«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպես արձագանքել ԱՄՆ-ից և ԵՄ-ից եկող ազդակներին․ «Առավոտ»

30/07/2021

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․
«Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով դադարեցվում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Ըստ փորձագետների՝ այդ օգնությունը վերջին 3 տարվա ընթացքում կազմել է մոտ 100 միլիոն դոլար: (Համեմատության համար նշենք, որ վերջին տարիներին Հայաստանին տրվող ԱՄՆ ռազմական օգնությունը էապես ավելի քիչ էր՝ 1-2 միլիոն դոլարի սահմաններում): Ավելի կոնկրետ՝ խոսքը  «Միջազգային ռազմական կրթություն եւ ուսուցում»,  եւ «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրերի մասին է, որոնց համար ամերիկյան պետական բյուջեից նախատեսվում է այլեւս գումարներ չհատկացնել:
Չնայած դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն, Կոնգրեսի որոշման քաղաքական նշանակությունը մեծ է: Լուրջ շանսեր կան, որ Սենատը կհաստատի, իսկ այնուհետեւ նախագահ Բայդենը կստորագրի այդ օրինագիծը: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի լուրջ դերակատարություն ունենալ տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Չնսեմացնելով հայ համայնքի եւ հայկական լոբբիի դերը այդ որոշման ընդունման մեջ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ խնդիրը Միացյալ Նահանգների պետական շահերն են, որոնց հակասում են ռուս-ադրբեջանա-թուրքական չափից դուրս մեծ հավակնությունները Հարավային Կովկասում եւ առավել եւս՝ Չինաստանի ծրագրերը, որոնք նույնպես, այսպես թե այնպես, ներառում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»:
Իրավիճակն իսկապես մեզ համար բարդ է. մենք այս պահին, կարծես թե, հնարավորություն չունենք հրապարակավ հակադրվելու Ռուսաստանի ճնշմանը: Նման դիմադրությունը կարող է բերել նոր տարածքային եւ մարդկային կորուստների, որովհետեւ Ռուսաստանն այդ դեպքում առնվազն դեմ չի լինի ադրբեջանական նոր սադրանքներին, մինչեւ որ մենք չիրականացնենք Պուտինի եւ Էրդողանի մշակած եւ համաձայնեցված ծրագրերը: Բայց դա չի նշանակում, թե պետք է անհաղորդ լինել Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ ընդհանրապես ԵՄ-ից եկող ազդանշաններին: Ինձ թվում է, դեռեւս տեսական հնարավորություն կա՝ վերջնականորեն «հանձնվելուց» խուսափելու համար: Եվ դա մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներից պահանջում է ոսկերչական աշխատանք:
Բայց նախեւառաջ՝ լավ տեղեկացվածություն եւ աշխատելու ցանկություն: Իսկ հայեցակարգային առումով, այսպես ասած՝ «հետագայի համար», արժե մտածել՝ արդյո՞ք «կոմպլեմենտարիզմը», իսկ այնուհետեւ՝ «բազմավեկտոր» քաղաքականությունը այն միակ եւ ճիշտ ուղին է, որը կարելի է բռնել արտաքին քաղաքական ոլորտում: Գուցե արժե՞ ավելի խորը երկկողմանի կապեր հաստատել նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Չինաստանի հետ:
«Փոխլրացման» մեջ ես որոշակի «ռեակտիվ» տարր եմ տեսնում. մի կողմից մի բան կպցնենք, եթե մյուս կողմը դժգոհ մնա, այնտեղից էլ մի բան ավելացնենք: Շատ հնարավոր է, այդ մոտեցումը հնացել է: Եթե այս՝ «հեղափոխական» իշխանությունից հետո Հայաստան պետությունը մնա,  ապա, թերեւս, շատ հարցերում կպահանջվի նոր հայացք»: