«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ. Աշոտ Ներսիսյան Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ» պատմաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար

10/08/2020

Այսօր լրացավ Սևրի պայմանագրի 100-ամյակը։ Նրա կնքելու օրը, ինչպես վկայում է Սիմոն Վրացյանը, հայ ժողովրդի համար տոն էր, ուրախ երգեր երգեցին, բայց շատ չանցած՝ դրանց փոխարեն պետք է տխուր երգեր հնչեին։ Քանի կա հայ ժողովուրդը, Սևրի պայմանագիրը նրա համար կմնա որպես մի փաստաթուղթ, որում ամրագրվում էին /89- րդ հոդվածով/ նրա իրավունքները իր վաղնջական տարածքների մի մասի վրա: Այդ տարածքները որոշակիացվում էին Թուրքիայի հետ այն սահմանազատումով, որը պետք է կատարեր ԱՄՆ նախագահ Վիլսոնը՝ մեր ժողովրդի պաշտամունքի առարկան։ Իրոք, չի կարող լինել մի հայ, որը չերազի այդ պայմանագրով նախատեսվածի իրականացում կամ այն սահմանագծի առկայություն ՀՀ և Թուրքիայի հանրապետության միջև, որը կատարել է Վիլսոնը։ Բայց սա հարցի մի կողմն է, որի շուրջ ոգևորվում են արդի հայ քաղաքական մտքի ներկայացուցիչները, խորհում են, որ հնարավոր է այդ տարածքների վերադարձը և այլն։ Ցավով պետք է մատնանշել, որ նրանց կողմից այդպես էլ չի հստակեցվում այն ռազմավարությունը, որով կարելի է հասնել նշված տարածքների վերադարձին և ընդհանուր ոգևորության ալիքի մեջ նրանց քաղաքական լաստի բաղձալի ափին հասնելը մեզ լոկ վարդագույն երազ է թվում։ Այդ ռազմավարությունը հստակեցնել հնարավոր չէ՝ սառը դատողությամբ առաջնորդվելու և ՀՀ քաղաքական շահերը ճիշտ ընկալելու դեպքում։ Հայհոյողները թող շատ չոգևորվեն և Թուրքիայից զատ դրանց տեղատարափն ուղղեն նրանց, ովքեր դեմ են վաղաժամ քոչարիներին, ճիշտ են ընկալում քրդական գործոնը, չեն գտնում, որ գերտերությունները, անկախ որոշ հայանպաստ արտահայտություններից, մեզ կօգնեն կյանքի կոչելու վիլսոնյան սահմանները և կամ, ինչպես գինարբուքում է լինում, կհոխորտան դեպի թուրքերը, թե եթե կամովին չանեք՝ կստիպենք։ Անկողմնակալությունը և արդի ՀՀ քաղաքական վիճակի ճշգրիտ վերլուծությունը բերում է հետևյալ եզրահանգումներին՝ հայ քաղաքական մտքի մեջ առկա են մի քանի ուղղություններ, որոնց ծագումը պետք է պայմանավորել նրանց արևմտամետությամբ, ռուսամետությամբ, հակաթուրքականությամբ և սոսկ զգացմունքայնությամբ։ Արևմտամետները, խաղալով մեր ժողովրդի սուրբ զգացմունքների վրա, ցանկանում են ապացուցել, որ Սևրի պայմանագիրն ունի իրավական ուժ և կարելի է պահանջել դրա մասնավորապես 89-րդ կետի իրականացումը։ Իրավական ուժ ունենալու հարցը չենք քննարկում։ Միայն ավելացնենք, որ 1920թ. օգոստոսի 24-ի ռուս-թուրքական համաձայնագրի նախագծով չի ճանանչվել Սևրի պայմանագիրը, 1921թ. մարտի 16-ի պայմանագրով նույնպես և գծվել են միանգամայն այլ սահմաններ, որոնք հաստատվել են Կարսի պայմանագրով։ Լոզանի կոնֆերանսում առհասարակ մի կողմ նետվեց Սևրի պայմանագիրը, Լոնդոնի կոնֆերանսում ծնված «Հայկական օջախի» գաղափարն էլ անտեսվեց, որով ավարտվեց հայ քաղաքական մտքի դեգերումների մի շրջան, որը նորից սկսվեց Խորհրդային Միության անկումով։ Հայ քաղաքական մտքի արևմտամետ թևի ներկայացուցիչները այն գաղափարն են առաջ մղում, որ Սևրի պայմանագիրը չիրականացավ, որովհետև բոլշևիկները նպաստեցին նոր Թուրքիայի ստեղծմանը։ Սրա հակառակը ոչ մեկը չի կարող պնդել։ Դա արդեն դարձել է դասագրքային ճշմարտություն։ Բայց հայցելով բոլոր նրանց ներողամտությունն, ովքեր պաշտում են Վիլսոնին, պետք է արձանագրենք հետևյալը՝ Սևրի պայմանագրով Հայաստանին ոչ մի կոնկրետ տարածք չէր տրվում, այլ հետագայում պետք է իրավական և գործնական առումներով ամրագրվեին այն սահմանները, որոնք այդ պայմանագրի հիմքով գծելու էր Վիլսոնը և որն այդ արեց այն ժամանակ, երբ արդեն թուրքերն Ալեքսանդրապալում էին, իսկ ռուսները մտնում էին Քարվանսարա։ Հարկավ, Դաշնակիցները կուզենային, որ այդ տարածքները տրվեին Հայաստանին, բայց արդեն անզոր էին դրանում, և ստեղծված պայմաններում նրանք սկսեցին գաղտնի սիրաշահել Քեմալին, որն սկսեց խաղալ երկու լարի վրա։ Ռուսը վերադառնում էր իր նախկին տարածքները, ցանկանում էր քշել անգլիացիներին նեղուցներից, որն իրեն էր խոստացված Սայքս-Պիկոյի պայմանագրով դեռևս, բայց որոնց վրա նստել էին անգլիացիները։ Ուրեմն նա այլ քաղաքական խաղ էր սկսել խաղալ, իր համար օրինաչափ, որի պայմաններում ՀՀ-ին չէին կարող օգնել Դաշնակիցները, քանի որ հոգնել էին պատերազմից։ Ուստի խնդիրը վերջացավ նրանց կողմից ևս Քեմալի իշխանության ճանաչումով, ավելին, նրա հետ գաղտնի պայմանագրերով՝ ի վնաս Ռուսաստանի։ Այս գործընթացներն արդեն սկսվել էին և հենց Սևրի պայմանագիրն իր կնքած օրն արդեն իր ուժը կորցրել էր և դատապարտվել ձախողման, քանի որ նույն օրը կնքվեց Թիֆլիսի համաձայնագիրը, որով պետք է ռուսները ռազմակալեին Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը։ ԱՄՆ սենատն էլ արդեն մերժել էր Հայաստանի մանդատը։ Բայց այս ամենը մեզ տարօրինակ չպետք է թվա։ Ինչու° ենք մենք վիրավորված մեծ տերություններից, որոնք, ստեղծված պայմաններում, նման քայլերի էին դիմում։ Մեղադրենք մեզ, որ այդ իրավիճակում ճիշտ չկողմնորոշվեցինք։ Բայց արի տես, որ այսօր արևմտամետները Սևրի պայմանագրի իրականացման մասին հեքիաթապատում զրույցներ անելով՝ նորից մոլորեցնեւմ են մեր ժողովրդին, նորից նրան ձգում են դեպի քաղաքական ռոմանտիզմի գիրկը, դեպի հակառուսականություն, դեպի կողմնորոշումների աղետալի ճանապարհը՝ ծառայելով մութ նպատակների։ Նրանց կարել է հարց տալ՝ ինչպես եք վերաբերում քրդական գործոնին, եթե քուրդն այսօր մեզ բարեկամ է ձևանում՝ վստա°հ եք, որ չի դավելու վաղը, կարո°ղ եք հստակ նշել այն երկիրը, որը մեզ օգնելու է կյանքի կոչելու Սևրի պայմանագիրը՝ դեմ գնալով գերտերություն դառնալու միտում ունեցող Թուրքիային: Այդ երկրները չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել արցախյան հարցը։ Դուք նրանցից նոր տարածքնե°ր եք ակնկալում: Եզրակացությունը մեկն է՝ նրանք ծառայում են մութ քարոզչության, որի նպատակը մեր ժողովրդին Արևմուտքի ծառա դարձնելն է, նրանց կողմից օգտագործվելը, ինչպես մեր մեծ ցավը՝ հայոց ցեղասպանությունը: Նաև ռուսների հետ թշնամացնելն է, որից ոչինչ չենք շահում: Հարկավ, դա չի նշանակում, որ մենք պետք է ունենանք ռուսական կողմնորոշում, բայց դա չի ենթադրում, որ պետք է լինենք հակառուս կամ «հակա» առհասարակ: Ասվածը ճիշտ հասկանալու համար անդրադառնանք ռուսամետներին: Հայ քաղաքական մտքի այս թևը նույնպես կա, որի ներկայացուցիչները չեն թերագնահատում Սևրի պայմանգիրը, բայց դեմ են Արևմուտքին և նրա արժեքներին և չեն պատկերացնում ՀՀ անվտանգությունն՝ առանց Ռուսաստանի։ Սա շատ նուրբ վերաբերմունք պահանջող թև է, մեր մեջ տևականորեն նստած, որի դեմ խոսելը նույնիսկ կարող է ազգային դավաճանություն համարվել։ Ռուսը համարվում է այն ուժը, որը եթե չլինի, թուրքերը կմտնեն Հայաստան։ Սա շատ վիճելի հարց է, քանի որ այստեղ բախվում են այլ հզոր տերութունների շահեր, որոնք, անկախ ռուսների պարագայից, չեն կարող արգելք չհանդիսանալ թուրքերի նման ձգտումներին, որոնք չենք կարծում, որ առկա են։ Բայց Սևրի պայմանագրի նախընտրելիությունը 1920թ. ամռանը, և մեր քաղաքական մտքի մաքսիմալիզմը նպաստեց, որ առավել փոքր սահմանների վրա խորհրդայանցվեր Հայաստանը։ Ինչպես այլ առիթներով նշել ենք՝ եթե Հայաստանը իրեն խորհրդային հռչակեր հայ-թուրքական պատերազմից առաջ, ապա թերևս ռուսները ավելի շուտ կկասեցնեին թուրքերի առաջխաղացումը, և թուրքը կանգ առներ 1914թ. սահմանների վրա։ Պատահական չէ, որ հայ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական մտքի մեծագույն կրողներից Դրոն հենց սկզբից հակված էր այդ տեսակետին։ Բայց նա ռուսների հետ խորհրդայնացման պայմանագիրը կնքեց, երբ թուրքերն արդեն Ալեքսանդրապոլում էին։ Եզրակացությունը մեկն է՝ երբ արդեն քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվել էր, անհրաժեշտ էր հայ քաղաքական մտքի կտրուկ շրջադարձը նույնպես և ոչ թե կառչելը Սևրի պայմանագրից, որին արդեն Վիլսոնն էլ չէր հավատում և, որը, սահմանզատումը կատարելով, ավելի շատ դրսևորեց իր մարդասիրական հատկանիշները, քան թե դրանով ռեալ հնարավորություն ընձեռեց տիրելու մեր ուզածին։ Նա արդեն չընտրված նախագահ էր և, եթե ընտրված էլ լիներ, մեկ է՝ ոչինչ անել չէր կարողանալու։ Տվյալ իրավիճակում ճիշտը ռուսների հետ լեզու գտնելն էր, որը չի նշանակում, որ մենք պետք է միշտ որդեգրենք հավերժ ռուսների հետ կարգախոսը։ Նրանց հետ լինելը մենք չենք որոշում։ Ուրեմն այս ժամանկահատվածի դասը հետևյալն է՝ տվյալ իրավիճակում անհրաժեշտ էր Արևմուտքից ձեռք քաշել և արդեն օգտվել նոր քաղաքական գործընթացներից՝ լեզու գտնել ռուսների և թուրքերի հետ, որը խոստովանում են ժամանակակիցները՝ Ալ. Խատիսյանը, Ռ. Դարբինյանը, Հովհ. Քաջազնունին և այլք: Սակայն սա չի նշանակում, որ միայն ռուսների հետ լինելն է ճիշտ, ինչպես գտնում են շատերը: Ռուսը 1918թ. սկզբից հեռացել էր՝ մենք կարո°ղ էինք լինել նրա հետ: Հեռացածի հետ ինչպե°ս լինես: Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ռուսները կօգնեն մեզ՝ Թուրքիայից ստանալու տարածքներ՝ ավազով բերդ են կառուցում ծովի ափին: Հարկավ, հայ քաղաքական մտքի մեջ կան նաև իրապաշտներ, որոնք հաճախ զգուշանում են արտահայտվել, քանի որ այնքան լայն է արևմտամետների կամ ռուսամետների քարոզչությունը, որ նրանք արժանանում են կոշտ գնահատականների, դիտվում են ոչ հայրենասեր, թուրքամետ և այլն։ Եթե հայրենասիրությունը հայհոյելու մեջ է՝ եկեք ազգովի հայհոյենք։ Միգուցե ազերիները և թուրքերը վախենան և ասեն՝ համեցեք, վերցրեք ձեր տարածքները։ Իսկ եթե ցանկանում ենք, որ ամուր և հզոր դառնա մեր պետականությունը, եկեք չընկնենք խաբկանքների մեջ վերստին, որից դուրս չենք գալիս Բեռլինի կոնգրեսից ի վեր և մեր հնարավորությունների չափով դատենք և գործենք, և որ ամենակարևորն է՝ խաղալիք չդառնանք օտարի ձեռքին: Այս դեպքում միգուցե քիչ-քիչ ինչ-որ բանի հասնենք, թեկուզ և Սևրի պայմանագրի կյանքի կոչելու տեսանկյունից։

Քոչարի պարում են հաղթանակից հետո և ոչ թե դրանից առաջ: