«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի

31/01/2025

ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց: 

Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել, գրում է Ազատությունը:

Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։

Գոբլը Պետդեպում բարձր պաշտոն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտոնական չէր: Բայց, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում, ոչ թե Գոբլի, այլ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Եվ այսօր դժվար է ասել՝ ով էր այն առաջինը շրջանառել: Հստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին՝ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց, այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին: ։ Թուրգութ Օզալը, ըստ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթի (տե՛ս այստեղ) ասել էր.

«Ես մի գաղափար ունեմ. Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը հայեր են, 20 տոկոսը՝ադրբեջանցիներ։ Նրանք կարող են տարածքների փոխանակում անել՝ Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանից ստանա մի հատված, որը երկու մասի է բաժանում Ադրբեջանը»։

Բուշ-ավագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգևորել։ Անկարան, սակայն, չի մոռացել և վերստին այն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ հաջորդ նախագահի՝ Բիլ Քլինթոնի օրոք։ 1997-ին, ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին և կրկին առաջարկել Ղարաբաղյան հարցը լուծել «սահմանների փոփոխության» տարբերակով (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Օյմենն ասաց, որ խոսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կանի Ադրբեջանին»:

Օյմենը պնդել է, թե թուրքական կողմն արդեն քննարկել է այս հարցը ռուսների հետ, և հարցրել՝ ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: