջացրած խաղաղության պայմանագրի ստորագրումով, և կարծես թե Ադրբեջանը պնդում է այս ամենն ավարտել հնարավորինս արագ՝ նույնիսկ ամիսների ընթացքում, և երևի թե արտգործնախարարը մեկել է Մոսկվա՝ հասկանալու, թե Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսին է այս հարցերի վերաբերյալ, այսինքն՝Ռուսաստա՞նն էլ է կողմ, որպեսզի հնարավորինս արագ կնքվի խաղաղության պայմանագիր և, եթե այո, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի է կողմ Ռուսաստանը, որովհետև այդ պայմանագիրը կարող է ունենալ տարբեր տեքստեր, այնտեղ կարող են ներառվել ինչ-որ հարցեր, կարող են չներառվել։

Իմ գնահատմամբ՝ այցելությունը Մոսկվա, գիտենք, որ վաղն էլ Ռուսաստանի նախագահի հետ է վարչապետը հանդիպելու, ավելի շատ Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը հասկանալն է՝ կո՞ղմ է այդ պայմանագրի կնքմանը, թե՞ դեմ ու եթե կողմ է՝ ինչպիսի՞ պայմանագրի է կողմ, արդյոք պե՞տք է այդ պայմանագրում ինչ-որ բան Արցախի մասին լինի, թե՞ ընդհանրապես Արցախի անունը չպետք է լինի, իսկ եթե Արցախի անունն ընդհանրապես չլինի, ապա Ռուսաստանն ինչպես է հետագան պատկերացնում, այդ թվում՝ իր խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում։

Որոշակի հստակություններ են պետք, որպեսզի նաև մեր իշխանությունը կողմնորոշվի, այսինքն՝ այս կամ այն քայլ անելիս հասկանա՝ դրանով դե՞մ է գնում Ռուսաստանին, թե՞ դեմ չի գնում։

– Հետևելով գործընթացներին, Ռուսաստանից հնչող հայտարարություններին՝ Մոսկվայի դիրքորոշումը, ըստ ձեզ, ո՞րն է։

– Հիմնական ընկալումն այն է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայ-ադրբեջանական պայմանավորվածություն, քանի որ դա, ենթադրաբար, թույլ կտա Ադրբեջանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը՝ պահանջել խաղաղապահների դուրսբերում 2025-ի նոյեմբերից հետո։

Մյուս կողմից՝ գուցե Ռուսաստանում կարծում են, թե հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը չի ֆիքսի հայ-ադրբեջանական համաձայնություն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, ստորագրեն ինչ-որ պայմանագիր, բայց Արցախի հարցը թողնեն առկախված։

Ես դա մի փոքր բարդ եմ պատկերացնում, որովհետև եթե խաղաղության պայմանագրում «Արցախ» բառը չի լինում, պարզ է, որ Ադրբեջանը հայտարարելու է, որ Հայաստանը սրանով ընդունում է, որ Արցախ վարչատարածքային միավոր չկա, հետևաբար սրանով հարցը փակված է։ Կան ընդամենը հայազգի մարդիկ, որոնք ապրում են Ադրբեջանի տարածքում, իսկ նրանց իրավունքները պաշտպանվելու են այնպես, ինչպես Ադրբեջանում ապրող այդ երկրի փոքրամասնությունների իրավունքները։

Իսկ սրան, չեմ պատկերացնում՝ մենք ու նաև նույն Ռուսաստանն ինչպե՞ս ենք պնդելու, որ Արցախի հարցը դեռևս կա, որ կարգավիճակի հարցը լուծված չէ, պետք է քննարկվի Արցախի հարցը, եթե այդ պայմանագրում «Արցախ» բառն ընդհանրապես չի լինելու։ Մյուս կողմից էլ, եթե խաղաղության պայմանագրում «Արցախ» բառը լինելու է, ապա Ադրբեջանը պահանջելու է, որ լինի միայն այն իմաստով, որ ֆիքսվի Արցախի վարչատարածքային միավոր չլինելը։

Եթե պայմանագրում ֆիքսվում է վերջինը, ապա ռուսների ներկայությունը մի փոքր տարօրինակ է դառնում, որովհետև դժվար է պատկերացնել՝ ինչպես են ռուսները հիմնավորելու իրենց ներկայությունը 2025 թվականի նոյեմբերից հետո, եթե, այսպես ասենք, նույնիսկ Հայաստանն է ընդունում, որ Արցախ չկա։

Մյուս կողմից դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կհամաձայնի պայմանագրում որևէ կետի, որը կնշի, որ չնայած Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պարտավորվում է չունենալ տարածքային պահանջներ, բայց միևույն ժամանակ Հայաստանը պնդում է, որ Արցախը դրա հետ կապ չունի, ու Արցախի ապագան և կարգավիճակը պետք է ճշտվեն հետագա բանակցություններում։

Պարզ է, որ Ադրբեջանը սրան երբեք չի համաձայնի, հետևաբար կա՛մ Հայաստանը ստորագրելու է պայմանագիր՝ առանց Արցախի հիշատակման, ֆիքսելով, որ Արցախ չկա, կա՛մ պայմանագիր չի կնքվում, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանն էլ շատ հստակ ցույց է տալիս , որ հող է նախապատրաստում ռազմական ճնշումների համար։

Սեպտեմբերի 1-ից սկսած անընդհատ լսում ենք Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններ, թե հայկական զորքերը գնդակոծում են, իրենք էլ ստիպված պատասխան գործողությունների են դիմում, գիտենք, որ երեկ երեկոյան էլ զինվոր է սպանվել ադրբեջանական կրակոցից։

– Այսինքն՝ այս ճնշումներով Ադրբեջանը փորձում է իրեն ձեռնտո՞ւ տարբերակով խաղաղության պայմանագիրը կյանքի կոչել, պարո՛ն Պողոսյան։

– Կարծում եմ՝ ոչ միայն խաղաղության պայմանագիրը, նա ուզում է նաև պաշտպանության բանակի պաշտոնական կազմալուծում, ըստ երևույթին՝ դա ավելի արագ, քան խաղաղության պայմանագրի կնքում, որովհետև վերջինը առնվազն մի քանի ամիս կտևի, իսկ բանակի կազմալուծումը քաղաքական որոշում է, որը, ըստ, Ադրբեջանի, կարելի է անել մեկ ժամվա ընթացքում, բացի այդ, կա նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Որքան ես եմ հասկանում, Ադրբեջանը Հայաստանին ասում է՝ վերջնական կողմնորոշվիր՝ կա՛մ Ադրբեջանից Նախիջևան Սյունիքով անցնող ճանապարհը չի ունենալու հայկական սահմանային ու անձնագրային վերահսկողություն, կա՛մ համաձայնիր, որ Լաչինի միջանցքում լինելու են ադրբեջանցի սահմանապահներ ու մաքսային ծառայողներ։

Այս հարցերն են դրված Հայաստանի առջև, որ ընտրի դրանցից մեկը, իսկ եթե ոչ մեկը, ոչ մյուսը՝ խնդրեմ, նորից ռազմական էսկալացիա, զոհեր, և մենք քեզ կստիպենք։ Այսինքն՝ ռազմական էսկալացիան միայն խաղաղության պայմանագրի հետ չի կապված, կապված է պաշտպանության բանակի կազմալուծման և «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հետ։

– Ձեր նշած այս բոլոր հարցերի մասով բրյուսելյան հարթակն ի՞նչ դիրքորոշում ունի։

– Եվրամիությունը կողմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դա պաշտոնապես հայտարարել են, ու ինչքան արագ՝ այնքան լավ, ու ինչքան ես եմ հասկանում, Եվրամիությունը կցանկանար, որպեսզի այդ պայմանագրում Արցախի կարգավիճակը մեկընդմիշտ ֆիքսվեր: Հասկանալի է՝ դա կարող է լինել կա՛մ ընդհանրապես կարգավիճակի բացակայություն, կա՛մ լավագույն դեպքում ինչ-որ ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչը թույլ կտա Եվրամիությանը պահանջել ռուս խաղաղապահների դուրսբերում 2025-ի նոյեմբերին։ Նույնը նաև ԱՄՆ-ի ցանկությունն է։

Ինչ վերաբերում է միջանցքին, ապա Եվրամիությունը կարծես թե հայտարարում է, եթե Շառլ Միշելի հայտարարություններն ենք նայում, գոնե նախորդ հանդիպումներից հետո արված, որ ինքը կողմ է, որ պետությունների ինքնիշխանությունը հարգվի, բայց Ադրբեջանը դրա տակ հասկանում է հետևյալը, որ պետք է հարգվի նաև Ադրբեջանի ինքնիշխանությունը Լաչինի միջանցքի նկատմամբ, հետևաբար ադրբեջանցի սահմանապահներ ու մաքսավորներ պետք է տեղակայվեն Լաչինի միջանցքում։

