«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


… Ինչո՞ւ պատերազմ․ Սամվել Թադևոսյանի տեսաֆիլմը

16/09/2020

« ԽՐԱՄԱՏԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ » շարքից. ներկայացնում եմ « … ԻՆՉՈՒ՞ ՊԱՏԵՐԱԶՄ» տարփողիկ նովելը

 

Պատերազմելը… մարդկության երբևէ գործած ամենահրեշավոր սայթաքումն է. բռի, անպակեշտ ընդվզումը նախաստեղծ այն ՀՈՐԴՈՐԻ դեմ, որն ԱՐԱՐՉԱՀԱՃՈ ՎՃՌՈՎ՝ ՄԻՏՎԱԾ էր համայն ԱՇԽԱՐՀՍ պարուրել համակեցության ու ներդաշնակության շաղախով…

Ավաղ անհույս են ԴԱՐՁԻ գալու բոլոր ջանքերը, քանի դեռ ընթանում է, ավելին՝ մոլեգնում է, ինքնակործանումի այս խելագար մրցավազքը… Սիսական ջոկատի հրամանատար գնդապետ Աշոտ Մինասյանն անցավ Արցախյան պատերազմի մահաբեր կածաններով ու վերադարձավ հայրենի Լծեն:

Նրա կռիվը խիստ պատճառաբանված էր. նա մարտնչում էր իր հողը, տեսակն ու դավանանքը պաշտպանելու համար։ Ավագ եղբոր հրամանատարության ջոկատին զինվորագրված պոետ Աղվան Մինասյանը, մայրական կաթի հետ պոետական հանճարը կլլած վառվռուն դյուցազն էր, որ խրամատ էր մտել ոչ թե պրկելու տղայական բազուկները, այլ ազատագրելու ու ամրապնդելու, պոետական հոգու՝ թափառումների այն կենարար ՀՈՎԻՏԸ, որն ՀԱՅԱՍՏԱՆ էր կոչվում: Ցավի ու կորուստների արահետով անցած Աշոտ հրամանատարին ոչ ոք երբևէ չհարցրեց. - «…ինչու՞ պատերազմ»:

Խոկումի միայնակ պահերին նրան մշտապես տանջում էր այդ անպատասխան հարցը, սակայն նա հավատարիմ մնաց իր ու իր ժողովրդի պատուհաս ցավին… ու զենքը վայր չդրեց: 2016 թվականին, հրամանատար Մինասյանը, իր երկու որդիների հետ, կրկին խրամատ մտավ, վերստին հաստատելու, որ նվիրումը սոսկ անձնական հակում չէ, այլ ՊԱՐՏՔԻ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒՅԱՆ ուղենիշ:

Ապրիլյան պատերազմից Աշոտ Մինասյանը տուն եկավ զոհված եղբորն ու ընկերներին տված խոստումը կատարած՝ հաղթանակած ու պատվով: Իր մղած կռիվներում լեգենդար հրամանատարը երկու պարտություն տեսավ. եղբոր՝ Աղվանի մահը և պարտություն՝ տիեզերական օրենքի առջև, երբ Մատաղիսի մահասփյուռ դիրքերում հասկացավ, որ խրամատներում, մահից բացի, այլ ծնունդ էլ է կայանում…

Այս տարփողիկ նովելը, ավաղ, բոլորի համար չէ, բայց միտված է հղել բոլորին… Նրանց, ովքեր ճանկել են այս հողագնդի ղեկն ու սառնասրտորեն կյանքի ու մահվան վճիռներ են կայացնում:

«… ԻՆՉՈՒ՞ ՊԱՏԵՐԱԶՄ…»: Խորհեք և կայացրեք լրջամիտ պատասխան:

 

Սամվել Թադևոսյան