«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ–ն ամեն ինչ անում է, որ նվազագույնի հասցնի հայ–ադրբեջանական կրակի վրա յուղ լցնելը

09/08/2020

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով «Իմաստների տարածք 2020» համառուսաստանյան կրթական համաժողովում, հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, անշուշտ, այդ երկու երկրների գործն է ։ Բայց Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ միջնորդական խմբի անդամ, իհարկե, ամեն ինչ անում է, որպեսզի որպես միջնորդ և որպես երկիր, որը սերտորեն կապված է այդ երկու պետությունների հետ, նվազագույնի հասցնի ինչ-որ մեկի կողմից մարող կրակի վրա յուղ լցնելը»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։