«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատարանը ընդամենը պարտավորեցվել է նախապատրաստել նյութեր, ոչ թե քրեական գործ հարուցել. ՀՔԾ

24/09/2020

Հատուկ քննչական ծառայությունն այսօր պարզաբանում է տարածել՝ հայտնելով. «Որոշ լրատվամիջոցներ, հավատարիմ մնալով ապատեղեկատվություն տարածելու իրենց գործելաոճին, դարձյալ շարունակում են միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը ոչ հավաստի և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով: Մասնավորապես` «Փաստ» օրաթերթի` «Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրեական գործ` պաշտոնեական կեղծիքով» վերտառությամբ այսօրվա հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում հայտնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտը որևէ առնչություն չունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով կայացված`քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված բողոքի հետ: Նշված բողոքը քննվում է այլ դատավորի վարույթում: Տաթևիկ Գրիգորյանի վարույթում քննվել է Ա. Ղազինյանի բողոքը իր մեկ այլ հաղորդման հիման վրա նյութեր չնախապատրաստելու վերաբերյալ: Դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնին ընդամենը պարտավորեցվել է նախապատրաստել նյութեր` քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար: Այսինքն` դատարանի որոշումը վերաբերում է դիմումը քննարկելու ընթացակարգին, և նշված որոշումը Ա. Ղազինյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք չէ:

Այսպիսով, նման անհարմար իրավիճակներում չհայտնվելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս տեղեկատվության հավաստիության վերաբերյալ նախապես պարզաբանումներ ստանալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից»: