«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՇԽԱՆԱՍԱՐԻՑ «ՆԱՀԱՆՋԻ» ՄԻՖՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱՊԱՐԱԿ

01/12/2021

Երեկ՝ առավոտ կանուխ, Factor.am-ում ինֆորմացիա հայտնվեց՝ Սյունիքի մարզի Սիսիանի հարակից Իշխանասարից ադրբեջանական զորքերը նահանջել են։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի մեկօրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական կողմն առաջ էր եկել։ Ենթադրվում էր, որ Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվեր ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքի հետքաշման մասին, եւ միայն դրանից հետո կսկսեին դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը (Փաշինյանի սիրած զրոյական կետից), բայց եռակողմ հայտարարության տեքստում այդ մասին բառ անգամ չկար, ինչպեսեւ՝ գերիների մասին։ Թեպետ հանդիպման բանավոր հատվածում քննարկվեց «հումանիտար խնդիրների» կարգավորման հարցը, եւ ՀՀ իշխանական քարոզչամեքենան դա ներկայացրեց որպես գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն։ Սոչիի հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, հայ ռազմագերիներից լուր չկա։

Ինչ վերաբերում է Իշխանասարից ադրբեջանական զորքերի հեռանալու մասին լուրին, ապա դրա մունետիկն Իշխանասարի վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանն էր, ով Factor-ին ասել էր․ «Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչեւ այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը»։

Լուրի հետքերով դիմեցինք այլ աղբյուրների՝ Սիսիանի զորամասի մեր աղբյուրները չհաստատեցին տեղեկությունը, ավելի ճիշտ՝ փոխանցեցին, որ գուցե դիրքային վերադասավորումներ են եղել, որոնք նման տպավորություն են թողել։ Ապա ՊՆ-ն մեկնաբանեց Իշխանասարից թշնամու զորքերի հեռանալու մասին լուրերը՝ «Արմենպես» գործակալությունը հանդես եկավ «ՊՆ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը» վերնագրով հրապարակումով, որում, սակայն, ավելի շատ հերքում էին, քան հաստատում․ «Պաշտպանության նախարարությունից ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա»:

Լրագրողների՝ իրեն ուղղված հարցն անպատասխան թողեց նաեւ ԱԺ-ում քննարկման ներկայացած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ ՊՆ պարզաբանումից հետո Իշխանասարի վարչական շրջանի ներկայացուցչի խոսքերը փոքր-ինչ «խմբագրեց» Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը՝ ասելով, որ ոչ թե նահանջել են, այլ «զենք-զինամթերքը, զինտեխնիկան թեթեւացրել են, պոստերից դուրս գալն էլ ընթացքի մեջ է»։

Փորձեցինք զրուցել Իշխանասարի վարչական ղեկավարի հետ, սակայն Մարատ Պետրոսյանն առավոտյան «աչքալուսանքը» տալուց հետո անհասանելի էր դարձել։ Խոսեցինք հարակից 2 համայնքների վարչական ղեկավարների հետ։ Զուգահեռաբար լուրեր տարածվեցին, թե իշխանական շրջանակներն են նման «ուտկաներ» տարածում՝ փորձելով Սոչիի հանդիպումը դրական լույսի ներքո ներկայացնել։ Այս շղթայի մեջ էր նաեւ 2 օր առաջ իբր 81 գերիների վերադարձի մասին «սլիվը», որն իրականություն չդարձավ։

Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Մարկոսյանը գերազանցեց Իշխանասարի գործընկերոջը՝ ընդհանրապես հերքելով, թե ադրբեջանական զորքերը նոյեմբերի 16-ին առաջխաղացում են ունեցել եւ ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։ «Կոնկրետ տվյալ չեմ կարող ասել, բայց գիտեմ՝ հետ են քաշվել, բայց դա եղել ա մի 10-15 օր առաջ, իրենց դիրքերից էլ հետ են գնացել, ու ստեղծվել է չեզոք գոտի։ Դա հենց էնպես չի եղել, բանակի շնորհիվ է եղել»,- ասաց Մարկոսյանը։ Հիշեցրինք, որ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում վերահաստատեց, որ հակառակորդը մեր սուվերեն տարածք է մտել ու չի հեռանում։ «Դե, էդ 41 կիլոմետրը մենակ Սիսիանի մասին չի, այլ Գեղարքունիքի հատվածն էլ հետը․․․ բայց ես ասում եմ, որ հատուկ գործողությունով բանակը հետ է մղել»։ Ե՞րբ է եղել այդ գործողությունը։ «Նոյեմբերի 16-ին․․․ դրանից հետո ո՞նց կարային առաջ գային, որ լեղապատառ փախել էին։ Ուղղակի լրատվամիջոցների ներկայացուցիչներն են երեւի նոր հետաքրքրվում»։ Նկատեցինք, որ ՊՆ-ն չի հաստատում այդ տեղեկատվությունը։ «Դե իհարկե, իմ հայտարարությունները չի կարելի պաշտոնական ընդունել, ես ասում եմ այն, ինչ լսել եմ»։

Խոսեցինք նաեւ Իշխանասարի հարեւան Շաքի համայնքի ղեկավար Վահան Ղազարյանի հետ, ով ասաց, որ ԶԼՄ-ներից է տեղեկացել նահանջելու մասին․ «Ես էլ եմ լսել, որ հետ են գնացել, բայց ոչինչ ասել չեմ կարող»։ Չե՞ք հետաքրքրվել, ձեզ չի՞ հուզում այդ հարցը, օրինակ՝ Իշխանասարի ղեկավարը վստահեցրել է, որ հետ են քաշվել։ «Ես չեմ կարող նման բան ասել, որը հիմնավոր չգիտեմ, չեմ կարա։ Ես էլ լրատվությունց գիտեմ»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չցանկացավ մեկնաբանել տարածվող հակասական տեղեկատվությունը՝ ասելով․ «Քանի դեռ պաշտոնական հաստատում չկա ադրբեջանական զորքերի՝ որեւէ հատվածում հետքաշման, բնականաբար, ես հիմք չունեմ մեկնաբանելու։ Չի բացառվում, որ ադրբեջանական զորքերը, ձմեռային իրավիճակով պայմանավորված, ընտրում են պահպանության այնպիսի տեղամասեր, որտեղ ձմեռային պայմաններում մատակարարումների խնդիր չեն ունենա, եւ այդպիսի հնարավոր տեղաշարժերն այս պահին նման եզրահանգման են գալիս»։ Տ․ Աբրահամյանը չի բացառում, որ այս փաստը ՀՀ իշխանությունները, որպես դրական նյութ, փորձելու են օգտագործել եւ քարոզչական էֆեկտ ապահովել, բայց նշեց, որ դրանից չի կարելի ոգեւորվել․ «Եթե նույնիսկ դա համապատասխաներ իրականությանը, ապա փոքր մաս է կազմում այն տարածքների համեմատ, որտեղ ադրբեջանական զորքերն առաջ են եկել»։