«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի նոր սադրանքի պատճառները.պրոֆեսոր Ա. Ներսիսյան

13/09/2022

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Այսօրվա Ադրբեջանի լայնամասշտաբ սադրանքի համար մատնանշվում են և առաջիկայում էլ տևական ժամանակ կմատնանշվեն երեք հիմնական պատճառներ.

1.Արևմուտքի կողմից տարածաշրջանում ի վնաս ռուսական ազդեցության տարվող աշխատանքները, որպեսզի այստեղ նորից վերաբացեն չմարած պատերազմի օջախը, որն ուղղակիորեն կնպաստի ուկրաինական իրադարձություններում ռուսական տեղատվությանը: Այստեղ կա ճշմարտություն, քանի որ վերջին շրջանում Արևմուտքն այստեղ ակտիվացել է և ընդամենը երկու օր առաջ Երևանում էր «փորձված» դիվանագետ Ռիքերը որպես ԱՄՆ հանձնակատար և Մինսկի դե ֆակտո մեռած խմբի հանձնակատար, որով ոգևորվեցին ոչ միայն իշխանական, այլև այլ քաղաքական ուժեր, մոռանալով, որ այդ խումբը Ռուսաստանի համար չկա, չկա նաև Ադրբեջանի համար, իսկ մեր կողմը շարունակում էր հայտարարություն անել այդ խմբի արցախյան հարցում ունենալիք դերակատարության վերաբերյալ: Սա հաճելի չէր հնչի նրանց ականջներին:

2. Մեր իշխանությունների սխալ քաղաքականությունը, որը, համաձայն ընդդիմության, գնում էր խաղաղություն աղերսելու ճանապարհով, տալով Արցախը և հիմա արդեն փորձելով տալ Սյունիքը: Նրանք այն կարծիքին են, որ թուրքերի և ազերիների հետ հնարավոր չէ հասնել խաղաղության, քանի որ անընդհատ նորանոր զիջումներ են ուզում: Առհասարակ անհնար է ապրել առանց հարևանների հետ խաղաղության, բայց դրա համար պետք է դնել նաև սեփական խնդիրները, որոնք անհնար է առանց ուժի կամ բանակի: Բայց մենք ունենք բանակ, որը եթե չասենք մեջք չունի, վստահ կարող ենք ասել, որ այն կոտրված է:Այս պարագայում զիջողականությունը շատ է ցածր պահանջված սանդղակից: Մենք շսրունակում ենք հավատարիմ մնալ նոյեմբերյան համաձայնության տառ ու բառին, իսկ ազերիները` ոչ: Այս պարագայում, երբ զիջում ենք նրան, պետք է աշխատի մեր դիվանագիտությունը և այնպես, որ իրավիճակի թելադրանքով պայմանավորված չհակադրվի ռուսներին, որոնք պահում են Արցախից մնացածը: Սիրենք նրանց, թե չսիրենք, այդպես է:Ինչու՞, օրինակ, այս անգամ սադրանքը տեղի ունեցավ ՀՀ սահմաններում:Պատճառը մեկն է` Արցախի վրա հարձակումը կնշանակեր հարձակում ռուսների վրա, իսկ Հայաստանի վրա հարձակումը ռուսներին պետք էր` հասկացնելու հայերին, որ այստեղ ինքն է հարց լուծողը:Եվ իրոք այդպես է: Ուրեմն, պետք չէ դիվանագիտություն խաղալ կաղ էշով: Այստեղից էլ`

3.Սադրանքը կազմակերպել են ռուսները:Ինչպես ընդունված է ասել «Պուտինի ուղեղ» Դուգինը, որի փոխարեն սխալմամբ պայթեց դուստրը,այս տարվա սկզբներին հայտարարեց, որ Հայաստանի թեքումը դեպի Արևմուտք կլինի նրա վերջը:Չենք պնդում, որ իշխանությունները եղել են հակառուս, բայց այնտեղ կան արևմտամետ ուժեր: Այն արտախորհրդարանական ուժերը, որոնց հանդիպում է վարչապետը, գլխավորապես հակառուս են: Արևմուտքի հետ սիրախաղերը մեր ուժի բանը չեն: Կարող է հարց առաջանալ,թե Ալիևն էլ է սիրախաղեր տալիս, ինչու՞ դրան կոշտ չեն անդրադառնում ռուսները:Պատասխանը շատ պարզ է`Նրանք չեն փչացնի Էրդողանի հետ հարաբերությունները, որը սակայն չի նշանակում, որ կզիջեն իրենց համար կենսական տարածքները: Ադրբեջանը Սյունիքին չի տիրանա, բայց Սյունիքը մեզ համար կնեղանա:Քանի որ Ալիևի ականջին մի թեթև ռուսական շշնջոցև նա կգնա սադրանքների:Դրանով նա ձեռք կբերի մեկ երկու հավելյալ բնակավայր,իսկ ռուսը կկանգնեցնի նրան` մեզ և Արևմուտքին ցույց տալով, որ ինքն է այստեղ հարցեր լուծողը: Մեզ կմնա լսել Արևմուտքի դատապարտող խոսքերը և ոչինչ ավելի, կմնա լացել մեր առյուծների դիերի վրա:Ի դեպ,Իրանին էլ հաճո չի մեր արևմտամետ խաղը:Պատճառներին անդրադառնալով շատ պարզունակ կդառնանք:Բայց կարծում ենք, որ պարզ դարձավ նոր սադրանքի բուն պատճառը:Ովքեր համաձայն չեն` թող զենքով հաղթեն: Դա ամենաճիշտ,բայց ցավոք չաշխատող տարբերակն է:Այս առումով շատ կուզեինք լինել սխալված:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյան

generalnews.am