«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԵԿ-ը՝ ԵԱՏՄ երկրներից ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին

22/10/2020

ՀՀ ԱԺ կողմից 2020 թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումներին:

Օրենքով սահմանված կարգավորումների կիրառման առումով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով մինչև ապրանքները ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացվեն`

կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծման հարկային հայտարարագիր,

ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն,

անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ներմուծման հարկային հայտարարագիր՝

Կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների մասով։

Ապրանքների ներմուծման մասով արտոնության կիրառումը հիմնավորելու նպատակով հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրին անհրաժեշտ կլինի կցել հարկ վճարողի կողմից սահմանված կարգով դուրս գրված (կազմված)` ստացող նախարարություն կողմից վավերացված հաշվարկային փաստաթուղթը:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում աշխատանքային կարգով օժանդակել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց՝ արտոնության կիրառման շրջանակում հայտարարագիր ներկայացնելու կարգի և պայմանների հետ կապված բոլոր հարցերում:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող են դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով: