«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

29/05/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Կարելի է ցավով արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը 2022թ. սեպտեմբերյան ռազմական իրադարձություններից հետո ոչ մի լուրջ ձեռքբերում չի ունեցել:

1. Փորձ է արել փոխել արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Արևմուտք, որի արդյունքում միայն դատապարտող հայտարարություններ են եղել, որոնք հիմնականում վերաբերել են երկու կողմին:

2. Փորձ է արվել հայ - ադրբեջանական կոնֆլիկտի լուծման բանալին տեսնել Վաշինգտոնում և Բրյուսելում, բայց այն ավելի է սրվել և ի վնաս Հայաստանի: Հայ - ադրբեջանական սահման գործուղված դիտորդական առաքելությունը ոչ մի դրական արդյունք չի ունեցել: Նրա ներկայությամբ շարունակվել են դիվերսիոն փորձերը, ՀՀ ինքնուրույն տարածք ներխուժումները:

3. Փակվել է Լաչինի միջանցքը, որը բացելու համար զրոյական արդյունք են տվել ՄԱԿ-ի բանաձևերը, Հաագայի դատարանի վճիռը:

4. Տեղ գյուղի մոտ հսկիր մաքսակետի տեղադրմամբ Արցախը վերջնականապես տարանջատվել է Հայաստանից, Ադրբեջանը բռնությամբ այստեղ իրականացրել է սահմանազատում:

4. Հակառակ նոյեմբերյան համաձայնագրի կետերի, որոնցում Արցախի ապագան դեռ անորոշ է, Ադրբեջանն Արցախն համարում է իր անբաժանելի իսկ ընդամենը մայիսի 28 -ին նրա առաջնորդը վերջնագրային տեսքով պահանջեց Արցախի նախագահին հանձնվել իրեն,նախարարներին`դնել պորտֆելները, որից հետո կիրականացնի համաներում: Նա արդեն նույնիսկ հրաժարվում է երկխոսությունից և իր պահանջների չկատարման դեպքում սպառնում դիմել այլ միջոցների: Եվ սա այն դեպքում, երբ օրեր առաջ նա և ՀՀ վարչապետը Բրյուսելում հայտարարությամբ ճանաչեցին միմյանց անկախությունը, ընդ որում Ադրբեջանի սահմաներում էր դիտարկվում նաև Արցախը:

Ալիևը փաստորեն,ինչը ակնարկեց և Փաշինյանը, հրաժարվեց Բրյուսելյան պայնանավորվածությունից, որը նշանակում է, որ դիվանագիտության մեջ հապաղել պետք չէ:

Այսպիսով մեր արտաքին դիվանագիտական ճակատը խորը ճեղքում է ապրում, մեր արտաքին քաղաքականությունը տանուլ է տալիս: Դրա փոխարեն մենք փոքրիկ հաջողություններ ենք գրանցել սահմանային ընդհարումներում, անցյալ տարի Ջերմուկում,վերջերս Սոթքում: Սա նշանակում է, որ ամբողջ ջանքերը պետք է կենտրոնցնել միայն այս ուղղությամբ: Մեր արտաքին քաղաքականությունը հաջողություններ կսկսի գրանցել միայն ռազմի դաշտում չընկրկելու դեպքում:

Չենք ուզում մարգարեանալ,բայց ընդամենը մի քանի օր անցավ մեր այն տեսակետի հայտնելուց հետո,որ խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվելու: Դա հաստատեց ինքը` վարչապետը, հայտարարելով Քիշինևում դրա կնքելու փաստացի անհնարության մասին:

Մեծ տերությունները դեռ պայմանագիր թույլ չեն տալու: