«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ԽՍՀՄ փոխհարաբերությունները Սառը պատերազմի վերջին փուլում

14/06/2022

Ներկայումս գլոբալացվող աշխարհում թե´ եվրոպական պետությունները, թե´ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ իրավահաջորդները ունեն լուրջ դերակատարում, ուստի նրանց հարաբերությունները միջազգային քաղաքականության մեջ երբեմն հիշեցնում են հենց սառը պատերազմի ժամանակաշրջանը: ԱՄՆ-ն ոչ միայն 1980-ական թթ., այլ նաև ներկայումս համարվում է միջազգային թատերաբեմում թելադրող պետություն, ուստի նրա արտաքին քաղաքականության շատ կողմերի ուսումնասիրումը անչափ կարևոր է:
Սառը պատերազմի քաղաքականության սաստկացումը 1980-1985 թթ. լիովին հիշեցնում է ներկա ժամանակահատվածը, ուստի այսօրվա շատ իրողություններ ճիշտ գնահատելու համար լուսաբանենք Երկրորդ աշխարհամարտի հաջորդած ժամանակաշրջանի խորհրդա-ամերիկյան հարաբերությունները։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Արևմուտք-Արևելք սրվող հարաբերությունների պայմաններում, ԱՄՆ-ը նախաձեռնեց ռազմաքաղաքական դաշինքի ստեղծում, որը պետք է Արևմուտքը պաշտպաներ կոմունիստական վտանգից: Պաշտոնապես այն հիմնադրվեց Վաշինգտոնում 1949 թվականին: Ավելի ուշ ԽՍՀՄ-ն, ի հակակշիռ ՆԱՏՕ-ի, ստեղծեց Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը: Փաստորեն, սառը պատերազմի տարիներին այս երկու ռազմական կառույցները որոշակի ռազմական հավասարակշռություն էին պահպանում ողջ աշխարհում: Եթե ՆԱՏՕ-ում ռազմական գերակշռությունը գտնվում էր ԱՄՆ-ի ձեռքում, ապա Վարշավայի պայմանագրի երկրներում հասկանալի կերպով դոմինանտ դիրք էր գրավում խորհրդային բանակը:
1980-ական թթ. Սառը պատերազմը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև թևակոխեց նոր փուլ՝ կապված աշխարհաքաղաքական նոր զարգացումների հետ: Նախ, Խորհրդային Միությունը աշխարհի ծայրամասային գոտիներում (Աֆղանստանում և Աֆրիկայի հարավում և հյուսիս-արևելքում) հետ էր կանգնել ստատուս քվո սկզբունքից: Երկրորդը` Չինաստանի հետ մերձեցման և Չինաստանի ու Ճապոնիայի համագործակցությունը խրախուսելու միջոցով Միացյալ Նահանգները ձգտում էին Հեռավոր Արևելքում ստեղծել ԽՍՀՄ-ի դեմ Ամերիկայի, Չինաստանի և Ճապոնիայի  եռակի կոալիցիա: Երրորդը` ԽՍՀՄ-ի և Արևմուտքի միջև մարդու իրավունքներին վերաբերվող հարցերի շուրջ անհամաձայնությունը 1980 - ական թթ. սկզբին ստեղծեց Խորհրդային Միության և արտաքին աշխարհի միջև անվստահության և կանխակալության մթնոլորտ: Նվազում էր վիճելի հարցերին վերաբերվող փոխզիջումային որոշումներ գտնելու հավանականությունը, իսկ հարաբերությունների զարգացման ընթացքում առաջացող հակասությունները լուծելու փորձերը փակուղու էին հանգեցնում: Փաստորեն, 1980-ական թթ. ԽՍՀՄ-ի և ԱՄՆ–ի միջև վերսկսվեց 1960 -ական թթ. գրեթե ավարտված  <<գաղափարախոսկան պատերազմը>>:
Սառը պատերազմի ընթացքում այսպես կոչված <<գաղափարների պատերազմը>> սկսել էր կրել առավել սուր բնույթ, քանի որ ռազմական հարաբերությունների ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը ստիպված էին իրենց զգույշ պահել: Ո´չ Վաշինգտոնում, ո´չ Մոսկվայում չէին ձգտում միջուկային պատերազմի, չնայած հիշատակում էին այն: Առճակատումը վերսկսվեց, սակայն 1980-ական թթ.` ի տարբերություն  1940-1950 - ական թթ., այն ձեռք էր բերել խիստ կանոններ: Այս համատեքստում հիշատակենք, որ օրինակ մինչև 1962 թ. հոկտեմբերը հակամարտությունը (այստեղ խոսքը գնում է Կարիբյան ճգնաժամի մասին) կարող էր հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի: 
ԽՍՀՄ և ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարությունը ևս շատ կարևոր գործոն էր Սառը պատերազմի պայմաններում: Գերտերությունների համագործակցության կոնֆլիկտային բնույթը որոշվում էր հիմնական լիդերության համար մրցակցությամբ: Երկու երկրներն էլ ձգտում էին գերիշխել անվտանգության և տնտեսական ոլորտի բնագավառներում: Մոսկվան և Վաշինգտոնը կարող էին հավասարաչափ մեղադրվել <<հեգեմոնիզմի>> մեջ: Երկու պետությունների էլիտաները փորձում էին հակառակորդին վերագրել չար միտումներ` սեփական զավթողամոլությունից ուշադրություն շեղելու նպատակով: Ընդ որում, եթե 1970 - ական թթ. Միացյալ Նահանգները միջազգային հարաբերություններում զսպվածություն էին ցուցաբերում, ապա 1980 - ական թթ. <<վիետնամական սինդրոմը>> սկսեց թուլանալ, իսկ ամերիկյան առաջնորդները սկսեցին վերադառնալ ԱՄՆ լիդերությունը հաստատող ավանդական պայքարի տարբերակներին:
Գաղափարախոսական մակարդակով տերությունները իրենց նպատակները յուրովի էին հիմնավորում: Խորհրդային ղեկավարությունը վաղուց էր հրաժարվել <<համաշխարհային հեղափոխության>> կոնցեպցիայից, սակայն <<սոցիալիստական ինտերնացիոնալիզմի>> գաղափարը մնում էր սոցիալիստական ճամբարի երկրների հանդեպ ԽՍՀՄ քաղաքականության հիմքը: Բացի այդ, ԽՄԿԿ գաղափարախոսական զինանոցում գոյություն ուներ <<ժողովուրդների սոցիալական և ազգային ազատագրման պայքարի հետ համերաշխության>> ուսմունքը: Այն թույլ էր տալիս հիմնավորել Խորհրդային Միության միջամտությունը այն բոլոր տարածաշրջաններում, ուր նկատվում էին ազատագրական շարժումների, միջէթնիկ  վեճերի կամ սոցիալական բնույթ ունեցող կոնֆլիկտների նշաններ:
1980-ական թթ. սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գաղափարախոսությունը կարող էր անվանվել <<ակտիվ պաշտպանողական>> գաղափարախոսություն: Ամերիկյան էլիտան պատրաստ էր հակադրվել իր հանդեպ ոտնձգություններին աշխարհի ցանկացած կետում: Իրականում դա նշանակում էր հակադրություն խորհրդային ազդեցությանը միջազգային համակարգի բոլոր ծայրամասային գոտիներում: Ամերիկյան արտաքին քաղաքականության գաղափարախոսությունը (ինչպես և խորհրդայինը) թույլ էր տալիս հիմնավորել արտասահմանում միջամտության անհրաժեշտությունը: 
ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ամենամեծ տարբերությունը կայանում էր ռազմավարական նշանակետերի ուղղությամբ շարժի և առկա արտաքին քաղաքական պաշարների ընտրության մակարդակների մեջ: Խորհրդային Միությունը փորձում էր պաշտպանել առաջնորդի պատվախնդրությունը` ուժային կարողության աճի միջոցով (համանման է ներկա ժամանակների պատկերին): Խորհրդային ծանր արդյունաբերությունը աշխատում էր պետական բյուջեի մեծ մասը կլանող ռազմական պատվերների իրագործման համար: Երկրում ստեղծվել էր զինման հսկա պոտենցիալ, որը ծածկում էր Միացյալ Նահանգներին վախեցնելու իրական կարիքները, սակայն շարունակում էին ծախսվել միջոցներ ռազմական նպատակների համար: 
Միացյալ Նահանգները ձգտում էին դառնալ համաշխարհային լիդեր և կարող էին դա անել այլ ճանապարհով: ԱՄՆ-ը վստահ էր իր տեխնոլոգիական գերազանցության վրա` ինչպես ընդհանուր, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև սադրում էր Խորհրդային Միությանը ավելացնել ռազմական ծախսերը: Միացյալ Նահանգները չէին հրաժարվում սեփական սպառազինումը ավելացնելուց, նրանք կարող էին իրենց թույլ տալ ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև բյուջետային միջոցների հավասար բաշխում:
ԱՄՆ-ի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև 1980- թվականին նախագահ ընտրված հանրապետական Ռ.Ռեյգանը: Արտաքին քաղաքականության մեջ Ռեյգանը որդեգրեց Խորհրդային Միության տնտեսական և քաղաքական դիրքերը հետևողականորեն թուլացնելու քաղաքականություն: ԽՍՀՄ-ը նա որակում էր իբրև «Չարիքի կայսրություն»` վերջինիս հետ մտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ: 
1983 թվականի մարտին ամերիկյան կառավարությունը «Ռազմավարական պաշտպանության նախաձեռնության» ծրագրի շրջանակներում առաջ քաշեց նույնիսկ տիեզերքի ռազմականացման գաղափարը: Սակայն երբ Խորհրդային Միության ղեկավար դարձավ Գորբաչովը, Ռեյգանը հնարավոր համարեց վերջինիս հետ սպառազինությունների կրճատման և խորհրդա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանգրերի ստորագրումը: 
1985 թվականի նոյեմբերին Ժնևում կայացավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ղեկավարների միջև բարձր մակարդակի պատմական հանդիպումը: Այն խորհրդա-ամերիկյան երկխոսության և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման սկիզբը դրեց: Արդեն  1987  թվականի դեկտեմբերին  Գորբաչովն ու Ռեյգանը  Վաշինգտոնում ստորագրեցին միջուկային սպառազինությունների կրճատման վերաբերյալ պայմանագիրը:
Պատմության այս դրվագի լուսաբանումը ինքնանպատակ չէր, քանի որ լոկալ տաք պատերազմներով տառապող ժամանակակից աշխարհում կարիք կա վերականգնելու հավասարակշռությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ խուսափելու մարդկության համար աղետալի հնարավոր Երրորդ աշխարհամարտից։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան       

Generalnews.am