Արձանները հիշողության համար են, ոչ թե փառքի. Աշոտ Ներսիսյան
Գյումրիում բացված Կարո Սասունու արձանը կարևոր իրադարձություն է ոչ միայն քաղաքի, այլև մեր ազգային պատմական հիշողության համար։ Ցավոք, ինչպես հաճախ է լինում, հուշարձանի բացումից իսկ սկսվեցին քննարկումներ, որոնք ավելի շատ վերաբերում էին այն հարցին, թե «ով է դրա հեղինակը», «ով է դրանից շահել» կամ «ինչ քաղաքական նպատակ է հետապնդվում», քան հենց Կարո Սասունու պատմական կերպարին։
Անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ արձանագրել, որպեսզի հետագայում դրանք չխեղաթյուրվեն։
Կարո Սասունու արձանի տեղադրման նախաձեռնությունն իմն էր։ Տարիներ շարունակ զբաղվելով Կարո Սասունու կյանքի և գործունեության ուսումնասիրությամբ՝ համոզված էի, որ նրա հիշատակը պետք է արժանանա պատշաճ հանրային գնահատականի և հավերժացվի նրա անվանը համարժեք հուշարձանով։
Այս գաղափարի իրականացման ամբողջ ընթացքում շուրջ չորս տարի իմ կողքին է եղել քանդակագործ Արթուր Գևորգյանը։ Միասին բազմիցս քննարկել ենք արձանի հայեցակարգը, տեղադրման հնարավոր վայրերը, նրա գեղարվեստական ու պատմական համապատասխանությունը քաղաքային միջավայրին։ Այդ երկարատև աշխատանքի շնորհիվ էլ ձևավորվեց այն պատկերացումը, որի հիման վրա հնարավոր դարձավ նախաձեռնության իրականացումը։
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ արձանի տեղադրման հարցում առաջին պետական կառույցը, որը ցուցաբերեց իրական հետաքրքրվածություն և աջակցություն, Շիրակի մարզպետարանն էր։ Հենց մարզպետարանի նախաձեռնությամբ և հանձնարարականով գործընթացին միացավ նաև Գյումրու քաղաքապետարանը, որի համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել արձանի տեղադրումը։
Քանդակագործ Միսակ Մելքոնյանը պատվերով իրականացրել է արձանի ստեղծումը՝ ներդնելով իր մասնագիտական վարպետությունն ու արվեստագետի կարողությունները։ Նրա աշխատանքն արժանի է գնահատանքի, ինչպես և բոլոր այն մարդկանց ներդրումը, որոնք տարբեր փուլերում նպաստել են այս նախաձեռնության իրականացմանը։
Սակայն այս ամենի մեջ ամենակարևորը ոչ թե այն է, թե ում անունն է ավելի հաճախ հնչում, այլ այն, որ Կարո Սասունին վերջապես արժանացավ իրեն հասանելիք հանրային հարգանքին։
Ուստի տարակուսանք է առաջացնում, երբ ոմանք փորձում են այս նախաձեռնությունը քաղաքականացնել կամ այն ներկայացնել որպես անձնական կամ կուսակցական հեղինակության հարց։ Այդպիսի մոտեցումները ոչ մի օգուտ չեն տալիս և ստվերում են գլխավոր նպատակը՝ ազգային հիշողության պահպանությունը։
Կարո Սասունին պատկանում է ամբողջ հայ ժողովրդին։ Նրա արձանը նույնպես հանրային արժեք է։ Այդ արժեքի շուրջ պետք է միավորվել, ոչ թե փորձել այն դարձնել անձնական կամ քաղաքական մրցակցության առարկա։
Եթե այս հուշարձանը կարողանա թեկուզ մեկ երիտասարդի դրդել հետաքրքրվել Կարո Սասունու կյանքով, ուսումնասիրել նրա գործունեությունը և ավելի խորությամբ ճանաչել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը, ապա նախաձեռնությունն արդեն իսկ արդարացված կլինի։
Ի վերջո, պատմության մեջ մնում են ոչ թե նրանք, ովքեր փորձում են վերագրել իրենց կատարված աշխատանքը, այլ նրանք, ովքեր իրենց ներդրումն ունեն ազգային հիշողության պահպանման գործում։ Իսկ հուշարձանները կառուցվում են հենց այդ հիշողությունը սերունդներին փոխանցելու համար, ոչ թե որևէ մեկի անձնական փառքը մեծացնելու: Օրինակ.
Եթե այս արձանը նպաստի, որ Գյումրի եկող յուրաքանչյուր մարդ մի պահ կանգնի, հետաքրքրվի՝ ով էր Կարո Սասունին և ինչ հետք է թողել մեր պատմության մեջ, ապա նախաձեռնության նպատակը լիովին իրականացված կլինի։ Մնացած բոլոր վեճերը ժամանակավոր են, իսկ ազգային հիշողությունը՝ մնայուն
Պրոֆեսոր Ա. Ներսիսյան