«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ակնհայտ է՝ դրամը արժեզրկվելու էր, պետք է հանգիստ վերաբերվել դրան, սա Կառավարության 2.5 տարվա սխալ քաղաքականության հետևանքն է. մեզ պետք է գործի գիտակ թիմ, որն այս Կառավարությունում չկա. Վ․ Արամյան

15/12/2020

Ակնհայտ է, որ դրամը պետք է արժեզրկվեր, և պետք է հանգիստ վերաբերվել դրան, քանի որ մեր նման փոքր բաց տնտեսություններում հենց անվանական փոխարժեքը պետք է ճշգրտվի, որպեսզի ապահովվի մեր երկրի տնտեսության և արտաքին աշխարհի հաշվեկշռվածությունը: Իսկ դրամի թուլացման պատճառները նոր չեն ի հայտ եկել, դա սպասելի էր և սա հետևանք է Կառավարության 2.5 տարվա սխալ քաղաքականության, իսկ կորանավիրուսի պանդեմիան և պատերազմն ուղղակի մոտեցրին արժեզրկման ժամանակագրությունը, իսկ արժեզրկման տեմպն էլ արագացրին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Տեսեք՝ փոխարժեքի վարքագիծը կարող են թելադրել կառուցվածքային կամ երկարաժամկետ ազդեցության գործոնները և պահային կամ կարճաժամկետ ազդեցության գործոնները: Առաջինի տեսանկյունից մենք այս կառավարության օրոք ունեցել ենք էական թերություններով վարվող տնտեսական քաղաքականություն, որն աստիճանական թուլացրել է մեր տնտեսական պոտենցիալը, և այս մասին բազմիցս եմ նշել: Այն, որ արդեն 2019 թ․ ունեցանք ներդրումների զգալի անկում, արտառոց չէր և հենց այդ քաղաքականության հետևանքն էր: Որպես տնտեսագիտության մեջ ընդունված կանոն՝ զարգացած երկրների կամ իր առևտրային գործընկեր երկրների տնտեսությունների համեմատ ավելի թույլ տնտեսական պոտենցիալով և ավելի թույլ աճ ունեցող երկրի արժույթը պետք է արժեզրկվի, որպեսզի ներքին և արտաքին աշխարհի հաշվեկշռվածությունն ապահովվի: Քո արժույթի գինն այլ երկրների արժույթների համեմատ կամ որ նույն է փոխարժեքը քո տնտեսության արտացոլանքն է. ուժեղ տնտեսությամբ դինամիկ զարգացող երկրների արժույթը ժամանակի ընթացքում արժևորվում է և հակառակը»,- նշեց նա:

Վարդան Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած՝ տնտեսավարողների մոտ ապագայի վերաբերյալ անորոշություններն ավելացել են, և դրանք մինչ օրս պահպանվում են:

«Օրինակ՝ օր-օրի ավելացող քրեական գործերի մասին բազմիցս զգուշացնում էինք: Չի կարելի ամեն առիթով հարկատուների վրա քրեական գործեր հարուցել և հեռուստատեսությամբ ուղղակի պախարակել նրանց: Դա անթույլատրելի է: Խոսքը նրա մասին չէ, որ օրինազանցները չպետք է պատժվեն, բայց չափ և մոտեցում գոյություն ունի: Եթե վարչապետը գնում է մի ընկերության բացման կարմիր ժապավենը կտրելու, հաջորդ օրը ցուցադրական այնտեղ ներխուժում են ուժային կառույցները կամ արդեն նորմալ երևույթ է դարձել, որ բացի ՊԵԿ-ից՝ տնտեսվարողները թիրախ են դառնում գրեթե բոլոր ուժայինների կողմից, ի՞նչ ազդակ է դա մյուս տնտեսվարողին, շատ պարզ ազդակ՝ հետաձգել իրենց բոլոր տեսակի նոր ծրագրերը»,- ասաց ֆինանսների նախկին նախարարը:

Տնտեսվարողների, հատկապես՝ արտաքին ներդրողների շրջանում Կառավարության նկատմամբ անվստահություն է առաջացրել նաև որոշումներ կայացնելու անկարողություն: Ամուլսարի հանքի շուրջ զարգացումներն ու հարցի անընդհատ ձգձգումը դրա վառ ապացույցն են. «Եթե կառավարությունը մի ծրագրի մասով 2 տարուց ավելի, անկախ ելքից, չի կարողանում որոշում կայացնել, ի՞նչ է մտածում տնտեսվարողը, որ Կառավարությունը անզոր է որևէ հարց լուծել, իսկ նոր ներդրումային ծրագրերը, առավել ևս խոշորները, պահանջում են կառավարության վճռականություն և ոչ թե պոպուլիզմ»:

Վարդան Արամյանը նաև նկատեց, որ լուրջ խնդիրներ են առաջացրել նաև տնտեսվարողներ-Կառավարություն հաղորդակցության հարցում. «Եթե Կառավարությունը մի բան ասում է, մեկ այլ բան՝ անում, միանգամից դա տնտեսվարողների մոտ հակազդեցություն է բերում: Եվ տնտեսավարողը սկսում է իր ներդրումային ծրագրերը հետաձգել, քանի որ սկսում է չվստահել կառավարության խոսքին»,- ասաց նա:

Ասվածի վառ օրինակը հիփոթեքային վարկերի տոկոսները եկամտահարկով վերադարձնելու ծրագիրն է: Նրա համոզմամբ՝ նախորդ Կառավարությունները ծրագիրը կյանքի կոչելու ժամանակ իսկ հայտարարել են, որ այն ժամանակավոր է և նպատակ ունի կարճաժամկետ կտրվածքում աշխուժացնել անշարժ գույքի շուկան, իսկ որոշ ժամանակ անց կառավարություն պետք է դուրս գար խաղից:

«Դու պետք է կարողանաս ճիշտ քաղաքականությամբ տնտեսվարողների վարքագիծը կառավարել: Մենք մինչև 2019 թ. ասում էինք՝ այդ գործիքը ժամանակավոր էր և ներկայում սխալ է աշխատում պետք է հրաժարվել դրանից, քանի որ այն ոչ սոցիալական է՝ չկան թիրախավորված սոցիալական խմբեր և ոչ էլ ճիշտ տնտեսական՝ օգնում է ոչ թե արտահանողներին այլ ոչ արտահանելի հատվածի տնտեսվարողներին: Փոխարենը ներկայիս կառավարությունը մինչև 2019 թ․ վերջ անընդհատ սնում էր հանրությանը սխալ ազդակներով փոխվարչապետի մակարդակով մի քանի առիթներով հայտարարելով, որ ոչ, սա սոցիալական ծրագիր է, սա շատ լավն է, հոյակապ է, կառավարությունը մտադիր է շարունակել:

Արդյունքում շատ կառուցապատողներ նախաձեռնեցին բնակարանաշինության նոր ծրագրեր, մտան վարկային բեռի տակ ՝ վստահ լինելով, որ իրենց կառուցած բնակարանների նկատմամբ պահանջարկը բարձր կմնա: Եվ հանկարծ Նիկոլ Փաշինյանն ուշքի է գալիս, ԱԺ ելույթում 2020 թ․  հունվարին հնչեցնում է միտք, որ պետք է ծրագիրը դադարեցնել կամ վերաիմաստավորել, քանի որ այն ոչ սոցիալական է և ոչ էլ  բխում է արտահանմանը միտված տնտեսական քաղաքականության նպատակներից: Տնտեսվարողների վիճակը պատկերացրեք. այդ մարդիկ գնացել, վարկ են վերցրել, մտել բեռի տակ և պատահական, կառավարությունը քնում, վեր է կենում ու այլ բան է որոշում՝ նրանց էլ ուղղորդում դեպի ֆինանսական դժվարությունների ծուղակը»,- ասաց նա:

Վարդան Արամյանը նշում է, որ բոլոր վերը թվարկած գործոնների առկայության պայմաններում՝  հաղորդակցության հետ կապված սխալ քաղաքականություն, քրեական գործերի տարափ, կառավարության անհասկանալի վարքագիծ, որոշումների կայացման անկարողություն և ընդհանրապես  տնտեսավարողների նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքը, կանխատեսելի էր, որ ներդրումների անկում է լինելու և ստեղծվելու է ներկա տնտեսական իրավիճակը: Իսկ համավարակի բացասական հետևանքների մեղմման ձախողված քաղաքականությունը և պատերազմն էլ ավելի են խորացրել առկա խնդիրները:

«Մենք արդեն իսկ թուլացված տնտեսական պոտենցիալ ունեինք դեռևս 2020 թ մուտքի ընթացքում, և ես դեռևս 2019 թ․ հոկտեմբեր-նոյեմբերին՝ բյուջետային քննարկումների ընթացքում կասկածի տակ եմ դրել 2020 թ․ բյուջեի հիմքում դրված այն ժամանակվա 4.9% տնտեսական աճի ցուցանիշը: Այն դժվարին իրավիճակը, որում մենք հայտնվել ենք 2.5 տարվա սխալ քաղաքականության հետևանքով, պանդեմիան և պատերազմը էլ ավելի են խորացրել, դա ակնհայտ է»,- ասաց նա:

Ֆինանսների նախկին նախարարի կանխատեսմամբ՝ դրամի արժեզրկման ներկայիս գործընթացն առաջիկայում կարող է շարունակվել, բայց դա հիմնականում կլինի ի հաշիվ կարճաժամկետ գործոնների. ապագայի նկատմամբ անորոշություններ և վատատեսական սպասումներ, դրանից բխող ասիմետրիկ ինֆորմացիաների վրա հիմնված անհատների վարքագիծ, որը կարող է վերածվել «հոտային» վարքագծի (երկու-երեք հոգի շտապում են ինչ-որ բան անել, չորրորդը միանում է բնազդաբար…) և այլն: Ընդ որում, եթե ճիշտ քաղաքականությամբ հնարավոր լինի չեզոքացնել կամ հակազդել նշված պահային գործոնները, փոխարժեքը կարող է որոշ չափով հետ նահանջել: Ըստ նրա՝ չկան կառուցվածքային խնդիրներով պայմանավորված այն իրավիճակը, որը կհանգեցնի դրամի թռիչքային արժեզրկման: Կտրուկ արժեզրկում հավանական կլինի միայն, եթե կարճաժամկետ գործոններով սնվող անհարկի խուճապ տեղի ունենա, ընդ որում այդպիսին լինելու դեպքում էլ, որոշ ժամանակ անց փոխարժեքը հետ է գալի տնտեսական հիմնարարներով պայմանավորված իր հավասարակշիռ դիրքին:

«Շատ հանգիստ և նորմալ պետք է վերաբերվենք, երբ փոխարժեքը, տնտեսական հիմնարարներով պայմանավորված, համաչափ արժեզրկվում է: Ինչու, որովհետև այդ արժեզրկումը պետք է ապահովի կայունությունը, որ քո տնտեսությունն արտաքին աշխարհի հետ հաշվեկշռվածության մեջ լիներ: Փոխարժեքի արհեստական ֆիքսումը ավելի վտանգավոր կլիներ: Ճիշտ է այն վարքագիծը, որ թույլ տան դրամն արժեզրկվի տնտեսական կառուցվածքային գործոնների վարքագծին համահունչ, սակայն հակազդեն պահային կամ սպեկուլյատիվ կարճաժամկետ գործոններին:

Մենք պե՞տք է անհանգստանանք, որ փոխարժեքը չափից շատ արժեզրկվի, այո, պետք է, քանի որ տնտեսագիտության մեջ դա կոչվում է «փոխարժեքի գերարժեզրկում – Exchange rate overshoot», որը տնտեսության մեջ անխուսափելիորեն ստեղծելու է անհարկի ծախսեր: Երբ ներկայիս արժեզրկման միտումը սնուցվի քո հանրության, տնտեսվարողների վատատեսական սպասումներով ապագայի նկատմամբ, և այս ամեն ինչի հիման վրա մի հատ էլ «հոտային վարքագիծը» լինի, չափազանց վատ իրավիճակ կստեղծվի: Այս ամենի դիմացը հնարավոր է առնել. Կենտրոնական բանկը պետք է ավելի ագրեսիվ կոմունիկացիա անի, փորձի մաքրել հարթակից ասիմետրիկ ինֆորմացիաները, հանգստացնել հասարակությանը, աշխատանքներ տանել ֆինանսական շուկայի մասնակիցների հետ՝  խարսխելու նրանց և տնտեսվարողների սպասումները»,- նշեց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության անելիքներին, նա նշեց. «Դասական կանոնով, այսպիսի իրավիճակներում շատ ավելի մեծ է կառավարությունների դերակատարությունները, բայց մեր դեպքում կասեի, որ այս կառավարությունը, հակառակը իր վարքագծով ավելի է խորացնում իրավիճակը, ստեղծում ավելի մեծ անորոշություններ և վատատեսական սպասումներ և էլ ավելի է դժվարացնում կենտրոնական բանկի գործը: Օր-օրի տնտեսական վիճակը ավելի վատանում է Կառավարության գործողությունների կամ կասեի անգործության հետևանքով, որևիցե մեկը տնտեսական թեմաներով գրագետ ելույթ չի ունենում, բացի նրանից, որ թուրքերի հետ մեծ տնտեսական հեռանկարներ ունենք: Ես քաղաքական մարդ չեմ, բայց այս դժվարին իրավիճակում, որպեսզի կարողանանք փոթորկոտ ծովից նավը խաղաղ դուրս հանել, մեզ պետք է պրոֆեսիոնալների թիմ, որը ես այս Կառավարությունում չեմ տեսնում»:
 

tert.am