«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իլհամ Ալիևը բնութագրվել է որպես Մայքլ և Սոնի Կոռլեոնեի «խառնուրդ». The Washington Post

06/12/2022

Ամերիկյան The Washington Post օրաթերթն անդրադարձել է Աֆղանստանում պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը:

Նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանության՝ 2009 թ. գաղտնի դիվանագիտական հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրվել է որպես Մայքլ և Սոնի Կոռլեոնեի «խառնուրդ»: Ըստ տեղակագրի՝ Ալիևի նպատակն այնպիսի քաղաքական միջավայրի ստեղծումն է, որտեղ նրա դինաստիան հարցականի տակ չի դրվում: «Ավելի ուշ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց փոխնախագահ։ Երկուսն էլ մնում են իրենց պաշտոններում»,- նշել է պարբերականը և շարունակել. «Մի կողմ թողնելով Ադրբեջանում նման կոռուպցիայի մշակույթի հետ կապված մտավախությունները՝ Պենտագոնի պաշտոնյաներն Ալիևին համոզել են բացել երկրի սահմաններն ու օդային տարածքը Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման կարևորագույն ուղիների համար»։

Ըստ պարբերականի՝ փոխարենը ամերիկացի պաշտոնյաները խոստացել են ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն Ալիևի հետ և 369 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագրեր են փոխանցել Silk Way Airlines ադրբեջանական բեռնափոխադրողին, որը, ամերիկացիների կարծիքով, վերահսկում էր Ադրբեջանի կառավարությունը:

Հոդվածում նշվում է Ադրբեջանի հետ գործարքի պատասխանատու երկու գեներալի անուն՝ Դունկան ՄըքՆաբ և Ուիլիամ Ֆրեզեր Երրորդ: Հոդվածի հեղինակի խոսքով՝ ՄըքՆաբը 2011 թ. զինվորական ծառայությունից թոշակի անցնելուց հետո աշխատանքի է ընդունվել Silk Way Airlines ավիաընկերությունում և ստացել ամսական 10000 դոլար՝ մեկ ամսվա ընթացքում աշխատելով մի քանի օր: Նա նաև երեք ամիսը մեկ անգամ եղել է Բաքվում՝ ավիաընկերությանը խորհրդատվություն մատուցելու համար: 

Ֆեյզերը, թոշակի անցնելով 2014 թ., նույնպես պայմանագիր է կնքել միևնույն ավիաընկերության հետ՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարվելով օրական 5000 դոլար: Ըստ ԱՄՆ կանոնակարգի՝ պաշտոնաթող զինվորականները պետք է ստանան այլ երկրներում աշխատանքի դաշնային թույտվություն, եթե հրավիրող ընկերությունը մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է որևէ երկրի կառավարությանը: ՄըքՆաբը նման թույլտվության համար չի դիմել՝ հիմնավորելով, որ ադրբեջանական ընկերությունը չի պատկանում կառավարությանը: Սակայն Ֆեյզերն աշխատանքի անցնելուց առաջ ստացել է դաշնային թույլտվություն: Պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ Silk Way Airlines ընկերության բաժնետերերի մեջ նշվում է նաև Իլհամ Ալիևի դուստրերից մեկի անունը, պաշտոնաթող գեներալը պատասխանել է, որ դա պարզապես լրատվամիջոցների վարկածներից մեկն է: