Իրանցի փորձագետը Վենսի այցի և տարածաշրջանային մրցակցության մասին
Կովկասյան հարցերով իրանցի փորձագետ Համեդ Խոսրոշահին անդրադարձել է Վենսի տարածաշրջանային այցի նշանակությանը՝ այն դիտարկելով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև խաղաղության գործընթացից հետո ձևավորված նոր քաղաքական միջավայրի համատեքստում։ Նրա գնահատմամբ՝ այցը կապված է ոչ միայն քաղաքական օրակարգի, այլև տնտեսական նախագծերի հետ։ Խոսրոշահին նշել է, որ համաձայնագրի շրջանակում քննարկվել է «Արաքսի հյուսիսային միջանցքը», որը Բաքուն ներկայացնում է որպես «Զանգեզուրի միջանցք», իսկ որոշ շրջանակներում շրջանառվում է «Թրամփի միջանցք» ձևակերպումը։ Միևնույն ժամանակ, Երևանում խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ հայտարարության ստորագրումը, նրա կարծիքով, տեղավորվում է Հայաստանի դիվերսիֆիկացման ռազմավարության մեջ՝ նպատակ ունենալով դուրս գալ անվտանգային և էներգետիկ սահմանափակ մոդելից ու աստիճանաբար նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։
Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց՝ հաղորդակցային նախագծերը կապելով ամերիկյան քաղաքական և անվտանգային հովանու հետ։ Մոսկվայի արձագանքը, ըստ նրա, ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի պատրաստվում զիջել իր ազդեցությունը, և մրցակցությունը տեղափոխվում է տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտ։ Խոսրոշահին չի բացառել, որ ամերիկյան նախագծային մոտեցման ամրապնդման դեպքում տարանցիկ մրցակցության մի մասը կարող է տեղափոխվել այնպիսի ուղիներ, որոնք շրջանցում են Իրանը և Ռուսաստանը։ Բացի այդ, եթե ԱՄՆ-Հայաստան միջուկային համագործակցությունը գործնական փուլ մտնի, հնարավոր է նվազի Հայաստանի կախվածությունը իրանական գազից, իսկ Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունների խորացումը կարող է Ադրբեջանի որոշումները առավել սերտորեն կապել ԱՄՆ քաղաքականության հետ՝ տարածաշրջանային լարվածություններին հաղորդելով ավելի միջազգային և ծախսատար բնույթ։