«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին հատկացվել է 14 մլն 124 հազար դրամ. ԿԳՄՍՆ

23/09/2022

Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ նախատեսվում է ընդլայնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից տնտեսված գումարների վերաբաշխմամբ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին հատկացվել է 14 մլն 124 հազար դրամ:

Ըստ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման՝ Հիշողության պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված տեղերը գրեթե սպառվել են, տարածքն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել:

Նշենք՝ Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թվականին՝ դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս: Այնտեղ ներկայում աճում է ավելի քան 200 ծառ: 

1991 թվականին՝ ՀՀ անկախության հռչակումից ի վեր, տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դարձել է ավանդույթ, իսկ 2002 թվականի մարտի 16-ից «ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին» օրենքով սահմանվել է այդ այցելությունների կարգը: 

Այս ընթացքում Հիշողության պուրակում եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ և բարերարներ: 

Հիշողության պուրակում առաջին ծառը 1997 թ. տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի: