«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի հետ վերամիավորումը յուրաքանչյուր հայի և արցախցու երազանքն է, սակայն դա հնարավոր չէ միջազգային իրավունքի տեսանկյունից. ԱՀ նախագահի հարցազրույցը France 24-ին

08/12/2022

Արցախի իշխանությունների առաջնային խնդիրը 40.000 փախստականների կեցության, կյանքի եւ աշխատանքի համար պայմաններ ստեղծելն է, սակայն Ադրբեջանն ամեն միջոցով՝ հրադադարի խախտումներով, տարատեսակ սադրանքներով, Լաչինի միջանցքը փակելու փորձերով խոչընդոտում է դրան։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձեւի պահանջը՝ Արցախի ժողովուրդի միջազգային իրավունքով պաշտպանված լինելու մասին համապատասխանում է Հարությունյանի ակնկալիքներին՝ ԱՀ նախագահը նշել է. «Արցախում այսօր խաղաղության երաշխավորը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ռուսական խաղաղապահ առաքելությունն է, որի մանդատը մինչեւ 2025 թվականն է, սակայն անհրաժեշտ են հավելյալ միջազգային երաշխիքներ՝ հաշվի առնեքով, որ ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են»։

Անդրադառնալով հաջորդ հարցին առ այն, որ Արցախի չճանաչված լինելու պատճառով Հարությունյանին Ֆրանսիայում ընդունել են քաղաքական շրջանակները, բայց ոչ նախագահ Մակրոնը, ի՞նչ է զգում այդ առնչությամբ ԱՀ առաջնորդը՝ Հարությունյանը նախ ափսոսանք է հայտնել այդ առնչությամբ, ապա հույս հայտնել, որ ապագայում նման հանդիպում կլինի. «Դա մեզ շատ կօգնի»։

Միևնույն ժամանակ ԱՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի պատերազմի ժամանակ և հետո ընդունած չորս բանաձևերի համար, որոնցով ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Անդրադառնալով վերջին շրջանում օրակարգ բերված Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների մասին թեզին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Բաքուն չի ցանկանում բանակցել Ստեփանակերտի հետ Արցախի կարգավիճակի մասին. «Ցավում եմ նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ միջազգային մակարդակով բանակցություններ չեն ընթանում Արցախի կարգավիճակի շուրջ»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջև շփումներ կան սոցիալական, հումանիտար հարցերով։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք Արցախը համաձայն կլինի «ինքնավարության Ադրբեջանի կազմում»՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում։ Մենք կարող ենք լինել հարեւաններ, սակայն անկախության կարգավիճակը բանակցության առարկա չէ»։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը՝ դա անկախությունն է, եւ այդ իրավունքն ամրագրված է Արցախի Սահմանադրությամբ։

Հաջորդ հարցին առ այն, թե ինչո՞ւ Արցախը չի միավորովում Հայաստանի հետ, Արայիկ Հարությունյանը շեշտել է. «Հայաստանի հետ վերամիավորումը յուրաքանչյուր հայի եւ արցախցու երազանքն է, սակայն դա հնարավոր չէ միջազգային իրավունքի տեսանկյունից»։