«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չի կարող լինել կայուն զարգացում, եթե չկա որակյալ կրթություն և խաղաղություն միաժամանակ․ դոցենտ, աշխ․գ․թ․ Գոռ Ալեքսանյան

14/07/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխ․գ․թ․ Գոռ Ալեքսանյանը

- ՀՀ-ում հասարակական- տնտեսական կյանքի առաջընթացի համար առավել քան երբևէ անհրաժեշտ է կայուն զարգացումը։ Կայուն է այն զարգացումը, որը կարող է ապահովել յուրաքանչյուր հասարակության կարիքները՝ չվնասելով ապագա սերունդների կարողությունն իրենց կարիքներն ապահովելու հարցում։ Պարոն Ալեքսանյան, կցանկանայի անդրադառնայիք կայուն զարգացման հասկացությանն ու տեսլականին ։
- Դուք մեջբերեցիք կայուն զարգացման մասին 1987 թ․  Նորվեգիայի վարչապետ տիկին Բրուդլանդտի «Մեր ընդհանուր ապագան» զեկույցում նշված ամենահայտնի սահմանումը, որը մինչ օրս համարվում է ուղենշային կայուն զարգացման թե՛ գաղափարախոսության, թե հայեցակարգի համար։ Այո, իմ կարծիքով առաջին հերթին կայուն զարգացումը գաղափարախոսություն է, որի հիմնական տեսլականը ցանկացած տեսակի համակարգերի միջև ներդաշակության հաստատումն է։ Այսինքն՝ համակարգերը գործառնեն և զարգանան փոխհամաձայնեցված, փոխկապակցված, հարգանքի ու փոխըմբռնման մթնոլորոտում։ Տեսեք, և աղմուկը և երաժշտությունը ձայների տատանումներն են, բայց ո՞րն է մարդուն դուր գալիս՝ աղմուկը՞, որպես ձայների չհամաձայնեցված տատանումներ, թե երաժշտությունը՞, որտեղ ցանկացած ձայն ունի իր հստակ տեղը և դերակատարումը։ Կարծում եմ՝ երկրորդը։ Կայուն զարգացման գաղափարական մյուս հենասյունը հեռանկարային/երկարաժամկետ մտածելակերպն է, այսինքն՝ համակարգերի ներդաշնակեցումը պետք է ոչ թե այսօրվա կամ վաղվա համար ապահովել, այլ շատ ավելի հեռուն նայել։ Այս հիմքերը գալիս են դեռևս անտիկ ժամանակներից, բայց ինչու՞ դրանք արդիական դարձան հատկապես մեր ժամանակաշրջանում։ Հիմանական պատճառը «հասարակություն» և «բնություն» մեգահամակարգերի փոխազդեցության մասշտաբների, ձևերի, ուղղությունների, մեթոդների ինտենսիվացնում էր հատկապես 18-րդ դարից սկսած՝ գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ, այս դեպքում գուցե՝ հետևանքո՞վ։ Մարդն ավելի մասշտաբային սկսեց օգտագործել բնությունը, որը հանգեցրեց տարատեսակ ռեգիոնալ և գլոբալ հիմնախնդիրների, հատկապես բնապահպանական և դրանց լուծման համար անհրաժեշտություն առաջացավ ընդհանուր սկզբունքների մշակման և դրանց հիման վրա հասարակության և բնության փոխհարաբերությունների ներդաշնակեցման։ Վերջինս, իր առարկայական դրսևորումն ստացավ «Հռոմեական ակումբի» տեսքով, որպես հանրային նշանակության միջազգային ոչ կառավարական կառույցի, որի ջանքերի շնորհիվ գլոբալ մակարդակով կառավարությունները սկսեցին ուշադրություն արժանացնել այդ հիմնախնդիրները։ Վերջինս սկսեց համակարգվել ՄԱԿ-ի կողմից, որի շրջանականերում 1992 թ․ Ռիո դե Ժանեյրոյում դրվեցին կայուն զարգացման գաղափարախոսության առարակայացման հիմքերը՝ «21-րդ դարի Օրակարգ» փաստաթղթի ընդունման տեսքով, որտեղ կարևորվեց ոչ միայն էկոհամակարգը, այլ նաև գեոհամակարգը (եթե էկոհամակարգային մոտեցման դեպքում շեշտը դրվում է բնության պահապանության վրա, ապա գեոհամակարգային մոտեցման դեպքում միաժամանակ կարևորվում են թե՛ բնական, թե՛ հասարակական բաղադրիչները)։ Այդ փաստաթուղթն էլ կայուն զարգացման գաղափարախոսության բովանդակությանը հաղորդեց ձև՝ դառնալով կայուն զարգացման հայեցակարգ։ Որտեղ, արդեն գաղափարախոսական վերոնշյալ հենասյուների վրա առաջարկվեց կայուն զարգացման հայեցակարգի կառուցվածք՝ եռամիասնության տեսքով։ Այդ եռամիասնությունն արտահայտվեց հասարակության գործունեության երեք հիմնական ոլորտների՝ բանապահպանական, սոցիալական, տնտեսական, ներդաշնակ զարգացումն ապահովելու համար, մասնավորապես՝ բնապահպանակական անաղարտություն, սոցիալական արդարություն և տնտեսական արդյունավետություն։ Եվ ներկայումս, մարդը գործունեության ցանկացած բնագավառ կայուն զարգացնելու համար պետք է հաշվի առնի այս եռամիասնական (գեոհամակարգային) մոտեցումը։ Կայուն զարգացման մասին կարելի է երկար խոսել, ուղղակի այս հատվածը կցանկանայի ավարտել հետևյալ ասացվածքով՝ մարդը պետք է վերջապես գիտակցի, որ մենք բնությունը չենք ժառանգել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր սերունդներից։ Իսկ պարտքը միշտ պետք է վերադարձնել։

- Տարածաշրջանային գործընթացներին դիմակայելու համար կայուն զարգացման հիմնախնդիրները հասկանալը և դրանց լուծում տալը մեր երկրում դարձել է հրամայական․  ՀՀ-ում կայուն զարգացման ի՞նչ հիմնախնդիրներ կառանձնացնեիք, որո՞նք են դրանց լուծման ուղիները։
- Ընդհանուր առմամբ եկեք հետևյալը հստակացնենք՝ չի կարող լինել կայուն զարգացում, եթե չկա որակյալ կրթություն և խաղաղություն միաժամանակ։ Հետևաբար՝ առաջին հիմնախնդիրը մեր երկրրի համար կայուն զարգանալու նպատակով պետք է բարձրացնել կրթության որակը և ստեղծել խաղաղություն։ Մնացած բոլոր խնդիրները, կայուն զարգացման համատեքստում, կարելի է ասել ածանցյալ են, բայց կցանկանայի նշել դրանցից իմ կարծիքով, բացի վերոնշյալները ևս  որոշ հրատապ խնդիրներ՝ աղքատության հաղթահարումը, ժողովրդագրական ներկայիս իրավիճակը, Սևանա լճի հիմնախնդիրը, անտառահատումը և անապատացումը, հանքարդյունաբերությամբ պայմանավորված բնապահապանական իրավիճակը, ՀՀ տնտեսական զարգացման տարածական անհամաչափությունը, ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի ներկա պատկերը, ներմուծվող էներգակիրներից տնտեսության կախվածությունը, վերականգնվող էներգետիկայի դանդաղ զարգացումը, ՀՀ հողային ռեսուրսների գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նպատակներով ոչ ռացիոնալ օգտագործումը, ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարումը։

- Պարոն Ալեքսանյան, ըստ Ձեզ ՀՀ տնտեսության ո՞ր ոլորտներում կարելի է ակնկալել կայուն զարգացում, ի՞նչ քայլեր պետք է կատարվե կառավարության և մասնավոր հատվածի կողմից այդ ուղղությամբ։
- Կայուն զարգացման հասնելու համար միայն տնտեսության մեջ չէ որ փոփոխություններ պետք է արվեն, այլ բոլոր ոլորտներում։ Միայն տնտեսության որևէ ոլորտում կայուն զարգացման հասնելու համար կարող ենք հակառակ էֆեկտն ունենալ․ մի տեղ «կայունացնել», մյուս հատվածներում ունենալով անկայուն իրավիճակ, կարող ենք ընդհանուր համակարգը, այս դեպքում մեր պետությունը, կանգնեցնել նոր մարտահրավերների առաջ։ Այդ իսկ պատճառով էլ պետք է ունենալ մեկ ընդհանուր կայուն զարգացման ռազմավարություն, որտեղ բոլոր ոլորտները, որպես մեկ միասնական համակարգի տարրեր, ունենան իրենց փոխկապակցած կայուն զարգացման ծրագրերը։ Այս դեպքում մենք կկարողանանք երկիրը դնել կայուն զարգացման ուղու վրա։ Վերջինս էլ հենց համարվում է պետության հիմնական ֆունկցիան։ Այսինքն՝ պետական մակարդակով պետք է ունենալ կայուն զարգացման ռազմավարություն և կայուն զարգացման ծրագրեր։ Բացի վերոնշյալից պետք է նաև օրենսդրական դաշտը կատարելագոծել կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան։ Իսկ մասնավոր հատվածը կայուն զարգացումը խթանելու համար իր կորպորատիվ փիլիսոփայությունը պետք է կառուցի նաև կայուն զարգացման գաղափարախոսության հիման վրա, որը կոչվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն։ Ներկայումս ՀՀ-ում կան ԿՍՊ ունեցող ընկերություններ, սակայն շոշափելի արդյունքների հասնելու համար դա պետք է կրի մասսայական բնույթ։ 

- Ունե՞նք արդյոք տնտեսության մեջ համապատասխան իրավական և պայմանագրային հենք՝ կայուն զարգացման գործիքները կիրառելու և ցանկալի արդյունքների հասնելու համար։
- Կարծում եմ այստեղ մեկ դրական փաստ պետք է արձանագրել, որ գործող սահմանադրության Հոդված 12-ի առաջին կետում օրենսդրական ամենաբարձր մակարդակով կարևորվում է կայուն զարգացումը, մասնավորապես՝ «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»: Այստեղ կցանկանայի մեկ դիտարկում անել, որ կայուն զարգացումը պետք չէ միայն կապել շրջակա միջավայրի պահպանության հետ, դա ավելի բովանդակային համակարգ է, քան միայն ուղղակի շրջակա միջավայրի պահպանությունը։ Ընդհանուր առմամբ կայուն զարգացումը որպես «կենդանի օրգանիզմ» պահանջում է զարգացման իրավական հիմքերի անընդհատ վերանայում, բայց եթե ՀՀ-ում եղած ներկայիս օրենքները գործեն ամբողջությամբ և ըստ էության, ապա կայուն զարգացումը կարելի է այդ բազայով որոշակիորեն ապահովել։ 
- Ի վերջո, կուզեի խոսեիք նաև այն մասին, թե ներկա պայմաններում ինչպե՞ս եք տեսնում կայուն զարգացման սկզբունքների իրագործման մակարդակը մեր երկրի տնտեսական համակարգում, ի՞նչ խոչընդոտներ կան օրինակ տնտեսության հետագա կայուն զարգացման ճանապարհին։
- Այս հարցին կարճ պատասխանեմ, մեր երկիրը ներկայումս շատ հեռու է կայուն զարգացման սկզբունքներից բխող մակարդակից։ Դրա հիմնական պատճառը ես տեսնում եմ այդ գաղափարախոսության մասին հասարակության իրազեկվածության ցածր մակարդակի մեջ․ որպեսզի մենք ունենանք կայուն զարգացող հասարակություն և պետություն, մեզ պետք է այդ գաղափարը դարձնել կենսակերպ, կյանքի ոճ այլ ոչ միայն միջազգային կառույցների ականջները շոյող արտահայտություն։ 

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am