Եվ որքան կարելի է հասկանալ, Եվրամիությունն ավելի շատ կողմ է այդ տարբերակին, այսինքն՝ հայ սահմանապահներ ու մաքսավորներ Սյունիքում, ու ադրբեջանցի սահմանապահներ ու մաքսավորներ Լաչինի միջանցքում, կամ ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ։

– Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մինչև տարեվերջ տրամադրված են կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, հնարավոր համարո՞ւմ եք այս ժամկետում պայմանագրի կնքում։ Հայկական կողմի պատկերացումը ո՞րն է այդ պայմանագրի բովանդակության մասով։

– Հնարավորության մասով՝ շատ բան կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, եթե վերջինս համաձայնի, որ պայմանագիրը կնքվի առանց Արցախի հարցի շոշափման՝ մտածելով, որ ինքն այս կամ այն կերպ կշարունակի իր զորքերն Արցախում պահել, չգիտեմ, գուցե ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ կան, գուցե Ադրբեջանը երաշխիքներ է տվել, որ եթե պայմանագրում «Արցախ» բառը չլինի, բայց ինքը, ասենք՝ մի 10 տարի թույլ կտա, որ Ռուսաստանի զորքերը մնան Արցախում։

Եթե Ռուսաստանն էլ է համաձայն, որ պետք է կնքվի խաղաղության պայմանագիր նույնիսկ առանց «Արցախ» բառի շոշափման, ապա կարծում եմ, որ կկնքվի, որովհետև կարծես թե մեր կառավարությունը դեմ չէ։

Այսինքն՝ միայն Ռուսաստանը կարող է արգելել մեր կառավարությանը ստորագրել այդ պայմանագիրը, եթե Ռուսաստանն էլ այս կամ այն պատճառով կողմ է, ընդհանրապես այդ պայմանագիրը չստորագրելու խոչընդոտ չկա․ Եվրամիությունը կողմ է, ԱՄՆ-ն կողմ է, Հայաստանն առնվազն դեմ չէ, ստացվում է, որ հարցը լուծված է։

– Պարո՛ն Պողոսյան, եթե Ռուսաստանը դեմ լինի, իսկ Ադրբեջանը գնա ռազմական էսկալացիայի ճանապարհով, այս պարագայում ի՞նչ զարգացում եք կանխատեսում։

– Խնդիրն այն է, որ, կարծում եմ, ռուսներն էլ մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ է ցանկանում Հայաստանը․ եթե Հայաստանը կողմ է կնքել խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հիշատակման՝ շատ լավ հասկանալով, որ այդկերպ Արցախի հարցը վերջնականապես փակվելու է, ապա ակնկալել, որ ռուսները պատրաստ են պատերազմ սկսելու Ադրբեջանի հետ՝ դա թույլ չտալու համար, մի փոքր տարօրինակ կլինի։

Վերջին հաշվով Մոսկվայում կմտածեն՝ եթե դուք ձեր տարածքներից հրաժարվում եք, ապա մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք, որ Արցախ չկա, բայց կա Ստեփանակերտ քաղաքը՝ ֆիզիկական տարածք, ու իքս ժամկետով այնտեղ կտեղակայվեն ռուս զորքեր կամ խաղաղապահներ։ Այսինքն՝ եթե մենք մտածում ենք, որ մենք Արցախից կհրաժարվենք, իսկ ռուսները դա թույլ չեն տա, դա անհիմն լավատեսություն է։ Այլ բան է, եթե մենք իսկապես դեմ ենք ու ռուսներին ասենք, որ թույլ չենք տա, որ Ադրբեջանն անգամ ուժի կիրառմամբ հասնի իր ուզածին, դուք կօգնե՞ք մեզ, թե՞ ոչ։

– Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Ռուսաստանի հստակ դիրքորոշումը պարզ կդառնա՞ այդ հարցի վերաբերյալ։

– Ինչ-որ կոնկրետ հայտարարություն մի քիչ բարդ եմ պատկերացնում, բնականաբար, կշեշտվի, որ կողմերը կարևորել են մինչ այս ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, բայց ինչ-որ կոնկրետություն, առավելևս, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի կնքվի պայմանագիր, որտեղ չի լինելու «Արցախ» բառը, նման դետալներ չեմ սպասում։
MediaLab.am