«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԵՐՕՐՅԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ․ Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

15/06/2022

Վերջին շաբաթներին ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անունը ամենահիշատակվող անունն էր Հայաստանի լրատվամիջոցներում և քաղաքական քննարկումներում ու բանավեճերում: Գրեթե նույն պատկերն էր նաև Ադրբեջանում, որտեղ ևս կրեմլյան բարձրաստիճան ղեկավարը քննարկումների կիզակետում էր: 
Լավրովը,որը 1994-2004 թթ. Միացյալ Ազգերի կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչն էր, իսկ 2004 թ. ցայսօր ՌԴ ԱԳՆ – ն է, փաստացիորեն Պուտինի կառավարման առաջին տարիներից սկսած Ռուսաստանի  արտաքին քաղաքականության ղեկի մոտ է, նաև նախագահ Պուտինի կողքի թիվ մեկ գործիչը և ելցինյան վարչակազմի արտաքին քաղաքականության ռազմավարության արմատական փոփոխության ճարտարապետը: 
Ստացվել է այնպես, որ Լավրովի անունը սերտորեն կապվել է մեզ հետ, մեր ժողովրդի անկատար նպատակների և ներկա այն քաղաքական զարգացումների հետ, որոնք առնչվում են Հայաստանի, որպես պետության ապագայի և անվտանգության հարցերի հետ: Հիշենք թեկուզ հանրահայտ ,,Լավրովի պլանը,, որի գոյության լինել չլինելու մասին վարկածները դեռ շարունակվում են շրջանառվել: 
Լավրովի մասին անցած շաբաթ մամուլը լի էր հակասական կարծիքներով: Արևմտամետ ընդդիմադիրները, որոնք նրան համարում են վերջին 44-օրյա պատերազմի նախաձեռնողներից մեկը, կազմակերպել էին հակառուսական ակցիաներ և հրապարակումներ, որոնք ցավոք համեմված էին վիրավորանքներով և հարիր չէին հայ-ռուսական հարաբերությունների մթնոլորտին: Իշխանական մամուլը և իշխանամետ գործիչները հիմնականում զբաղված էին նկարագրություններով, իրական և սպառիչ տեղեկատվություն թե ինչ է քննարկվում, ինչ նախատեսվող որոշումների նախագծեր կան, ինչ է առաջարկվում, ինչ զիջումներ կարող են լինել Հայաստանի կողմից, լիարժեք չպարզաբանվեց: Ֆրանսիայի հրապարակի լիդերներն էլ փորձեցին առիթն օգտագործել և հանդիպել նրան, սակայն անարդյունք: Առավել բովանդակալից և առարկայական էին այն լրատվամիջոցների քաղաքական վերլուծաբաններն ու ընդդիմությանն ու իշխանությանը չհարող այն արտախորհրդանային կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք փորձում էին ելույթներում և մամլո ասուլիսներում հնչեցված արտահայտություններից կանխատեսումներ անել: 
Այժմ, երբ Լավրովը մեկնել է Երևանից, ժամանակն է սթափ վերլուծություններ անել: Նախ նշենք, որ հանդիպումների խտությունն (ս.թ. ապրիլի 8– ին ՀՀ ԱԳՆ Ա. Միրզոյանը եղել է Մոսկվայում, բանակցել Լավրովի հետ,  մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել հանդիպում ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակներում և հունիսին կրկին բանակցություններ Երևանում) արդեն հուշում է, որ չնայած ուկրաինական ճակատում գերծանրաբեռնվածությանը, հարավկովկասյան և մերձավորարևելյան ուղղությունները Կրեմլի համար մնում են առաջնային: Մեկ դիտարժան փաստ, Լավրովի երևանյան այցին նախորդել էր այցը Անկարա: Թուրքական այցի օրակարգում հիմնականում ուկրաինական և սիրիական խնդիրներն էին, բայց ըստ պաշտոնական տեղեկատվության քննարկվել են նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չաուշօղլուն չթաքցրեց այդ և  նշեց, որ քննարկել են նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները և շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին աջակցության համար, կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը: Նա առանձնակի շեշտադրում արեց <<3+3>> ձևաչափով համագործակցության կարևորությունը ռուս թուրքական հարաբերություններում: Անկարայում և Երևանում հայտարարություններն ու ելույթները, առկա տեղեկատվությունը հնարավորություն է տալիս որոշ եզրահանգումների գալ:

Եզրակացություն առաջին. Լավրովի այցը սկզբում Անկարա, հետո Երևան, և հայ գործընկերոջ հետ հանդիպումների հաճախականությունը վկայում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների և Արցախի կարգավիճակի ճշտման կարգավորման գործընթացը անցնում է Ռուսաստանի հարավկովկասյան և մերձավորարևելյան արտաքին քաղաքական ռազմավարության պրիզմայի միջով: Համոզված չեմ, բայց մտահոգություն ունեմ, որ հայկական շահերը այս իրադրության պայմաններում կարող են և ստորադասվել այլ շահերի: ՌԴ-ն և Թուրքիան  որպես տարածաշրջանի առանցքային դերակատարներ, անընդհատ ստիպված են հստակեցնել իրենց քաղաքականությունը:  Ռուս-թուրքական համագործակցություն/մրցակցությունը այնքան հեղհեղուկ է, անկայուն և փոփոխական, որ հստակ արդյունքներ ակնկալելը շատ դժվար է: Հիմա էլ թուրքերը կրկին մեծ ռազմական գրծողություններ են նախատեսում Սիրիայում, որին կտրուկ դիմակայում է ռուսների հավատարիմ դաշնակից Բաշար Ասադը և նորից հարաբերությունների ճշտման խնդիր է ծագել: Որպես օրինաչափություն, երբ ճշտվում են ռուս-թուրքական հարաբերությունները, Անկարան մեջ է բերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման պահանջը և կրկին սկսվում է արցախահայության ճակատագրի շուրջ շահարկումները: 

Եզրակացություն երկրորդ: Եվրոպական Միության քաղաքական այրերի ակտիվացումը և միջնորդական ջանքերը, ռուս-թուրքական հերթական մերձեցման պարագայում արտաքուստ շատ դրական տպավորություն են թողնում և հերթական անգամ Հայաստանում կարող են նոր հույսեր ծնել, հատկապես Արցախի կարգավիճակի մասին Արևմուտքից հնչող հայտարարությունների լույսի ներքո: Արևմտամետ հանրության համար սա շատ ոգևորիչ է և ակտվացման հերթական խթան: Բայց այստեղ կա շատ վտանգավոր գայթակղություն, որը կարող է ճակատագրական լինել: Պետք է լավ հասկանալ, որ արևմտյան էմիսարների գլխավոր նպատակը Ռուսաստանի ազդեցության գոտիների կրճատումն է հետխորհրդային երկրներում, նոր ճակատների բացումը և սև խոռոչների ստեղծումը ռուսական պետության ռեսուրսները մաշելու և նրան երկրորդական պլան մղելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության իներտ և անարդյունավետ գործունեությունը պայմաններ ստեղծեց Բրյուսելի ակտիվացման համար, սակայն ԵՄ-ն չունի գործուն լծակներ՝ տարածաշրջանում զինված ուժեր և ռազմակայաններ, և չի կարող լուրջ դերակատար լինել։ Հակառակ դրան ՌԴ-ն տարածաշրջանում ունի զորքեր, որը հստակ լծակ է հարց լուծելու համար։ Մոսկվայի միջնորդական առաքելությունը շատ ավելի իրականանալի արդյունքներ կարող է տալ, որովհետև նա հզոր ազդեցության միջոցներ ունի և Ադրբեջանի և Թուրքիայի վրա: Իհարկե Բրյուսելն ու Վաշինգտոնն էլ որոշակի գործիքներ ունեն, օրինակ պատժամիջոցների կիրառումը նավթի և գազի արտահանման վրա, ադրբեջանական ակտիվների սառեցումը և այլն, բայց ինչպես ցույց տվեց վերջին պատերազմը արևմտյան ղեկավարները հանդիսատեսի կարգավիճակում էին, հայերը ագրեսոր էին նրանց համար, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ կառույցներն էլ իջել էին ջրի հատակը: Նրանք երբեք էլ քննարկման չեն դրել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման պահանջը: Սահմանների ճշտման   քարտեզները, նույնպես  գտնվում են ոչ թե Բրյուսելում, այլ՝ Մոսկվայում։ Այս առումով պետք է արձանագրել. ՌԴ-ն ռազմական, քաղաքական, տնտեսական, պատմական առումներով գործնականում  շատ ավելի մեծ հնարավորություն ունի առաջնորդել խաղաղության հաստատման գործընթացը։ Ցանկացած շեղում ռուսական շահերի գոտուց, կարող է հանգեցնել պատժիչ հակահարվածի: Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը, Ղրիմի միացումը և ուկրաինական դեպքերը դրա վկայությունն են:
Եզրակացություն երրորդ․ Լավրովի այցը և բանակցությունները տեղի տվեցին որոշակի դրական սպասելիքների: Ելույթների և մամլո ասուլիսների ընթացքում կարմիր թելի նման անցավ այն միտքը, որ Հայաստանը տարածքային կորուստներ չի ունենա և անվտանգային հարցերում կստանա Մոսկվայի աջակցությունը: Լավրովը խոսեց ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման կոնկրետ համաձայնությունների մասին: Որպես հարավային-մերձավորարևելյան ուղղության ճանապարհին ՌԴ միակ ռազմաքաղաքական դաշնակից՝ Հայաստանը կպահպանի իր հատուկ դերակատարությունը:
Եզրակացություն չորրորդ․ Ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ է պահպանվում Արցախի մնացած հատվածը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով, պետք է շատ ուշադիր և հանդուրժողաբար ուսումնասիրել հակամարտության կարգավորման կրեմլյան առաջարկները, որոնք փուլային բնույթ են կրում: Լավրովի խասքից պարզ դարձավ, որ սկզբում նախատեսվում է լուծել սահմանային,  լոգիստիկ կոմունիկացիաների  խնդիրները, իսկ հակամարտության վերջնական կարգավորմանն ու կարգավիճակին անդրադառնալ հետագայում: Առաջին հայացքից առավել հայանպաստ է թվում բոլոր հարցերի փաթեթային լուծումը, բայց դա միայն զգացմունքային-հայրենասիրական պաթոսի դեպքում: Պատճառն այն է, որ Ալիևը, օգտվելով հաղթողի իր կարգավիճակից, շտապում է հենց փաթեթային լուծմամբ կուլ տալ Արցախի մնացած հատվածը և ընդմիշտ թաղել կարգավիճակի հարցը: Նրան ոգևորում է տարածքային ամբողջականության նկատմամբ արևմտյան պետությունների դրական մոտեցումը:
Եզրակացություն հինգերորդ․ Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան մոտ երկու տարվա ընթացքում, Ալիևը նոյեմբերի 9/10-ի հայտարարություն-համաձայնագրի կոմունիկացիաների բացման համապատասխան կետերի վրա հենվելով, մեծ համառությամբ, նույնիսկ պատերազմի սպառնալիքով պահանջում էր միջանցք դեպի Նախիջևան: Ի դեպ, որպես հիմնավորում, ադրբեջանական կողմը նրա գործարկման համար պահանջում է Լաչինի միջանցքի նույն ռեժիմը: Մեզ համար ոչ, բայց դրսի դիտորդների համար սա նույնիսկ արդարացի պահանջ է համարվում: Լավրովի այցի սենսացիան այս խնդրի հետ կապված նրա արտահայտայտությունն էր՝ Հայաստանով պարզեցված ռեժիմով դեպի Նախիջևան ճանապարհի մասին: Այս մեկ արտահայտությունը նոր փոթորիկ բարձրացրեց և ոգևորեց դավադրությունների տեսության գիտուններին: Մեր կարծիքով պարզեցված ռեժիմով ճանապարհը այն միջին լուծումն է, որ առաջարկում է ռուսական կողմը: Ճիշտ է պարզեցված ռեժիմով ճանապարհը դեռևս լրիվ գաղտնազերծված չէ թե ինչ է այն իրենից ենթադրում, բայց դժվար չէ կանխատեսել, որ դա ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող ավտոտրանսպորտային ճանապարհ է լինելու, որտեղ մաքսային վերահսկողության գործի կազմակերպման առավել արագ ու պարզ կարգ է գործելու: Խնդրի լուծման այս միջանկյալ տարբերակը վատը չէ և միջանցք կոչվող չարիքից խուսափելու միջոց է:
Եզրակացություն վեցերորդ․ Լավրովի ևս մեկ սենսացիոն հայտարարություն Փառուխի հարցը դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում լուծելու մասին ծնեց չհիմնավորված ոգևորություն, շատերը սխալ հետևություններ արեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանների ճշտման մասին, իսկ Բաքվում փոթորկվեց մեծ անհանգստություն և տագնապ, Լավրովին մեղադրեցին ոչ ադեկվատ վարքի և լեզվի սայթաքումների համար: Իրականում այս արտահայտությունը սխալ էր հասկացվել: Լավրովի խոսքի իմաստը Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշտման հրատապության շեշտադրումն էր, որպեսզի Փառուխի նման միջադեպեր չառաջանան:
Եզրակացություն յոթերորդ․ Նկատվող լուրջ տարակարծությունն այն է, որ Ա. Միրզոյանը համատեղ մամլո ասուլիսում շեշտադրեց Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը, Լավրովը ընդհանրապես ոչ մի խոսք չասաց այդ մասին: Հավանաբար այս հարցում լուրջ տարակարծություններ կան: Իրավիճակի հակասականությունը նրանումն է, որ միջնորդական առաքելությունը ղեկավարող երեք համանախագահող պետություններից երկուսը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ուժեղ առճակատման մեջ են Ռուսաստանի հետ ուկրաինական հարցերում: Սկսվել է նոր սառը պատերազմ, որն արդեն հարցականի տակ է դնում նրանց միջնորդական առաքելության հաջողությունը:
Ավարտեմ խոսքս դրական շեշտադրմամբ և հիշատակեմ Լավրովի ևս մեկ արտահյտություն ներկա միջպետական հարաբերությունների բնույթի մասին: ,,Մենք ունենք դիրքորոշումների համընկնում համաշխարհային տարածաշրջանային խնդիրների մեծամասնությունում։ Պայմանավորվել ենք այսուհետ ևս համակարգել գործողությունները, այդ թվում՝ միջազգային հարթակներում՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները։,, Տրմադրվենք և սպասենք լավ նորություններին: 

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am