«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կայացել է «Արցախի մշակութային ժառանգությունը, թվագրում հանուն պահպանության» կայքի շնորհանդեսը

24/05/2022

Այսօր՝ մայիսի 24-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը, թվագրում հանուն պահպանության» խորագրով անգլալեզու կայքի շնորհանդեսը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ կայքի ստեղծման նախագծի հեղինակները միջազգային փորձագետ Ասպետ Գոչիկյանն ու Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար, ավագ գիտաշխատող Նազենի Ղարիբյանն են, որոնց աջակցել է հուշարձանագետ Գագիկ Սարգսյանը: Կայքը ստեղծվել է Հայ բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ:

Նախագծի հեղինակ Ասպետ Գոչիկյանի խոսքով՝ նպատակ են ունեցել ստեղծել այնպիսի կայք, որը հասանելի կլինի օտար վերլուծաբաններին և նրանց ուսումնասիրությունների համար աղբյուր կհանդիսանա:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր փոքր թիմով կարողացանք հավաքագրել հուշարձանները, և պետք է նշեմ, որ սա առաջին քայլն է: Այսպիսի ձեռնարկները առիթ են, որ մարդիկ մեզ օգնեն, որպեսզի աշխատանքն առաջ տանենք: Կայքում ցանկագրված են Արցախի տարածքում գտնվող թե' աշխարհիկ, թե' կրոնական հուշակոթողներ, կա քարտեզ, որ ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում այդ հուշարձանները, կան նաև ձեռնարկներ տարբեր գիտաժոողովներից, որոնք նվիրված են ընդհանուր մշակութապահպանությանը: Ընդգրկել ենք նաև մատենագրություն բաժինը, որտեղ տարբեր լեզուներով հայկական կոթողների մասին նյութեր են հրատարակվել: Ինչպես նաև առկա են իրավական պայմանագրեր, որոնք վերաբերում են մշակութային կոթողների պահպանությանը»,-ներկայացրել է Ա. Գոչիկյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հնագետ Գագիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ կայքում ներկայացված են հուշարձանների նկարագրությունը, գտնվելու վայրը, կոորդինատները, լուսանկարները, չափագրությունները:

 

«Հուշարձանների մասին տեղեկությունները կուտակել ենք ԱՀ Կառավարության ծրագրով կազմակերպված «Արցախի պատմամշակութային հուշարձանների հաշվառում և գոտիավորում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքում: Կազմել ենք մոտ 4000 հուշարձանների մասին տեղեկությունների ցուցակ: Այդ հուշարձանները պետք է փնտրել ու գտնել, ուսումնասիրել: Մեր աշխատանքների ընթացքում գտել ենք նաև ամրոցներ, և միայն Քաշաթաղի շրջանում հայտնաբերել ենք 37 ամրոց, Քարվաճառի շրջանում` 10 ամրոց»,-նշել է հնագետը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նախագծի համահեղինակ Նազենի Ղարիբյանի համոզմամբ՝ կայքի ստեղծումը միտված է Արցախի հուշարձանների պահպանության խնդրին:

 

«Կայքը բաց է և հասանելի ամբողջ աշխարհի մարդկանց համար շուրջ վեց ամիս: Այն հիմնականում ունի գիտական ուղղվածություն: Հուշարձանները բաժանել ենք տարբեր կարգերի՝ ըստ իրենց պատկանելության, ձևի, ճարտարապետական ֆունկցիոնալության. նշված են նաև հուշարձանների անունները, տարեթիվը, մասնագիտական, արվեստաբանական, հնագիտական նկարագրությունը: Ընդգրկել ենք նաև Արցախի թանգարանները, որովհետև դրանք նույնպես մշակութային ժառանգության մի մասն են կազմում, և այս հարցում մեզ աջակցել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը, ինչի համար շնորհակալ ենք»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը:

 

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ այսօր այնպիսի ժամանակներ են, երբ անչափ կարևոր է սկզբունքների, մարդկային արժեքների` նյութական, ոչ նյութական, մարդու իրավունքների ազատությունների պահպանումը:

 

«Մենք պետք է ստեղծենք տեղեկատվական մի այնպիսի դաշտ, համակարգ, երբ յուրաքանչյուրին հասանելի կլինի ցանկացած տեղեկատվություն: Արցախը սոսկ էթնիկ բնակավայր չէ, այն պատմական հայկական տարածք է ու մեր քաղաքականության համար ամենակարևորը մշակութային արժեքների պահպանությունն ու հանրահռչակումն է, քանզի մեր հարևանները միշտ փորձել են ոչնչացնել ամբողջ նյութական ու ոչ նյութական արժեքները, որը շարունակվում է մինչ այսօր»,-ասել է Ա. Հակոբյանը:

Հուշարձանների մասին տեղեկությունների հավաքագրմանը մասնակցել է նաև ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով կատարված աշխատանքների վերջնարդյունքն ու գագաթնակետը կայքի ստեղծումն է համարում: Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։