«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավստրիայի խորհրդարան այցի շրջանակում քննարկվել են բյուջետային գործընթացի առանձնահատկությունները

16/05/2022

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի խորհրդարան են այցելել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը և ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետներ:

Այցի ընթացքում խորհրդարանի կողմից բյուջետային գործընթացի հանդեպ վերահսկողության ուղիները և ավստրիական փորձի կիրառման հնարավորություններն են քննարկվել Ավստրիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նախագահ Գաբրիել Օբեղնոստեղեղի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

Ավստրիայի խորհրդարանի բյուջետային գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկվել են բյուջետային գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման հարցերը, իսկ Ավստրիայի ֆինանսների նախարարության բյուջետային բլոկի պատասխանատուների հետ՝ բյուջետային տարվա ընթացքում խորհրդարանի դերակատարությանը վերաբերող հարցերը:

Այնուհետև Ավստրիայի Հաշվեքննիչ պալատում խորհրդարանականները ծանոթացել են նրանց գործունեության առանձնահատկություններին: Ավստրիայի Հաշվեքննիչ պալատը տվյալներ ստանալու հարցում չունի սահմանափակում, ինչպես նաև տալիս է գնահատական Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերից բխող գործընթացներին:

Հանդիպումներ են եղել նաև Ավստրիայի Ֆիսկալ խորհրդում, Կատարողականի գրասենյակում, Ավստրիայի խորհրդարանի հետազոտական ու կրթական ծրագրերի կենտրոններում: Հանդիպում է եղել նաև Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Անդրեաս Միննիչի հետ: