«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արարատի մարզի Շահումյան համայնքում ապօրինի ջերմոցներ են հայտնաբերվել. տեսչական մարմինը դիմել է դատախազություն

23/09/2020

ՀՀ ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020 թ. օգոստոս ամսին ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Շահումյան համայնքում։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի՝ սխալ է կազմված համայնքի հողային հաշվեկշիռը, որը հետագայում դառնում է մարզի և այնուհետ՝ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։

Շահումյան համայնքում «Սպայկա» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 13,78203 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական  նպատակային նշանակության հողամասերում՝ առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել և գործում են արտադրական նշանակության շինություններ (ջերմոցներ)։

«ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող՝ 33,0848 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասում՝ առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է ջերմոցներ և շինություններ։ Համայնքի ղեկավարի 05.10.2015 թ.  որոշումով, հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները, փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքի, և 06.10.2015 թ. տրվել է շինթույլտվություն։ Սակայն վերոնշյալ ջերմոցը կառուցված է եղել մինչ այդ՝ դեռևս 29.07.2015 թվականին, ըստ Google տիեզերական լուսանկարի և ըստ «ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 15.04.2015 թ. անշարժ գույքի  նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի։

Բացի դրանից՝ վերոնշյալ ջերմոցները կառուցված են համայնքային ճանապարհի վրա, որն ըստ ՀՀ կառավարության 15.12.2005 թ. «ՀՀ Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող  հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N2360-Ն որոշման հավելված N 4-ի էջ 7-ի՝  համարվում է չմասնավորեցվող փողոց և հրապարակ։

«ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող՝ 21,1649 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասում կառուցվել են ջերմոցներ և շինություններ։ Չնայած այն հանգամանքին, որ ջերմոցները գործող են «ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 25.12.2018 թ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում դեռևս որպես շինություն գրանցված գույք առկա չէ։ Վերոնշյալ ջերմոցները և շինությունների մի մասը նույնպես կառուցված են համայնքային ճանապարհի վրա և համարվում են չմասնավորեցվող փողոց և հրապարակ։

Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։