«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուշիի մշակութային արժեքները Երեւանում

11/05/2021

Մայիսի 10-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի նախաձեռնությամբ մեծ ցուցասրահում տեղի ունեցավ Շուշիի հայկական տպագրության նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,գրադարանային ոլորտի մասնագետներ՝մասնակցելու այս յուրօրինակ ցուցադրությանը,որտեղ ներկայացված էին Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Շուշիի հրատարակությունները`մասնավորապես՝տպագրված գրքերից և պարբերական մամուլից օրինակներ, որոնք պահվում են Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում։Ցուցադրությունն առանձնացված գրականությունը ներկայացված էր ըստ տպարանների՝ ժամանակագրական կարգով։Այս գեղեցիկ ցուցադրության հետ ծանոթացրեց սիրված գրքօջախի անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Արմինե Մկրտչյանը՝ խոսելով Շուշիի տպարանների գործունեության մասին:Նա այնպիսի գեղեցիկ ձևով ներկայացրեց հավաքածուն,կարծես լիներ այդ ժամանակաշրջանի խոսուն վկան,բոլորին տեղափոխելով անհիշելի ու պատմական ժամանակներ:

Մասնավորպես նա  անդրադարձ կատարեց Ավգուստ Դիտրիխ և Ֆելիցիա Զարեմբա /Բողոքական միսիոներների/ տպարանին, որը գործել է 1827թ. մինչև 1833թ-ը, Սրբազան մետրոպոլիտի Բաղդասարի տպարանին, որը կոչվել է նաև Ս.Էջմիածնի այնուհետև Հայոց հոգևոր տեսչության, Ղարաբաղի հոգևոր թեմի, Հայոց հոգևոր վարչության, Հայոց հոգևոր դպրոց և գործել է 1837-1902թթ.։Ցուցադրությանը առանձնակի տեղ էր զբաղեցնում 1881 թվականին Շուշիում բացված «Միրզաջան Մահտեսի Հակոբյանի» տպարանի հրատարակությունների հատվածը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հրատարակել է մեծ քանակությամբ գեղարվեստական ու պատմագիտական գրականություն, դպրոցական ձեռնարկներ ու դասագրքեր, թերթեր ու ամսագրեր: Առաջին անգամ առանձին գրքով այստեղ են լույս տեսել Րաֆֆու «Խենթը», Լեոյի «Վե՞պ թե պատմություն», «Վահան Մամիկոնյան», «Իմ հիշատակարանը», Ա. Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արվեստը» արժեքավոր երկերը: Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն»/1893թ./, Ա. Դոդեի, Ջ. Դրեպերի և այլոց գործերը։1912-ին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Թեոդիկը Կ. Պոլսում հրատարակվել է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը: 1912թ. Կոստանդնուպոլսում հրատարակված Թեոդիկի «Տիպ ու տառ» ուշագրավ ուսումնասիրությունը ևս որոշ փաստեր է պարունակում Շուշիի տպագրական գործի և տպարանների մասին: «...ՇՈՒՇԻ առաջին անգամ տպագրական գործունէութիւն ունեցած են ԲՈՂՈՔԱԿԱՆ ՄԻՍԻՕՆԱՐՔ...»,- նշում է Թեոդիկը։1905 թվականից հետո Շուշիում գործել են Բագրատ Տեր Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեությունն ընդհատվել է 1920 թվականին։ Այդ ժամանակամիջոցում հրատարակվել են բազմաթիվ գրքեր: Իսկ 1874 թվականից սկսած մինչև 1920 թվականի մարտը Շուշիում լույս է տեսել 2 տասնյակից ավելի անուն թերթ և հանդես, որոնցից միայն 3-ը՝ ռուսերեն: Շուշիում լույս տեսած առաջին պարբերականը «Հայկական աշխարհն» էր, որն անջնջելի հետք է թողել մեր պարբերական մամուլի պատմության մեջ: Օգտավետ նախաձեռնությունների հետևորդներ դարձան արցախյան հետագա պարբերականները՝ «Հայկական հանդեսը» 1896-1916, «Ղարաբաղ» 1911-1912, «Միություն» 1913, «Միրաժ» 1913-1917, «Փայլակ» 1915- 1917, «Ծիածան» 1916, «Պայքար» 1916, «Նեցուկ» 1917, «Եռանդ» 1917, «Աշակերտ» 1917, «Ապառաժ» 1917, «Սրինգ» 1917, «Ղարաբաղի սուրհանդակ» 1919, «Արցախ» 1919, «Նոր կյանք» 1919, «Գյուղացիական կոմունա» 1920 և այլ պարբերականներ:

Շուշիի գրահրատարակչական գործունեության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել ե.գ.թ. Կարինե Ղուլյանի «Շուշիի տպագրության զարգացման պատմությունից» հոդվածը։Վերջում տեղի ունեցավ քննարկում հարց ու պատասխանի ջերմ մթնոլորտում,որտեղ օրվա բանախոսը պատասխանեց ներկաների հուզող հարցերին

Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը»հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։

1827 թ. բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։ Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից, Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։19-րդ դարում, ընդհանուր առմամբ, 139 գիրք է տպագրվել Շուշիի 8 տպարանում, ինչը վկայում է Շուշիի մշակութային, հոգևոր կյանքի բարձր մակարդակի մասին: Այս գրքերն այսօր գտնվում են աշխարհի տարբեր երկրների գրադարաններում։

1928 թվականին Շուշիում տպագրված առաջին գիրքը «Պատմութիւն Սուրբ գրոց»-ը, պահվում է Հայաստանի ազգային գրադարանում և ցուցադրվում Գրատպության թանգարանի՝ Հայ գրատպության առաջնեկները սրահում։Իսկ գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Հայաստանի ազգային գրադարանի «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում։ Մինչև 1920 թ. Շուշիում լույս է տեսել 22 անուն լրագիր ու հանդես, որից 2 անունը՝ ռուսերեն «Шушинский листок» ( 1911 թ.), «Шушинская жизнь» (1913-1914 թթ.)։ Շուշիի մամուլի առաջին անունը 1874 թ. «Հայկական աշխարհ» հանդեսն է։ Հետագայում տպագրվել են «Քնար խոսնակ» (1881 թ.), «Գործ» (1882-1984 թթ.), «Ծիածան» (1886 թ.), «Աշակերտական թերթ» (1896-1897 թթ.), «Ազգագրական հանդես» (1896-1916 թթ.), «Կռունկ» (1898-1900 թթ.) «Ղարաբաղ» (1911-1912 թթ.), «Աշակերտ» (1913 թ.), «Միություն», «Միրաժ» (երկուսն էլ՝ 1913-1917 թթ.), «Ղարաբաղի ձայն» (1915 թ.), «Փայլակ», «Պայքար» (երկուսն էլ՝ 1915 – 1917 թթ.), «Նեցուկ», «Սրինգ», «Եռանդ» (երեքն էլ՝ 1917 թ.), «Ապառաժ» (1917 – 1919 թթ.), «Արցախ» (1919 թ.), «Գյուղացիական կոմունա» (1920 թ.) պարբերականները։

Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջից