«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ պետդեպը ցանկություն է հայտնել ներգրավվելու հայ-ադրբեջանական՝ երկկողմ ձևաչափով բանակցությունում

27/07/2022

ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում շարունակում են աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը՝ հանուն երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
Լրագրողի հարցին, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելով կողմերի միջև առկա գործընթացին աջակցելու պատրաստակամությունը արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից արված նախկին նման առաջարկները մերժվել էին, Փրայսը պատասխանել է․ «Ոչ, այդպես չէ: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել որոշակի առաջընթացի, և մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, կարծում ենք, որ կարող ենք շարունակել այս ընթացքը:

Պետքարտուղարը տարբեր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ, սակայն այս կառույցում կան մեծ թվով մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց գործընկերների հետ տարբեր մակարդակներում շփումների մեջ են եղել՝ շարունակելու պրոցեսն ու վերահաստատելով մեր օգնության առաջարկը, քանի որ մենք ցանկանում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:

Հարցին՝ Ադրբեջանի նախագահը ամեն օր վատաբանում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ ի տարբերություն Պետդեպի, որը հաճախ է հիշատակում այս ձևաչափի մասին, Փրայսը պատասխանել է.

«Մեր հայտարարություններում հստակ ասել ենք՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս 2 երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձևաչափով, որն արդյունավետ կլինի»,-ասել է ամերիկացի պաշտոնյան և հիշեցրել, որ դեռ 1994-ից ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ է, բայց Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն հաստատելու համար պատրաստ է օգնել, և այդ շրջանակում ցանկանում է ներգրավվել երկկողմ ձևաչափով։