Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի Հայաստանին․ Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան իր պարտքն է համարել և շարունակելու է համարել Հայաստանի կողքին կանգնելը՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։
Նախ՝ շնորհակալություն հենց նոր հնչեցրած Ձեր խոսքերի համար, պարոն վարչապետ՝ թանկագին Նիկոլ։ Դրանք ինձ խորապես հուզեցին։ Եվ այն, ինչ Դուք հիշեցիք՝ այդ հիշողությունները, իսկապես 2022 թվականի աշնանից, ես ոչինչ չեմ մոռացել այդ գիշերից։ Պատերազմի սկզբից ընդամենը երկու տարի էր անցել։ Իրավիճակը շատ անկայուն էր, և Դուք ցուցաբերեցիք մեծ խիզախություն, քանի որ որոշում էիք կայացնում Ձեր երկրի համար։
Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախ՝ Ֆրանսիան այդպիսի պահերին, իմ համոզմամբ, կատարել է իր պարտքը։ Ճիշտ է, Եվրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թե ինչու ենք մենք անվերապահորեն աջակցում Հայաստանին։ Ի դեպ, ձեզ հանգստացնելու համար նշեմ, որ այն հանդիպումից հետո, որին վարչապետն անդրադարձավ, ես գրեթե դուրս էի մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ։ Այժմ իրավիճակը կարգավորվել է և, բարեբախտաբար, հանդարտվել է։ Բայց եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք՝ այս ամենը ասելու համար, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Դա արդար էր։ Եվ պատմության ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, և այդ դժվար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ։
Խաղաղության այն պատկերացումը, որ մենք ունենք մեզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանվում է միջազգային կարգը։ Նույնիսկ այն դեպքում, երբ դա տվյալ պահին չի բխում մեր շահերից, նույնիսկ, երբ հաշվարկային մոտեցումները կթելադրեին աչք փակել և այլ կողմ նայել, նույնիսկ, երբ շատերը հաշվարկում էին գազի խորանարդ մետրերը կամ այլ ուժերի հետ ավելի շահավետ պայմանագրերից բխող շահերը։
https://armenpress.am/hy/article/1249247