«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սոթքի հանքավայրը կիսվում է օլիգարխիայի եռակողմ պայմանավորվածությա՞ն արդյունքում

30/11/2020

Սոթքի հանքի կեսը պատկանում է մեզ, կեսը՝ ադրբեջանցիներին։ Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը։ Այս հայտարարությունը եղավ այն աղմուկից հետո, երբ պարզվեց, որ ադրբեջանցի զինծառայողները մտել են Սոթքի տարածաշրջան, մասնավորապես Սոթքի հանքավայր, և սահմանագծում  է իրականացվում։

Այնուհետև եղավ ՊՆ-ի պարզաբանումը, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 25-ից պետք է անցներ  Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

Այս պարզաբանումից հետո եղան մեկնաբանություններ, թե նոր սահմանագոտու պատճառով հնարավոր է հանքավայրն այլևս չշահագործվի, որը կարող է հսկայական տնտեսական վնաս հասցնել Հայաստանին, քանի որ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուներից է։

«Սոթքի հանքի շահագործման հնարավոր կասեցումը հանգեցնելու է նաև բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջացման։ Բացի նրանից, որ հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը։ Միաժամանակ պարալիզացման վտանգի տակ է հայտնվում նաև «Հարավկովկասյան երկաթուղին», որի բեռնաշրջանառության ամբողջ ծավալի ավելի քան 50%-ն ապահովվում է Սոթքից Արարատ իրականացվող հանքաքարի փոխադրման շնորհիվ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ և տրանսպորտային ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ այո, հանքավայրի չշահագործումը կամ ոչ ամբողջական շահագործումը  կունենա տնտեսական վատ հետևանքներ, կորուստները մեծ կլինեն, չնայած նրան, որ այս տարիներին էլ ոսկու հսկայական ծավալներ են արդյունահանվել, թալան է իրականացվել, և ոչ լիարժեք հարկային վճարումներ են կատարվել: «Դա նաև մեծ հարված կհասցնի մեր ոսկու պաշարներին, մեր տնտեսության հարկային եկամուտներին։ Պատերազմի հետևանքը տնտեսական առումով շատ բացասական է լինելու»,- ասաց Արիստակեսյանը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է, թե ով է այդ հանքի սեփականատերը: «Ասում են, որ ռուսական է, բայց մենք տեղեկատվություն ունենք այն մասին, որ դա կոռուպցիոն սխեմաներով սեփականաշնորհված նախկին ռեժիմի սեփականությունն է՝ գնված ռուսական ընկերության կողմից։ Ակնհայտ է, որ քրեաօլիգարխիկ համակարգի մեր նախկին ներկայացուցիչների սեփականությունն է։ Ավելին՝ ես կարող եմ մտածել, որ այդ սեփականատերերի կամքով է, որ իրականացվեց այս գործարքը, որը կարող է լինել պատերազմի շատ թաքուն  կողմերից, պայմանավորվածություններից մեկը։ Ինչու չէ՝ դա կարող է լինել եռակողմ պայմանավորվածություն՝ եռակողմ օլիգարխիայի, սեփականատերերի  մասնակցությամբ պայմանավորվածություն։ Այս կոնտեքստում հիմա մենք պետք է մտահոգ լինենք նաև Սյունիքում նույն ընկերության կողմից շահագործվող մյուս  հանքավայրերի համար։ Չի բացառվում, որ նույն վտանգը առաջանա նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի հետ։ Էլ չենք խոսում Դրմբոի մասին, որը մնաց Արցախում։ Սա ռեսուրսների պայքար էր, քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների համագործակցության արդյունք, սեփականության բաշխման արդյունք ի հաշիվ մեր զինվորների արյան, մեր երկրի պետականության կորստի, սուվերենության կորստի»,- ընդգծեց Արիստակեսյանը։

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը: Ընկերությունը ռուս սեփականատերերի ձեռքում Է: Խոշոր բաժնետերը մեծահարուստ Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։
 

1in.am