Հինգշաբթի, Հունվարի 21, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ամենաերկարակյաց օլիմպիական չեմպիոնը 100 տարեկան է

13/01/2021 22

Ծննդյան հարյուրամյակն է նշում ամենաերկարակյաց օլիմպիական չեմպիոնը՝ Ագնեշ Կելետին։ Ծագումով հրեա, բայց ամբողջ կյանքում Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկած Ագգին, ինչպես նրան սիրում են անվանել, իր առաջին ոսկե մեդալը նվաճել է հեռավոր 1952 թվականի Հելսինկիի Օլիմպիական խաղերում։

Ագնեշ Կելետիի կյանքի ճանապարհը անասելի դժվարությունների հաղթահարման պատմություն է։ Նա հոլոքոսթը վերապրած հրեաների ընտանիքից է, որը շարունակեց մնալ հին աշխարհամասում ու դեռ ավելին։ Ագնեշը իր մեջ ուժ գտավ 1940 թվականին չեղարկված Օլիմպիական խաղերից ու հունգարական գյուղական բնակավայրերից մեկում կեղծ անվան տակ թաքնվելուց հետո վերադառնալ մանկուց սիրած մարզաձևին՝ սպորտային մարմնամարզությանը։

Ծննդյան տոնի ժամանակ Ագնեշ Կելետին խոստովանել է, որ կյանքի հարյուր տարիներն իրեն թվում են առավելագույնը վաթսուն։

Հարյուրամյա մարմնամարզիկը խոստովանում է, որ մարզաձևի նկատմամբ սերը պայմանավորված էր նաև ճանապարհորդելու հնարավորությամբ, որը տալիս էր Հունգարիայի ազգային հավաքականի մասնիկ լինելը։ Նա սպորտային մարմնամարզության ամենահաջողակ ներկայացուցիչներից է․ բազմամարտիկը ընդհանուր առմամբ նվաճել է օլիմպիական խաղերի հինգ ոսկե, երեք արծաթ ու երկու բրոնզե մեդալ։

Նա 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ամենաշատ մեդալ նվաճած մարզիկն է։ Ագնեշ Կելետիի հաջողության շրջանը համընկնում են նաև հայկական սպորտային մարմնամարզության վերելքի տարիների հետ, որոնք գրանցել են Հրանտ Շահինյանն ու Ալբերտ Ազարյանը։ Նրանք այդ նույն օլիմպիական խաղերում նվաճել են ընդհանուր վեց մեդալ, որոնցից չորսը՝ ոսկե։

Ագգիի կյանքի դժվարությունները անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո չվերջացան։ Հունգարիա մտած խորհրդային բանակը ու բռնաճնշումները անհնարին դարձրին Ագնեշ Կելետիի կյանքն անգամ հայրենիքում։ Նա ստիպված էր տեղափոխվել Ավստրալիա, հետո արդեն հնարավորություն եղավ աշխատելու Իսրայելի սպորտային մարմնամարզության հավաքականում։

Այդուհանդերձ, վերադառնալ հայրենիք նա կարողացավ, սակայն միայն 2015 թվականին, որտեղ նա արժանացել է Հունգարիայի ազգային աթլետ կոչմանը։ Ագնեշ Կելետին Օլիմպիական խաղերում ծագումով հրեա ամենահաջողակ մարզիկներից է։

Հեղինակ՝ Գևորգ Ղազարյան