«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅԱՍՏԱՆ –ԱՄՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ.Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

28/05/2022

Հայաստանի մեդիա դաշտում, հետազոտական կենտրոններում և քաղաքագիտական քննարկումներում արդեն տևական ժամանակ ընթանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ հարավկովկասյան տարածաշրջանի, մասնավորապես նաև Հայաստանի կարևորության մասին դիսկուրսը: Կա տեսակետ, որ ամերիկյան պետությունն այստեղ շահեր չունի: Կա և հակառակ տեսակետը: Իսկ իրականում ինչպիսին են քաղաքական  զարգացումները, ինչ գործոններ են ազդում դրանց ընթացքի վրա: 
Առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ հետխորհրդային պետություններում շարունակվում է քաղաքական համակարգերի կերպափոխման գործընթացը: Այնտեղ տեղի ունեցող բարդ ներքին գործընթացները կապված են նաև  արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայման հետ։ Դա հիմնականում վերաբերում է ինչպես ընդհանուր առմամբ Այսրկովկասի տարածաշրջանին, այնպես էլ Հայաստանին։ Այստեղի բոլոր երեք պետությունները ՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, հետաքրքրում են ԱՄՆ–ին, նախևառաջ մերձավորարևելյան խնդիների համատեքստում: Երեքն էլ  Իրանի հարևաններն են, որոնց հետ Վաշինգտոնն ունի 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո սկսված չլուծված բարդ խնդիրներ: Տարածաշրջանը կարևոր է նաև էներգետիկ անվտանգության, ՆԱՏՕ-ի ընդլայնման, սիրիական ճգնաժամի, ռուսական ազդեցության տարածման կանխման և մի քանի այլ խնդիրների լուծման ուղղությամբ ամերիկյան ռազմավարության հաջողության առումով, որոնք մեծապես որոշում են ԱՄՆ առաջնահերթությունները տարածաշրջանի պետությունների նկատմամբ։
Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները, որոնք հանգեցրին  իշխանափոխության, արևմտյան կենտրոններում որակվեցին որպես ավելի կայուն ժողովրդավարության հաստատման գերազանց հեռանկար:  Երկրի ներսում արմատական փոփոխությունների հետ կապված ծնվեց նաև նրա արտաքին քաղաքական ինքնադրսևորման փոփոխության հույսը։ Ավելի կոնկրետ, հույս ծնվեց, որ Հայաստանը կպոկվի Կրեմլի ազդեցության գոտուց: Նկատվեց հայկական ուղղությամբ ամերիկյան քաղաքականության նորացում: Այս տարի սկսված և դեռ չավարտված պատերազմը Ուկրաինայում նպաստեց ԱՄՆ-ի քաղաքականության ակտիվացմանը տարածաշրջանում, և մասնավորապես Հայաստանում: 
Կարդալով հայկական թավշյա հեղափոխության, 2018թ. դեկտեմբերյան, իսկ հետո նաև 2021 թ. արտահերթ ընտրությունների մասին վաշինգտոնյան արձագանքները, կարող ենք արձանագրել, որ օվկիանոսից այն կողմ ուշադիր հետևել  և հավանաբար համապատասխան հետևություններ են արել: Ընդհանուր առմամբ Այսրկովկասում և Հայաստանում Վաշինգտոնի քաղաքականության ակտիվացման մասին, մասնավորապես, վկայում է նաև իշխանության բարձրագույն էշելոններից ԱՄՆ պաշտոնյաների այցելությունների թվի աճը:  Հայաստան են այցելել ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանատու պաշտոնյա Ջորջ Քենթը և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, դեսպան Ռիչարդ Միլսը և այլն: Նախագահ Թրամփը շնորհավորական ուղերձ հղեց  Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրված Նիկոլ Փաշինյանին:  Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ՝ Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Սակայն առավել ուշագրավ իրադարձություն էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը, որը տեղի էր ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 25-ին՝ նրա կովկասյան շրջագայության շրջանակներում, որտեղ ներառված էին Այսրկովկասի բոլոր երեք երկրները։ Այցը կոչված էր գնահատելու նշանակալի  դերը, որը Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը խաղում են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, ինչը կանխորոշում է այդ տարածաշրջանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի հետաքրքրությունը:  2019 թ. մարտի 11-15-ը Հայաստանում կայացած ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում Երևան էր ժամանել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: 
Սովորաբար հայ-ամերիկյան քաղաքական, դիվանագիտական շփումները անկախության հռչակումից ի վեր, տեղի էին ունենում այս կամ այն միջազգային համաժողովներում և հիմնականում ղարաբաղյան խնդրի շուրջ: Երկու շաբաթ առաջ, մայիսի 2-ից 6-ը տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը ԱՄՆ, որի նպատակը արտաքուստ Արցախի շուրջ հակամարտությունը չէր, այլ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը: Ըստ մամուլում և այլ հրապարակումներում առկա պաշտոնական և այլ աղբյուրների  տեղեկատվության տեղի ունեցան բանակցություններ  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի, ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և ելույթ ամերիկյան հեղինակավոր «Atlantic Council» ուղեղային կենտրոնում։ Միրզոյանի և Բլինքենի բանակցությունների ավարտին ստորագրված  փասթաթուղթը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր էր: Հավելենք նաև, որ վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ներկա էր հայկական ժողովրդավարությանը նվիրված համաժողովին, որտեղ ելույթ ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանենք, որ ԱՄՆ միշտ էլ մարդասիրական մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին, ինչպես այժմ այնպես էլ նախկինում: Հիշենք Խորհրդային Հայաստանի առաջին վարչապետ Ալ. Մյասնիկյանի շնորհակալական նամակը ԱՄՆ նախագահ Հարդինգին: Սակայն մեր նկատմամբ ուշադրության առկայությունը թելադրված է աշխարհաքաղաքական որոշակի հանգամանքներով և առաջին հերթին հետխորհրդային տարածությունում ՌԴ ազդեցության գոտիների կրճատման և չեզոքցման ուղղությամբ ամերիկյան շահերի սպսարկմամբ:  Նախ Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որը ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, նրա տարածքում տեղակայված է Գյումրիի ռուսական ռազմակայանը, որը մեծ նշանակություն  ունի Մոսկվայի համար Կովկասում նրա ռազմավարական շահերի տեսանկյունից: Այս իրողությունը հակասում է ԱՄՆ-ի առավել գլոբալ քաղաքականությանը՝ աշխարհում թույլ չտալ ամերիկյան գերիշխանությանը այլընտրանք ռուսական ազդեցության վերականգնումը հետխորհրդային տարածաշրջանում, որը տարածվում է նաև Այսրկովկասի  վրա ։
Հաջորդ պատճառը մի քանի տարի առաջ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումն էր մերձկասպյան երկրների կողմից, որն  ըստ էության նվազեցնում է ԱՄՆ-ի ազդեցությունը Կասպից ծովի շրջանում, խանգարում մերձկասպյան շրջանում նրա էներգետիկ-տրանսպորտային ծրագրերի իրագործմանը: Բացի այդ հաշվի առնելով Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, որոնք ուղղված են եվրատլանտյան կառույցների հետ ինտեգրմանը և Ադրբեջանի պրոթուրքական դիրքորոշումը, ՌԴ-ից դեպի Արևմուտք Հայաստանի դրեյֆը կարող է լրջորեն փոխել տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը, ինչն անթույլատրելի է Մոսկվայի ռազմավարական շահերի տեսանկյունից ։ Ուստի, ակնհայտ է, որ այսօրվա Վաշինգտոնի մոտեցումը Երևանի նկատմամբ կփոխվի կովկասյան տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության ընդհանուր թարմացման շրջանակներում,  որովհետև  ԱՄՆ-ն հիմնական շեշտը դնում է տնտեսության զարգացման և անվտանգության ամրապնդման վրա, ինչը կարող է յուրօրինակ նախերգանք դառնալ Վաշինգտոնի շահերի ոլորտում Հայաստանի հետագա ներգրավման ճանապարհին։ Հաշվարկները կապված են նաև ԱՄՆ-ի ներդրումային առաջարկություններին Երևանի դրական արձագանքի հետ: 
Հույս կա, որ ներդրումային ծավալների մեծացումը կկրճատի ռուսական ազդեցությունը Հայաստանում, որի մասին հաճախ կարելի է ընթերցել վերլուծական հետազոտական կենտրոնների հրապարակումներում: Արևմտյան քաղաքական և քաղաքագիտական կենտրոններից եկող ազդակները ցույց են տալիս, որ բացառված չեն նաև սահմանափակումներ և հնարավոր պատժամիջոցներ, եթե նկատվի ռուսական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ վտանգավոր գործարքներ:
Ակնհայտ է, որ Թրամփի, ներկայումս նաև Բայդենի  վարչակազմերը հատուկ ուշադրություն են դարձնում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ձգտում է նվազագույնի հասցնել Իրանի դերը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև ընդհանրապես Կովկասում, այդ թվում Հայաստանում, հատկապես հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր սահմանի գոյությունը: Ընդ որում Երևանում գիտակցում են Թեհրանի նկատմամբ  Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը  նրա "վնասակար" քաղաքական վարքը փոխելու համար, միաժամանակ հասկանում են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցների անտեսումը կարող է Հայաստանի դեմ պատժամիջոցների հանգեցնել Վաշինգտոնի կողմից: Մյուս կողմից, ցամաքային շրջափակման պայմաններում, որտեղ ներկայումս գտնվում է Հայաստանը, Իրանը նրան ապահովում է ելք դեպի արտաքին աշխարհ, և երկու երկրներն էլ ամուր առևտրատնտեսական հարաբերություններ ունեն։ Ըստ երևույթին, այս պայմաններում  շատ դժվար կլինի այդ ուղղությամբ շարունակել  կոմպլեմենտար քաղաքականությունը, ապահովելով միաժամանակ և հայ-իրանական բնականոն հարաբերությունները, և բարեկամությունը ԱՄՆ-ի հետ: 
Մեկ կարևոր իրողություն ևս: Վաշինգտոնն անշուշտ շահագրգռված է հետխորհրդային երկրների սուվերենության ամրապնդմամբ: Կա ձգտում, նրանց  օժտել այնպիսի գործիքներով, որոնք թույլ կտան  ինքնիշխան որոշումներ կայացնել և վստահ լինել, որ նրանք չեն ենթարկվի ճնշման այլ երկրների կողմից, պարզ է որ նկատի ունեն Ռուսաստանին: Այս հանգամանքը վերաբերվում է նաև Հայաստանին: Այսպիսով, ակնհայտ է ԱՄՆ-ի ձգտումը գտնել այնպիսի լուծում, որի դեպքում Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան պետք է ամենասերտ կերպով կապված լինեն Արևմուտքի հետ, որպեսզի Ռուսաստանն ավելի քիչ հնարավորություններ ունենա Այսրկովկասի երկրների վրա "ճնշում գործադրելու" համար ։
Հատկանշական է, որ այս պայմաններում ուժերի հավասարակշռությունը պահպանելու Մոսկվայի ունակությունը, չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատմանը, աջակցություն է գտնում Արևմուտքի մոտ:  Հավանաբար լավ գիտակցում են Մոսկվայի առանձնահատուկ դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Բացի այդ, Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը հիմնված կոմպլեմենտարիզմի կամ  փոխլրացման  սկզբունքների վրա առանձնակի քննադատության չի ենթարկվում ամերիկյան իշխանությունների կողմից: Հայաստանում բոլոր իշխանությունների օրոք էլ ձգտել են հավասարակշռել բոլոր արտաքին ուժերը՝ չհակադրելով դրանք միմյանց,  որը ենթադրում է ազատ և անսահմանափակ մասնակցություն միջազգային և տարածաշրջանային կառույցներում:  Սակայն այդ կուրսը ողջամիտ սահմաններ ունի և դա Հայաստանում շատ լավ հասկանում են։ Հասկանում են նաև, որ թիվ մեկ խնդիրը հայկական պետության համար անվտանգությունն է, հանգամանք, որը դեռ տևական ժամանակ հնարավորություն չի տալու վարել բացառապես պրագմատիկ շահերի վրա հիմնված արտաքին քաղաքակնություն։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am