
«ՍԱՐՍԱՓԵԼԻ» ԳԱՂՏՆԻՔ ԵՄ ԲԱՑՈՒՄ. ՀՀ-ԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐԱՆՈՑ ԶՈՐԱԽՈՒՄԲ ԿԼԻՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ. ԳՈՐԴՈՆ
ՆԱՏՕ-ի 170 հազարանոց զինվորական զորախումբը կմտնի Ուկրաինա. մի քանի հազարը լինելու է Հայաստանից։ Նման աղմկահարույց պնդում է արել ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը։
Խոսելով պատերազմի ելքի հեռանկարների մասին՝ լրագրողը նշել է, որ փոխզիջում կլինի և վստահեցրել՝ Կիևը չեն ստիպի զիջել իր տարածքներից որևէ մեկը:
«Նախ Ուկրաինան պետք է թողնի այդ տարածքները օկուպացված, բայց ոչ ոք չի ճանաչում այդ տարածքները որպես ռուսական, իսկ երկրորդը՝ ՆԱՏՕ-ի երկրներից զորքերն անպայման կմտնեն ուկրաինական տարածք»:
Գորդոնի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարևոր հանդիպում կանցկացնի եվրոպական երկրների ղեկավարների հետ, որոնց հետ կքննարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի՝ Ուկրաինայի տարածք մուտք գործելու գործընթացը։
«Ոչ թե 40 հազար, ինչպես ասվում է, այլ 150 հազար, կամ նույնիսկ 170 հազար զինծառայողներ կմտնեն Ուկրաինայի տարածք և կտեղակայվեն մարտական շփման գծում, բայց դա կլինի միայն պայմանագրի կնքումից հետո: Դրանք կլինեն զորախմբեր Ֆրանսիայից, որը հանդիսանում է այս գործողության նախաձեռնողը՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեդիայից և Ֆինլանդիայից։
Բացառված չէ նաև Հայաստանի մասնակցությունը, քանի որ նախագահ Մակրոնն արդեն դիմել է Նիկոլ Փաշինյանին, և վերջինս դրական է պատասխանել: «Սարսափելի գաղտնիք» եմ բացում, բացառված չէ, որ մի քանի հազար զինվորական կժամանի Հայաստանից», - պնդել է Գորդոնը:
«Հրապարակ օրաթերթ»