«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, էկոլոգիական իրավունք․ ի․գ․թ․ Հեղինե Գրիգորյան-Հախվերդյան

19/09/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ավագ գիտաշխատող, ԱՄՆ Ֆուլբրայթ կրթաթոշակառու, իրավաբանական գիտությունների թեկնածու Հեղինե Գրիգորյան-Հախվերդյանը։

- Հասարակության և բնության փոխներգործության հիմնահարցերի և դրանց իրավական կարգավորման հիմքերի, բնօգտագործման և շրջակա բնական միջավայրի պահպանության վերաբերյալ ժամանակի ընթացքում իրավագիտության մեջ ձևավորվեց իրավունքի նոր ճյուղ՝ էկոլոգիական իրավունքը։  Կխնդրեի նախ անդրադառնայիք էկոլոգիական իրավունքի ձևավորման պատմությանը և ուսումնասիրության օբյակետին (ե՞րբ է ձևավորվել, ի՞նչ է ուսումնասիրում, ի՞նչ կիրառական արդյունքներ է տալիս և այլն): 
- Ուրախ եմ ընթերցողին ներկայացնելու շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, ոլորտի օրենսդրությունը, մարտահրավերներն ու զարգացման միտումները: Էկոլոգիական իրավունքի ձևավորման պատմության մասին խոսելիս հարկ է նշել, որ այն՝ որպես իրավունքի առանձին ճյուղ բավականին երիտասարդ է, սակայն շատ ինտենսիվ զարգացող, քանի որ օրեցօր շատացող էկոլոգիական մարտահրավերները անընդհատ նոր խնդիրներ են դնում գիտության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ էկոլոգիական իրավունքի առաջ: Շրջակա միջավայրի պահպանությունը կարևորվում է ոչ միայն մեր օրերում, այլ նաև շատ դարեր առաջ: Օրինակ, մեզ շատ հայտնի Խոսրովի անտառը հիմնվել է դեռևս 4-րդ դարում Խոսրով Գ Կոտակ թագավորի կողմից և ծառայել որպես արքունի որսատեղի: Պատմիչների վկայությամբ անտառում կենդանիների բազմացման սեզոնին արգելվել է որսը՝ ապահովելով բնական վերարտադրությունը: 
Գալով ժամանակակից էկոլոգիական իրավունքին՝ պետք է նշել, որ տարբեր երկրներում իրավունքի այս ճյուղի ձևավորումն ունեցել է իր առանձնահատկությունները. օր.՝ Անգլիայում դեռևս 14-րդ դարում արգելվել է քաղաքների տարածքում ածուխ այրելը և ջրային օբյեկտներում աղբ թափելը,  ԱՄՆ-ում էկոլոգիական իրավունքի սկզբնավորումը սկսվել է 1899թ.-ին «Գետերի ու ծովածոցերի մասին» ակտի ընդունմամբ, ԽՍՀՄ-ում մեկնարկային կետ է համարվել «Բնության պահպանության գործի արմատական վերակազմակերպման մասին» Կոմկուսի Կենտկոմի կողմից 1988թ. ընդունված որոշումը:  
Ընդհանրապես 1960-ականներից էկոլոգիական շարժումը սկսեց մեծ թափ հավաքել աշխարհում՝ ստանալով ինչպես քաղաքական, այնպես էլ ինտելեկտուալ հզոր լծակներ: Այս ամենի տրամաբանական հանգուցալուծումը 1972թ.-ին Ստոկհոլմում կայացած «Մարդու միջավայրը» խորագրով համաժողովն էր, որն ընդունեց մի շարք առանցքային փաստաթղթեր ու հիմնադրեց ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը՝ որպես միջազգային մակարդակում էկոլոգիական-իրավական զարգացումներն ուղղորդող հեղինակավոր կենտրոն: Ստոկհոլմի կոնֆերանսից հետո ինտենսիվորեն սկսեցին մշակվել ու ընդունվել տարբեր էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներ, որոնք լրացրեցին 20-րդ դարասկզբին ընդունված սակավ փաստաթղթերի ցանկը: Գլոբալ էկոլոգիական կոնվենցիաների շարքում հարկ է հիշատակել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, «Անապատացման դեմ պայքարի մասին» և «Կենսաբազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաները և այլն: Սրանք առանցքային նշանակություն ունեցող միջազգային-իրավական փաստաթղթեր էին, որոնք արդեն առանձին պետություններին էկոլոգիական իրավունքի ձևավորման ու զարգացման օրակարգ ստեղծեցին: 

- Տիկին  Հախվերդյան, խնդրում եմ հակիրճ ներկայացնեք Հայաստանի Հանրապետության էկոլոգիական հիմնախնդիրների ընդհանուր բնութագիրը:
- Դրանք հիմնականում արտացոլում են գլոբալ էկոլոգիական մարտահրավերները, որոնք առավել խիստ կամ մեղմ դրսևորումներ ունեն մեր երկրներում՝ կապված տեղական պայմանների, բնակլիմայական առանձնահատկությունների և մի շարք այլ հանգամանքների հետ: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր է, որի տարածքի 90%-ը գտնվում է ծովի մակարդակից 1000մ-ից ավել բարձրության վրա: Խիստ կտրտված ռելիեֆի և զառիթափության հետևանքով երկրի տարածքին բնորոշ են բարձր հաճախության և ինտենսիվության հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, որոնք առաջացնում են երաշտներ, սողանքներ, սելավներ, անտառային հրդեհներ և այլն՝ զգալի կորուստներ պատճառելով բնակչությանը և տնտեսությանը: Կլիմայի կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը ողջ երկրի տարածքում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4,70C-ով՝ ուղեկցվելով միջին տարեկան տեղումների անկմամբ: Նման փոփոխություններն անխուսափելի ազդեցություն կունենան բոլոր բնական և կառավարվող համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և սննդի անվտանգության, մարդու առողջության, բնակավայրերի, ենթակառուցվածքների և այլ ոլորտների վրա։ Հրատապ ուշադրություն ու արձագանք պահանջող խնդիրներից են Սևանա լճի պահպանությունը, ինչպես նաև թափոնների կառավարումը, որը դեռևս պատշաճ համակարգված չէ և հեռու է միջազգայնորեն ընդունված ստանդարտներից: Այս շարքը երկար կարելի է շարունակել, սակայն աներկբա է, որ առկա ու սպասվելիք խնդիրներին արդյունավետ լուծումներ կարելի է գտնել, եթե կա էկոլոգիական կրթության ու իրազեկվածության պատշաճ մակարդակ, այսինքն՝ էկոլոգիական քաղաքականություն մշակող ու իրականացնող որակյալ կադրեր ու տեղեկացված հասարակություն:

- Հայտնի է, որ 1991 թ․ անկախությունից ի վեր ՀՀ-ն քայլ առ քայլ ստեղծել է  բնապահպանական օրենսդրություն․ ընդ որում շրջակա միջավայրի պահպանությունը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։ Տիկին Հախվերդյան, խնդրում եմ լուսաբանեք շրջակա միջավայրի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համակարգը։
- Որպեսզի լայն լսարանին պարզ լինի, եկեք այդ համակարգը պատկերացնենք ծառի տեսքով, որտեղ ծառի բունը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող կանոններն են, խոշոր ճյուղերը շրջակա միջավայրի առանձին օբյեկտների ու բնական ռեսուրսների (անտառներ, ջրային ռեսուրսներ, ընդերք, մթնոլորտային օդ, կենդանական ու բուսական աշխարհ և այլն) պահպանության ու օգտագործման հարաբերությունները կարգավորող օրենքներն են, իսկ արդեն ավելի փոքր ճյուղերը յուրաքանչյուր ոլորտի օրենքներից բխող ՀՀ կառավարության որոշումներն ու գերատեսչական ակտերը, որոնցով սահմանվում են առանձին կարգեր, ընթացակարգեր, մեթոդաբանություններ և այլն: Որքան ներդաշնակորեն են այս օղակներն իրար կապված, այնքան արդյունավետ է օրենսդրությունը կիրառության մեջ:

- Որպես ուսումնասիրող, հետազոտող՝ ի՞նչ կասեիք, ինչպիսի՞ պատկեր է հայ հասարակության մոտ մարդու էկոլոգիական իրավունքների իրացման համապատկերում։
- Ավելի քան 10 տարի աշխատում եմ այս ոլորտում և´որպես հետազոտող, և´ որպես փորձագետ, ու էկոլոգիական իրավունքների իրացման հետ կապված բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվելու քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների ու հանրային ծառայողների հետ: Միանշանակորեն կարող եմ փաստել, որ այդ իրավունքների իրացման մակարդակն անբավարար է, ու հիմնական պատճառը իրազեկվածության խնդիրն է: Միևնույն ժամանակ չի կարելի չնկատել, որ հատկապես վերջին տարիներին տարբեր բնապահպանական շարժումների, միջազգային ու ազգային ծրագրերի, և ինչու ոչ, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման շնորհիվ պատկերը սկսել է փոխվել: Էկոլոգիական իրավունքների իրացման հետ կապված մեկ այլ առանցքային խնդիր է անվստահությունը առ այն, որ իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու դեպքում հնարավոր է դրական արդյունք ստանալ: Այս առումով իրապես հսկայական անելիք կա ինչպես օրենսդրության կատարելագործման, այնպես էլ իրավապահ ու դատական համակարգի բարեփոխման առումով: Եվ վերջապես, շատ քիչ են այն մասնագետները, ովքեր կարող են էկոլոգիական իրավունքների պաշտպանության հարցերով որակյալ խորհրդատվություն մատուցել կամ փաստաբանական ծառայություն մատուցել:

- Հասկանալի է, որ ՀՀ-ում հատկապես վերջին տարիներին էկոլոգիական խնդիրներ են կուտակվել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Կխնդրեի անդրադառնալ նաև ՀՀ-ում էկոլոգիական իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության հիմնահարցերին։
- ՀՀ օրենսդրության համաձայն՝ էկոլոգիական իրավախախտումների դեպքում հիմնականում կիրառվում են պատասխանատվության հետևյալ տեսակները՝ քրեական, վարչական և նյութական (վնասների հատուցում): Այս տեսակներից որևէ մեկի պարագայում դժվար է խոսել նույնիսկ բավարար արդյունավետության մասին, քանի որ օրենսդրության անկատարությունից բացի, իրավախախտումներ հայտնաբերող ու պատասխանատվության ենթարկող մարմինները (Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմին, ՀՀ ոստիկանություն, որոշ դեպքերում համայնքի ղեկավար) չունեն բավարար անձնակազմ, տեխնիկական ու մասնագիտական հագեցվածություն: Եկեք դիտարկենք մի քանի օրինակ. շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված բավականին մեծ ծավալի իրավախախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն հիմնականում տուգանքի տեսքով, որոնք  սիմվոլիկ գումարներ, և հաճախ իրավախախտին առավել «ձեռնտու» է վճարել տուգանքը և շարունակել խախտումները, քան ներդրումներ անել տեխնոլոգիան փոխելու կամ այլ կերպ խախտումները վերացնելու համար: Ավելին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը չի նախատեսում առավել խիստ պատիժ կրկին անգամ միևնույն իրավախախտումը կատարելու համար: Եվ համառոտ՝ նաև նյութական պատասխանատվության մասին, որը, ըստ էության, վնասների հատուցումն է: Պատասխանատվության այս տեսակը պետք է կիրառվի ցանկացած իրավախախտման դեպքում, որի հետևանքով վնաս է պատճառվել շրջակա միջավայրին ու դրա տարրերին: Եվ այստեղ շատ կարևոր հարց է ծագում. ինչպե՞ս գնահատել այդ վնասները: Չէ՞ որ շրջակա միջավայրի տարրերը սերտորեն կապված են միմյանց հետ, ու մեկի վնասումը կամ ոչնչացումը հանգեցնում է ամբողջ համակարգի վատթարացմանը: Հետևաբար վնասները գնահատելիս պետք է հաշվարկել ոչ միայն, օրինակ, հատված կամ այրված անտառի արժեքը, այլ նաև վնասված հողի, կենդանական ու բուսական աշխարհի վնասված կամ վերացած պոպուլյացիաների արժեքը և այլն: Ժամանակակից աշխարհում այս հաշվարկները կատարվում են հատուկ մեթոդաբանություններով: Ցավոք, Հայաստանում դեռևս հաշվարկներն իրականացվում են սակագնային մեթոդով (օրինակ՝ հատված որևէ տեսակի ծառի արժեքը X դրամ սկզբունքով), որը հեռու է վնասի իրական չափը և արժեքն արտացոլելուց: 
Առկա խնդիրները նշվածներով չեն սահմանափակվում, և հետևողական ու ծավալուն աշխատանք է պահանջվում, որը պետք է հաշվի առնի աշխարհում հաջողված փորձն ու տեղական առանձնահատկությունները:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am